ԵՄ-ն պաշտպանեց Թուրքիայի հանդեպ Գերմանիայի դիրքորոշումը
Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը սրվելուն զուգահեռ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան պաշտպանելով Թուրքիայի հանդեպ Բեռլինի դիրքորոշումն, ասել է. «Նկատի առնելով Անկարայի որդեգրած քաղաքականությունն ու այդ թվում իրավապաշտպանների կալանավորումը, Գերմանիայի դիրքորոշումն ըմբռնելի է»:
ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը շաբաթ օրը գերմանական «Դի Վելթ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց. «Նկատի առնելով Թուրքիայի անցած մեկ տարվա զարգացումները Եվրոպան և հատկապես Գերմանիան մեծ համբերատարություն են ցուցաբերել Անկարայի և նրա վարած քաղաքականության հանդեպ»:
«Երբ Գերմանիայի 9 քաղաքացիներ, որոնցից 4-ը նաև Թուրքիայի քաղաքացիներ են համարվում, Անկարայի իշխանությունների կողմից կալանքի տակ են պահվում, Թուրքիայի հանդեպ Գերմանիայի հակազդեցությունն ըմբռնելի է»,-հավելել է Հանը:
Նրա խոսքերով. «Ցավում ենք, որ Թուրքիան անցած տարվա ձախողած հեղաշրջումից հետո ընդդիմությանը հալածելով, ամեն օր ավելի է հեռանում եվրոպական ստանդարտներից»:
«Իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները ցավոք վկայում են ձախողած հեղաշրջումից հետո Թուրքիայի ընդունած կործանիչ ընթացքի մասին, ինչը մենք խիստ դատապարտում ենք»,-ընդգծել է Հանը:
Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություններն անցած շաբաթ Ստամբուլի դատարանի կողմից մի քանի իրավապաշտպանների, այդ թվում` Գերմանիայի քաղաքացի Փիթեր Շթոթների կալանավորումից հետո առավել սրվել է: