Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը
https://parstoday.ir/hy/news/world-i80849-Ղազախստանը_ստանձնել_է_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդի_նախագահությունը
2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 16:12 Asia/Tehran
  • Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները: Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԽ նոր ընտրված անդամների Կոտ դ՛Իվուարի, Հասարակածային Գվինեայի, Քուվեյթի, Նիդերլանդների, Պերու և Լեհաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը: Ղազախստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել քննարկումներ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախագահությամբ: Նախարարական մակարդակով քննարկումներն առնչվելու են անվտանգության ոլորտում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցությանը: Բաց քննարկումների թեման էլ Մերձավոր Արևելքում իրավիճակն է: Ղազախստանի հիմնական առաջնահերթությունները ներկայացված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նախագահ Նազարբաևի «Անվտանգ, արդար և բարգավաճ աշխարհի կառուցման համար գլոբալ գործընկերության ամրապնդման Ղազախստանի կոնցեպտուալ տեսլականը» փաստաթղթում: Հիմնական առաջնահերթությունները յոթն են՝ միջուկային զենքից ազատ աշխարհի կառուցում, գլոբալ պատերազմի վտանգի վերացում և տեղական հակամարտությունների կարգավորում, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղում, ահաբեկչությանը հակազդում, Աֆրիկայում խաղաղության և անվտանգության հարցեր, անվտանգության և կայուն զարգացման միջև անբեկանելի կապի ապահովում, Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի համակարգի ադապտացում 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին: Համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության՝ աշխարհում խաղաղության և կայունության համար պատասխանատվությունն առաջին հերթում ընկնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների վրա:

Armenpress.am