Եվրամիությունն ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին դիմակայելու պատրաստակամություն է հայտնել
Եվրամիությունը վերահաստատել է ԱՄՆ-ի ցանկացած առևտրային մաքսատուրքին դիմակայելու իր պատրաստակամությունը: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Առևտրի և գյուղատնտեսության հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Դանիել Ռոսարիոն երեքշաբթի օրն ասել է.«Եվրամիությունը պատրաստ է դիմակայել եվրոպացի արտադրողների դեմ սահմանվելիք ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին»:
Եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ Վաշինգտոնը մեծ ճնշում է գործադրել ԵՄ-ի վրա, որպեսզի թափ հաղորդի երկկողմ առևտրային բանակցություններին, առկա հարցերը լուծելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է ծանր մաքսատուրքեր չսահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար:
Յունկերի և Թրամփի բանակցություններն ուղղված էին մաքսատուրքերի վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների նվազեցմանը, սակայն դրանք այդպես էլ չլուծվեցին: