ԱՄՆ-ն անկարող է վերականգնել Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները
ԱՄՆ-ի Foreign Policy ինտերնետային կայքը հաղորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների ու սառը հարաբերությունների առկայության մասին:
Ամերիկյան կայքի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրն Անկարայում ունեցած հանդիպումից հետո համատեղ հաղորդագրություն են տարածել, որտեղ անդրադարձ է կատարվել դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը, սակայն հաղորդագրությունը եղել է չափազնաց մակերեսային:
Ըստ աղբյուրի, կողմերը հիմնականում տարաձայնություններ ունեն Սիրիայի քրդերի հարցում:
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել և սպառազինել Սիրիայի հյուսիսային շրջանների քուրդ աշխարհազորայիններին, իսկ Թուրքիան լայնամասշտաբ գործողություն է սկսել քուրդ ուժերի դեմ:
Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: