Գերմանիան դեմ է 2018թ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն. Die Welt
https://parstoday.ir/hy/news/world-i63348-Գերմանիան_դեմ_է_2018թ._ՆԱՏՕ_ի_գագաթնաժողովը_Թուրքիայում_անցկացնելուն._die_welt
ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել 2018 թվականին դաշինքի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Die Welt-ը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 31, 2017 11:00 Asia/Tehran
  • Գերմանիան դեմ է 2018թ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն. Die Welt

ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել 2018 թվականին դաշինքի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Die Welt-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ 2016 թվականի հուլիսին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է հաջորդ երկու տարիներին 28 անդամ-պետությունների հանդիպումներն անցկացնել Ստամբուլում։ Չնայած այդ հարցի շուրջ պաշտոնական որոշում չի կայացվել, ենթադրվել է, թե հրավերն ընդունված է։ Սակայն այժմ, ըստ Die Welt-ի, ամեն ինչ կտրուկ կփոխվի։

«Մենք չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն սատարում է թուրքական կառավարության ներքին քաղաքականությունը»,- պարբերականը մեջբերում է իրադրությանը ծանոթ պաշտոնյայի խոսքը։ Նշված երկրները հաջորդ տարի Բրյուսելում հանդիպում կկազմակերպեն. Բելգիան գագաթնաժողովն իր տարածքում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։

Պարբերականը հավելում է, որ հարցի շուրջ պաշտոնական որոշումը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա հունիսին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

news.am