WSJ․Ծովում ԱՄՆ-ի համար սպառնալիքներն աճում են
https://parstoday.ir/hy/news/world-i63820-wsj_Ծովում_ԱՄՆ_ի_համար_սպառնալիքներն_աճում_են
ԽՍՀՄ-ի փլուզումից ու դրա հետ կապված խորհրդային նավատորմի թուլացումից հետո «թվում էր, թե օվկիանոսները դեռ տասնյակ տարիներ մնալու են ամերիկյան հսկայական լճեր», նշում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, պաշտոնանկ ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 04:29 Asia/Tehran
  • WSJ․Ծովում ԱՄՆ-ի համար սպառնալիքներն աճում են

ԽՍՀՄ-ի փլուզումից ու դրա հետ կապված խորհրդային նավատորմի թուլացումից հետո «թվում էր, թե օվկիանոսները դեռ տասնյակ տարիներ մնալու են ամերիկյան հսկայական լճեր», նշում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, պաշտոնանկ ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։

«Հիմա այս դարաշրջանը մոտեցել է ավարտին,- ասվում է հոդվածում,- Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը կտրուկ զարգացնում են իրենց ռազմածովային ոլորտը։ Ռուսները վերականգնում են իրենց ռազմածովային ակտիվները ու խորամանկ ռազմավարական ընտրություն կատարում դրանց վերաբերյալ, մինչդեռ Չինաստանը ներծծում է ու կիրառում է ամենաթարմ տեխնոլոգիաները ՝ մեծամասամբ գողացված, որպեսզի նկատելիորեն բարելավի իր աճող նավատորմը»,- ասվում է հոդվածում։

Մինչեւ 2020 թ․ ռուսները կառուցելու են 100 նոր նավ, որոնք համադրելի են ամերիկյան նավատորմի լավագույն նավերի հետ,- նշում է Ստավրիդիսը,- Դրանցից գրեթե 20-ը ուղարկվելու են Սեւ ծովի ջրեր ու կառավարվելու են գերազանցաբար ռազմածովային բազայից, որը ռուսները բռնազավթել են Ղրիմի հետ միասին 2014-ին։ Նրանց գործողությունները Սիրիայում, որոնք վերջին տարիներին Միջերկրական ծովից են իրականացվում, ցույց են տալիս, որ նրանք գիտեն, թե ինչպես արդյունավետորեն օգտագործեն իրենց նոր ակտիվները»։

«Պուտինի օրոք ռուսները բաց ծովը վերածում են իսկական առճակատման գոտու։ Միջազգային ջրերում, օրինակ Սեւ ու ԲԱլթիկ ծովերում, ռուսական նավերն ու օդանավերը խաղում են ոչ պրոֆեսիոնալ գերարագ խաղ՝ մեր էսմինեցների ու օդանավերի հետ։ Ժամանակի հարց է, թե երբ վրիպումը կհանգեցնի նավի հրկիզման կամ օդանավի խոցման ու դրա հետեւանքով՝ լուրջ միջազգային միջադեպի»,- գրում է պաշտոնանկ ծովակալը։

Չինաստանի նկրտումները սահմանափակված են Հարավ- չինական ու Արեւելաչինական ծովերով, սակայն այնտեղ նա ոչ ողջամիտ քայլեր է անում։ Չինաստանը հավակնում է ինքնիշխանւթյան ամբողջ Հարավ- չինական ծովում ու պայքարում ճապոնական նավերի ու օդանավերի դեմ, որոնք ապահովում են հսկողություն Սենկակու կղզիների նկատմամբ։

«Հասկանալի է, որ եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը մտադիր են մարտահրավեր նետել ԱՄՆ-ին ծովում։ Հարցն այն է, թե մենք ինչ ենք անելու այդ կապակցությամբ»,- ասվում է հոդվածում։

«Նախ մեզ ավելի շատ նավեր են պետք»,- նշում է Ստավրիդիսը։

«Մենք պետք է շատ ավելին անենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ,- շարունակում է նա,- ՆԱՏՕ-ն հարյուրավոր լուրջ օվկիանոսային նավեր ունի, բայց մեր համատեղ զորավարժությունները արդեն սպառել են իրենց։ Ասիայում ճապոնացիները, հարավկորեացիները, ավստրալացիները, նոր զելանդացիներն ու մյուսները ունեն իրական ռազմածովային ներուժ, սակայն մենք պետք է ավելի ռազմավարական ձեւով միավորենք այդ բոլոր ուժերը»։ «Մեզ պետք են ավելի շատ անօդաչու օդանավեր ու սուզանավեր, ավելի առաջադեմ պաշտպանական հնարավորություններ թեւավոր հրթիռների ու կիբերպատերազմների դեմ, նաեւ ճշգրիտ նշանառության թեւավոր հրթիռների ավելի զգալի պաշարներ»,- ասվում է հոդվածում։

«Վերջապես, մենք պետք է հիշենք, որ միջուկային զսպման մեր գլխավոր ռազմավարական միջոցը ծովում է գտնվում՝ աննկատ սուզանավերի վրա տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեւով։ Այդ ՝ արդեն հնացող կառուցվածքի վերանայումը պետք է դառնա ազգային առաջնայնություն»,- կարծում է Սթավրիդիսը։

News.am