Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացի լրագրողին հանդիպելու համար
Պաշտոնական Բեռլինը դիմել է Թուրքիային ձերբակալված գերմանացուն հանդիպելու հարցով:
Ինչպես հաղորդում է Գերմանիայի լրատվական գործակալությունը՝ Բեռլինի կառավարությունը Թուրքիային կոչ է արել հնարավորություն ստեղծել Ստամբուլում ձերբակալված գերմանացի լրագրող Մեսալա Թոլուի հետ հանդիպելու համար:
Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակ Մարտին Շեֆերն ասել է«Etha լրատվական գործակալության համար աշխատող լրագրողն ապրիլի 30-ին ձերբակալվել է, իսկ մայիսի 6-ին կալանավորվել, ինչի մասին թուրքական իշխանությունները չեն տեղեկացրել Գերմանիայի ԱԳՆ-ին, ինչը ցավալի է»:
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք ինտենսիվորեն աշխատում ենք, փորձում ենք բոլոր նախատեսված միջոցներով հասնել տիկին Թոլուի հետ հանդիպման»․ ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Գերմանիայի լրագրողների ասոցիացիան ևս մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ:
Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատում է Ստամբուլում գերմանացի լրագրող և թարգմանիչ Մեսալա Թոլուի ձերբակալության մասին հաղորդագրությունները: Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: