Սիրիայում ընտրություններին մասնակցող հայ թեկնածուների մի մասն սկսել է քարոզարշավը
https://parstoday.ir/hy/news/world-i9496-Սիրիայում_ընտրություններին_մասնակցող_հայ_թեկնածուների_մի_մասն_սկսել_է_քարոզարշավը
Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Հալեպից մասնակցող հայ թեկնածուներից որոշները սկսել են իրենց քարոզարշավը: «Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ չի բացառվում առաջիկայում մյուս թեկնածուներն էլ միանան քարոզարշավին կամ հետ վերցնեն իրենց թեկնածությունը, որպեսզի հայկական համայնքի ձայները չփոշիացվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2016 06:58 Asia/Tehran
  • Սիրիայում ընտրություններին մասնակցող հայ թեկնածուների մի մասն սկսել է քարոզարշավը

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Հալեպից մասնակցող հայ թեկնածուներից որոշները սկսել են իրենց քարոզարշավը: «Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ չի բացառվում առաջիկայում մյուս թեկնածուներն էլ միանան քարոզարշավին կամ հետ վերցնեն իրենց թեկնածությունը, որպեսզի հայկական համայնքի ձայները չփոշիացվեն:

Սիրիայի խորհրդարանում կա 250 աթոռ, որից տեղեր հատկացված չեն էթնիկ կամ կրոնական խմբերին: Վերջիններս, առանց թվային սահմանափակումների, որպես Սիրիայի քաղաքացիներ կարող են մասնակցել ընտրություններին:

Յուրաքանչյուր նահանգ ունի իր ներկայացուցչական աթոռները: Քվեարկության ժամանակ քաղաքացիները քվեարկում են իրենց քաղաքի կամ շրջանի թեկնածուներից որևէ մեկի օգտին: Հալեպ նահանգն ունի 52 աթոռ: Սա էլ իր հերթին բաժանված է Հալեպ քաղաքի ու գյուղերի միջև: Հալեպ քաղաքի համար սահմանված է 20 աթոռ: Ինչպես նախկինում, այս ընտրություններին ևս, երկրի էթնիկ, կրոնական հատվածներին ներկայացված լինելու հնարավորություն կընձեռվի:

Ինչպես արդեն հայտնել էինք Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում մարտի 14-ին քննարկել են Հալեպի հայ համայնքի թեկնածուների հարցը: Հալեպի հայ համայնքի կողմից ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորի 7 թեկնածուներ: Քանի որ Հալեպ քաղաքի համար սահմանված է 20 աթոռ, որից 12-ը հատկացված է պետական ճանաչում ունեցող կուսակցությունների համար, հետևաբար հայ թեկնածուները մրցակցելու են մնացած 8 պատգամավորական աթոռներում տեղ գրավելու համար:

Սիրիայի խորհրդարանի առաջիկա ընտրություններին Դամասկոսի համայնքը ներկայացված կլինի 4 թեկնածուներով՝ Նորա Արիսյան, Էրատո Գրիգորյան, Վազգեն Համալյան և Վահե Մահշիկյան:

Սիրիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի ապրիլի 13-ին: