Էրդողանն Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով է հրավիրում՝ Երուսաղեմի շուրջ իրավիճակի պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այժմ կազմակերպությունում նախագահում է Թուրքիան:
«Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կլինի սարսափելի սխալ և միջազգային օրենսդրության խախտում: Երուսաղեմը մեր ընդհանուր պատասխանատվությունն է: Մեր նախագահը հայտարարել է, որ դա մահմեդականների համար «կարմիր գիծ» է: Նա կհրապարակի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում արտահերթ գագաթնաժողովի հավաքվելու համար ԻՀԿ երկրների առաջնորդներին ուղղված հրավերը՝ ի պատասխան այդ քայլի մեր գործողությունները համակարգելու համար»,- ասել է Քալընը լրագրողներին:
Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսային բանակցություններ է ունեցել այդ հարցի վերաբերյալ Մալայզիայի, Թունիսի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի առաջնորդների հետ, մյուս առաջնորդների հետ խորհրդակցությունները շարունակվում են:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել: Նա հավելել էր, որ եթե Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, ապա «առաջիկա 5-10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում և շարժման մեջ կդնեն ամբողջ մահմեդական աշխարհը»:
Նշենք, որ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչելու է Իսրայելի մայրաքաղաք:
Պաղեստինյան կողմը, ինչպես նաև մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:
ԱՄՆ Կոնգրեսը դեռ 1995 թվականին ընդունել է Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման մասին օրենքը: Բայց քաղաքի վիճահարույց կարգավիճակի և արաբա-մուսուլմանական աշխարհի հետ այդ խնդրի զգայունության պատճառով բոլոր ամերիկացի նախագահները, այդ թվում՝ Թրամփը, յուրաքանչյուր կես տարին մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է այդ որոշման իրագործումը: Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում պետք է երկրորդ անգամ ստորագրեր փաստաթուղթը երկուշաբթի օրը:
armedia.am/