Թուրքիան պատրաստ չէ միանալու ԵՄ-ին. Եվրահանձնաժողովի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i8551-Թուրքիան_պատրաստ_չէ_միանալու_ԵՄ_ին._Եվրահանձնաժողովի_նախագահ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան պատրաստ չէ միանալու Եվրամիությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Յունկերը հայտարարել է Handelsblatt հրատարակությանը տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2016 08:18 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ չէ միանալու ԵՄ-ին. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան պատրաստ չէ միանալու Եվրամիությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Յունկերը հայտարարել է Handelsblatt հրատարակությանը տված հարցազրույցում:

Յունկերը գտնում է, որ, չնայած միգրացիոն ճգնաժամի լուծման հարցով ԵՄ հետ համագործակցությունն ուժեղացնելուն, Թուրքիային պետք չէ մոտ ժամանակում եվրոպական բլոկին միանալու հույս տածել:

«Թուրքիան ներկա պահին պատրաստ չէ անդամակցությանը: Կարծում եմ, որ դա չի լինելու նաեւ մոտակա 10 տարիներին», -հայտարարել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ միգրացիոն ճգնաժամի գծով Թուրքիա-ԵՄ գագաթաժողովում համաձայնության հասնելու հույս է հայտնել, որը պետք է անցկացվի մարտի 17-18-ին Բրյուսելում: «Ես զգուշավոր լավատեսություն եմ տածում», -ասել է Ժան Կլոդ Յունկերը:

Միգրացիոն ճգնաժամի բրյուսելյան գագաթաժողովի նախօրեին, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին, Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն օրակարգում չէ: Նա ասել է, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության պայմանները չեն փոխվել եւ չեն էլ փոխվելու: Գերմանացի վարչապետը մեկ անգամ եւս ընդգծել է Թուրքիայի առաջ դրված պայմաններից մամուլի ազատության եւ քրդերի նկատմամբ վերաբերմունքի հարցում ԵՄ պահանջներում վճռականությունը:

orer.am

13/3/2016