Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ստամբուլում գերմանացի զույգին ձերբակալելու դեպքի պատճառով, Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային:
«Հուրրիեթ» օրաթերթի կայքի տեղեկացմամբ, Ստամբուլում գերմանացի զույգի ձերբակալությունից մեկ շաբաթ անց, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել է զենքի վաճառքը Թուրքիային:
Անդրադառնալով Անկարայի կողմից մարդու իրավունքների խախտմանը, Գաբրիելը նշել է, որ զենքի գնման մասին Թուրքիայի դիմումները բերվել են սպասման ռեժիմի:
ՆԱՏՕ-ի դաշնակից այս երկու պետությունների հարաբերություններում մշտապես լարվածություն է տիրել, սակայն վերջին մեկ տարում երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած բանավեճերից հետո այդ լարվածությունը նոր փուլ է թևակոխել:
Անկարան բազմիցս Բեռլինին մեղադրել է նացիստական գաղափաներ դրսևորելու, Թուրքիայի թշնամիներին և ահաբեկչական խմբերին հովանավորելու մեջ: Բեռլինն Անկարային մեղադրում է նաև մարդու իրավունքների ոտնահարման և Եվրամիության չափանիշներից հեռու լինելու մեջ, սպառնալով, որ դադարեցնելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունների գործընթացը և տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու այդ երկրի դեմ: