Քըլըչդարօղլուն հանդիպել է բանտում գտնվող Թուրքիայի ԺՀԿ պատգամավորի հետ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այդ երկրում «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքից մեկ օր անց այցելել է Ստամբուլի բանտում գտնվող այդ կուսակցության անդամ՝ խորհրդարանի պատգամավոր Էնիս Բերբերօղլուին: Այս մասին հայտնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
Բանտում Էնիս Բերբերօղլուին հանդիպելուց հետո, Քըլըչդարօղլուն ասել է.«Արդարությունը Թուրքիայում դանդաղ է ընթանում, բայց անպայման կհասնի իր նպատակին»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել էին իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Այն իրականացվում էր՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման դեմ:
Թուրք ցուցարարները հուլիսի 9-ին անցկացրած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մի հաղորդագրություն հրապարակելով պահանջել են չեղարկել այդ երկրում տիրող արտակարգ դրությունը, պահպանել դատական իշխանության անկախությունը, դատարաններում արդար դատավարություն անցկացնել, հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման հետևանքով պետական հաստատություններից հեռացված աշխատակիցների վերադարձի հնարավորություն ստեղծել և ազատ արձակել քաղբանտարկյալներին ու լրագրողներին: