Թրամփին չենք թույլատրի անկայունացնել Եվրոպան. Լը Դրիան
Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատելով Եվրոպայի հանդեպ ԱՄՆ նախագահի տնտեսական քաղաքականություններն, ասել է. «Փարիզը թույլ չի տա, որ Թրամփն անկայունացնի ԵՄ-ն»:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի BFM հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վտանգեց կլիմայական փոփոխությունների մասին համաձայնությունն ինչպես նաև Իրանի հետ միջուկային համաձայնությունն ու ՄԱԿ-ի օպերատիվ մոդելը»:
«Թրամփը չի հանդուրժում այն իրողությունը, որ գոյություն ունի միատարր ԵՄ և առևտրի բնագավառում Եվրոպայի հանդեպ նրա քայլերը նպատակ ունեն անկայունացնել Եվրոպան: Սակայն Եվրոպան նման բան թույլ չի տա»,-հայտարարել է Լը Դրիանը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումերն ընդգծել է ԵՄ-ի առևտրական ինքնիշխանությունը երաշխավորող շտապ քայլերի անհրաժեշտությունը:
Նրանից հետո, երբ Վաշինգտոնը մարտ ամսին հայտարարեց, որ Եվրոպայից ներկրվող պողպատից 25 տոկոս, իսկ ալյումինից՝ 10 տոկոս մաքսատուրք է գանձելու, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրական լարվածությունը սրվեց: