Եվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին Թրամփն է. Եվրախորհրդարանի նախագահ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն է: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` այս մասին պաշտոնյան ասել է I-TELE հեռուստաալիքի եթերում:
«Եվրոպան, նույնիսկ ԱՄՆ-ն պատրաստ չեն նման նախագահի»,-ասել է Շուլցը, պատասխանելով հարցին` թե ինչ կարծիքի է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում ամենահեղինակավոր հանրապետական թեկնածուի մասին:
Շուլցի կարծիքով` Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը այլոց վրա մշտական հարձակումներն են և «մեղավորներին իր շուրջը փնտրելը»:
«Թրամփը պատկանում է այն քաղաքական գործիչների տեսակին, որոնք ցանկացած պարագայում ունեն քավության նոխազներ»,-պարզաբանել է Եվրախորհրդարանի ղեկավարը` քննադատելով ամերիկացի միլիարդատեր քաղաքական գործչի տեսակետները տնտեսական և սոցիալական հարցերի վերաբերյալ:
Հանրապետականների վերջնական թեկնածուի անունը հայտնի կդառնա Քլիվլենդում անցկացվելիք կուսակցական նիստի ընթացքում, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 18-21-ը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին:
panorama.am
12/3/2016