Մամեդյարովը հայտնել է հունվարին Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Հանդիպման ժամկետը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կա պայմանավորվածություն գալիք տարվա հունվարի կեսերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ», հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: «Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր: Կարևորը արդյունք ունենալն է», ասել է Մամեդյարովը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-ին: Հաջորդ օրը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի աշխատանքի արդյունքներով ԼՂ հիմնահարցի առնչությամբ հայտարարություն են ընդունել Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները:
Armenpress.am