Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ ազդարարեց ԱՄՆ-ին
Գերմանիայի կանցլերն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ եթե գերմանական ընկերությունները տուժեն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, Բեռլինը պատասխան քայլի կդիմի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ստեֆան Զիբերթն ուրբաթ գիշեր ասել է. «Հնարավոր է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները վնաս պատճառեն եվրոպական ընկերություններին»:
Բեռլինին մտահոգում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խոչընդոտել «Նորթսթրիմ 2» ռուսական նախագծին գերմանական ու եվրոպական ընկերությունների մասնակցությանը:
«Նորթսթրիմ 2» նախագծով, Ռուսաստանը շրջանցելով Ուկրաինան, նպատակ ունի Բալթիկ ծովի հատակից անցնող խողովակագիծ կառուցելով, բնական գազը սպառման համար Գերմանիա հասցնել:
ԱՄՆ-ի Սենատը նախօրեին մի նախագիծ վավերացրեց, որն Իրանի ու Ռուսաստանի դեմ նոր շրջափակումներ է սահմանում:
Ի դեպ, «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լոդերիանն ուրբաթ օրն արձագանքելով ԱՄՆ-ի Սենատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վավերացմանն, ասել է. «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելուց առաջ Վաշինգտոնն այդ մասին համադրում պիտի կատարի եվրոպական երկրների և G7-ի անդամ երկրների հետ, քանի որ հնարավոր է այդ պատժամիջոցներն ազդեն եվրոպական ընկերությունների վրա»: