Ամերիկյան աղբյուրներ. Դոնալդ Թրամփը ցանկանում է խափանել ՀԳՀԾ-ն
Ամերիկյան որոշ աղբյուրներ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը ձգտում է խանգարել ու խափանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան որոշ աղբյուրներ, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունն ուրբաթ օրը «Ալ-Հայաթ» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել են. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնության շուրջ Սպիտակ տան քննարկումների ավարտին նպատակ ունի հայտարարել, որ Իրանը խախտել է այս համաձայնությունը»:
ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ Թրամփի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր 90 օր մեկ անգամ բացատրություն ներկայացնելով Կոնգրեսին, հայտարարել միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության կամ անհավատարմության մասին:
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը երկու անգամ քննարկումներ կատարելուց հետո հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնությանը:
Սպիտակ տան հետ սերտ կապերի մեջ գտնվող որոշ աղբյուրներ հայտարարել են, որ մեծ հավանականությամբ ԱՄՆ-ի վարչակազմը այս անգամ հոկտեմբեր ամսին՝ երրորդ վերատեսության ավարտին, հայտարարելու է այն մասին, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն: