Մամուլի տեսություն 25-07-2017
ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
«Շարղ»
Թրամփի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Իսրայել
Միջին Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ ՝ Ջեյսոն Գրինբլաթը կիրակի երեկոյան Վաշինգտոնից Իսրայել է մեկնել ՝ տարածաշրջանում լարվածությունների կանխմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով: Ի դեպ, Իսրայելի ռեժիմի ԱԳ նախկին նախարարը նշել է, որ իրեն սարսափեցնում է իսլամական աշխարհի հետ Իսրայելի առճակատման միտքը: Ցիպի Լիվնին ասել է, որ Ալ-Աղսա մզկիթում անվտանգության միջոցառումների շուրջ տարաձայնությունները մեծանում են և ռեժիմը պետք է դադարեցնի այդ քայլը: Հորդանանի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության հետևանքով, զոհվել է երկու մարդ: Հորդանանի ոստիկանությունը հայտարարել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել կահույք արտադրող ընկերության երկու պաշտոնյաների Իսրայելի դեսպանատան շենք մուտք գործելուց հետո:
«Ղոդս»
Թեհրանում Իրաքի դեսպան.«Քուրդստանի հարցերը կարգավորելու համար, Բարզանին պետք է Բաղդադ այցելի, ոչ թե Եվրոպա»
Նշելով, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարն օգնել է Իրաքի ազգային միասնությանը, Իրանում Իրաքի դեսպան ՝ Ռաջեհ Մուսավին ասել է.«Մենք շարունակելու ենք միասնական ջանքերը: Սիրիան, Լիբանանը և Իրաքը Դիմադրության առանցքի ճակատներն են , որոնց ամրապնդման շնորհիվ, կարելի է հուսահատեցնել թշնամիներին»:
Իրաքը գտնվում է աշխահագրական նշանակությամբ տարածքում: Բերքառատ գյուղատնտեսական հողերի, էներգետիկայի ու հանքային հարուստ պաշարների շնորհիվ, Իրաքը հայտնվել է գաղութարարների ուշադրության կենտրոնում: 2003 թվականին Իրաքի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի համատեղ հարձակումը և Մոսուլի վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումներն իրականացվել են հենց երկրի պաշարներին տիրանալու նպատակով:
Թեհրանում Իրաքի դեսպանն անդրադարձել է իր երկրի հարուստ մշակույթին ու քաղաքակրթությանը: «Մոսուլի ազատագրումը ժողովրդական ուժերի օպերացիայի արդյունքն էր: Դա հերոսություն ու ստորատեգիական նշանակությամբ մեծ քայլ էր».ասել է Իրաքի դեսպանը: Դեսպան Մուսավին բարձր է գնահատել իր երկրին Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից ցուցաբերված աջակցությունը:
«Ալիք»
ՀՀ նախագահը մասնակցելու է ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը
ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
Սերժ Սարգսյանը Թեհրան է ժամանելու ՝ մասնակցելու օգոստոսի 5-ին նախատեսված Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
ԻՌՆԱ-ն նշում է, որ նախագահ Ռոհանիի պաշտոնավարության առաջին շրջանում, հարևան երկու երկրների հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել:
Գործակալությունը կարևորել է Իրանի նախագահի պաշտոնական վերջին այցը Հայաստան, որի ընթացքում երկու երկրները ստորագրել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի քանի համաձայնագրեր:
1in.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարին և արաբական երկրներին կոչ է արել ճգնաժամը կարգավորել փոխզիջման ճանապարհով
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին և Եգիպտոսին հայտնել է, որ անհրաժեշտ է սկսել բանակցություններ և գտնել Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ: Այս մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը՝ մեկնաբանելով Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի՝ երկխոսություն սկսելու առաջարկությունը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրակցության վարչական ղեկավարը բարձր է գնահատում Քուվեյթի միջնորդական ջանքերը տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման գործում և հույս ունի, որ դրանք կշարունակվեն՝ նկատի ունենալով կողմերից ստացված «դրական ազդանշանները»:
Հիշեցնենք. Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչության աջակցության և իրենց ներքին գործերին միջամտության մեջ, դրան հետևել են տնտեսական պատժամիջոցները և տրանսպորտային շրջափակումը:
lragir.am
Վոքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոքերը BBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Վոքերը չի պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց է»,- ընդգծել է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարածքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: Վոքերը նաեւ կարծում է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
news.am
Հնդկաստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը
Հնդկաստանի նորընտիր նախագահ Ռամ Հաթհ Քովինդը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Երդմնակալության արարողությունը կայացել է խորհրդարանի կենտրոնական նախասրահում, ուր Քովինդն արդեն նախկին նախագահ Փրանամ Կումար Մուքերջիի հետ ժամանել է նախագահական նստավայրից:
Արարողությունը նախագահել է Գերագույն դատարանի նախագահ Ջանդիշ Սինգհ Կեհարը: Երդմնակալության արարողությունից հետո Քովինդը դիմել է ներկաներին՝ երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին ու բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներին: