Աշխարհին նոր մահացու վիրուս է սպառնում
ԱՄՆ-ում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի համաճարակաբանները հայտնել են նոր մահացու վիրուսի հայտնաբերման մասին:
Նոր վիրուսը WIV1-CoV անվանումն է ստացել: Գիտնականները համարում են, որ այն շատ նման է տխրահռչակ SARS-ին, որը 2002-ին ոչ տիպական թոքաբորբի համաճարակ էր առաջացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ WIV1-CoV-ը կապվում է նույն ռեցեպտորներին, ինչ SARS-ը:
Նոր վիրուսը հայտնաբերվել է չղջիկների մոտ, սակայն վտանգավոր է նաեւ մարդու համար, որովհետեւ ի վիճակի է արագորեն զարգանալ եւ վերարտադրվել շնչուղիներում: Գիտնականները կարծում են, որ WIV1-CoV-ը տեսականորեն կարող է գլոբալ համաճարակի պատճառ դառնալ, որը շատ մարդկանց մահվան եւ տնտեսական մեծ վնասի պատճառ կդառնա:
Իմիջիայլոց, նույն հավանականությամբ այն կարող է հասնել նաեւ մարդուն: Սակայն այժմ արդեն հետազոտողները սկսել են դեղամիջոցի մշակումը: Ինչպես ցույց են տվել փորձարկումները, գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր են WIV1-CoV-ի դեմ, որովհետեւ իրենց կառուցվածքով տարբերվում են իրենց սարսափազդու նախորդից: Սակայն նոր դեղի հիմքում այնուամենայնիվ այն հակամարմիններն են, որոնք նախկինում կիրառվել են SARS վիրուսի դեմ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: