Լրացավ «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը
Այսօր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:
Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը, ով առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։
Հրանտ Դինքը միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Դինքն ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև այդ երկրում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։
Այսօր Դինքի հիշատակի միջոցառումներ են անցկացվում Ստամբուլում: Այդ կապակցությամբ քաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի:
galatv.am/