ԼՂ-ին մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Ֆրանսուա Ռոշբլուան
Ֆրանսիա –¬ ԼՂ բարեկամության շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բաց, անկեղծ և կառուցողական երկխոսության մեջ մտնել ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բարեկամության շրջանակ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Ֆրանսիայի և ԼՂ-ի հարաբերությունների հաստատմանը ոչինչ չպետք է խանգարի: «Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ոտնձգությունները՝ ուղղված ֆրանսիական հյուպատոսական հիմնարկների հանդեպ, որոնց միջոցով փորձ է արվում խոչընդոտել ԼՂ-ի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը», նշված է հայտարարության մեջ: ԼՂ-ի ֆրանսիացի բարեկամները ընդգծում են նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղության դեմ քայլեր են ձեռնարկում՝ խթանելով մեկուսացման քաղաքականությունը: «Ադրբեջանի փորձերը Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար քաղաքական գործելակերպը ուղղակի վրդովեցուցիչ է: Այդ փորձերից են ԼՂ-ի քաղաքացիների տեղաշարժի հիմնարար ազատությունը խոչընդոտելու անընդունելի փորձերը», ասել է Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա նաև շեշտել է, որ նման գործելակերպը հակասում է 1994-թին ստորագրված եռակողմ հրադադարի ոգուն և տառին: «Անիրատեսական է խնդրի լուծման որևէ հույս ունենալ առանց հաշվի առնելու ԼՂ-ի բնակչության կարծիքը, որն արտահայտվում է ժողովրդավարական կերպով ընտրված իր ներկայացուցիչների միջոցով», ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
Armenpress.am