13-րդ կառավարությունը և նոր մոտեցում ԻԻՀ արտաքին քաղաքականության նկատմամբ
(last modified Tue, 15 Mar 2022 15:10:20 GMT )
Մարտ 15, 2022 18:40 Asia/Tehran

1979 թվականի փետրվարի 11-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը շրջադարձային էր Իրանի մի քանի հազարամյա պատմության մեջ: Այս հեղափոխությունը հիմնարար փոփոխություններ է առաջացրել իրանական հասարակության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական փոփոխություններ:

Սակայն դրա արդյունավետության կարևոր կողմերից մեկը եղել է նոր և աննախադեպ միտումների և գործընթացների ձևավորումն  Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում: Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է իմպերիալիզմի և կայսերապաշտության դեմ պայքարի վրա։ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության տարբեր հոդվածներում անդրադարձ է եղել այդ կետին: Սահմանադրության երկրորդ հոդվածի «գ» կետում ընդգծվում է ցանկացած բռնակալության և ճնշումների, կայսերապաշտության ու գերիշխանության ժխտումը, իսկ 3-րդ հոդվածի 5-րդ կետում նշվում է գաղութատիրության լիակատար մերժումը և արտաքին ազդեցության կանխումը: Քաղաքական գիտությունների պրոֆեսոր՝ Մանուչեհր Մոհամմադին ասում է. «Արժանապատվությունը, իմաստությունը և նպատակահարմարությունը» եղել են երեք առանցքային և ամրագրված սկզբունքներ, որոնց հիման վրա ձևավորվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Հեղափոխության գերագույն առաջնորդը այս երեք սկզբունքներն անվանել է «Միջազգային հարաբերությունների շրջանակի համար անհրաժեշտ եռանկյունի», ինչպես նաև երկրի 20-ամյա տեսլականի փաստաթղթում կանխատեսել է Իրանի փոխգործակցությունն աշխարհի հետ այս երեք սկզբունքների հիման վրա»:

Իրանի 13-րդ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 3-ին իր աշխատանքն սկսելով, նոր մոտեցում է դրսևորել արտաքին քաղաքականության ոլորտում։ Ոչ Արևելքի, ոչ Արևմուտքի սկզբունքի վրա հիմնված արտաքին քաղաքականության հավասարակշռումը այս իշխանության արտաքին քաղաքականության կարևորագույն գաղափարներից է, որը երկրի անկախությունը պահպանելու կարևորագույն անհրաժեշտություններից է՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով  Արևելքի ու Արևմուտքի հետ հարաբերություններին։ Արտաքին հարաբերություններում  արեւմտամետության լիարժեք մերժումը 13-րդ կառավարության հիմնական սկզբունքներից է:Այս առումով էական է ռազմավարական հարաբերությունների մեջ մտնել արևելյան տերությունների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ Արևմուտքը վերահսկելու և երկրի արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու համար։ Միաժամանակ այս երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իսլամական Հանրապետության առավելությունների ոլորտներում ռազմավարական քաղաքականություն է, որը պետք է կարևորել։ Միևնույն ժամանակ, ներկայիս կառավարությունը ցույց է տվել, որ հավատում է արտաքին քաղաքականության հավասարակշռությանը, և որ իր արտաքին օրակարգում առաջնահերթություն է հարևանների և իսլամական երկրների հետ համագործակցության զարգացումը։ Քաղաքագետ Ջավադ Մանսուրին ասում է. «13-րդ կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ իրեն հավասարակշռված և իրատեսական է պահում, և դա պատճառ է դարձել, որ որոշ կառավարություններ վերանայեն իրենց վերաբերմունքը Իրանի նկատմամբ»:

Մեկ այլ խնդիր, որը դիտարկվել է 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության մեջ, «տնտեսական բազմակողմանիության» և «հարևանության քաղաքականության» ամրապնդման վրա կենտրոնանալն է: Փաստորեն, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևանության քաղաքականությունը և հավասարակշռված մոտեցումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության  հիմնական կետերից մեկն է, որը կարելի է համարել աշխարհի հետ խելացի փոխգործակցության մակրո քաղաքականության կարևոր մասը: ԻԻՀ լուրջ ծրագրերից են համարվում՝ հարևանության քաղաքականության վրա հիմնված տնտեսական դիվանագիտության ամրապնդումը և հարևանների հետ փոխգործակցության ընդլայնումը: Տասներեքերորդ կառավարությունը առաջնահերթություն է տվել հարևանության քաղաքականությանը, և Իրանի նախագահն ի սկզբանե սահմանել է լավ փոխգործակցություն ու լայնածավալ համագործակցություն հարևանների հետ՝ որպես Տասներեքերորդ կառավարության տնտեսական դիվանագիտության առանցքային կետ: Հարևան երկրներում առկա կարողություններն ու կապիտալները երկկողմ և բազմակողմ ձևով օգտագործելը կառավարության արտաքին քաղաքականության առանձնահատկությունն է։ Քաղաքագետ Մոստաֆա Ղորբանին ասում է. «Իրանի շատ կարողությունների ծաղկումը կախված է հաջող հարևանությունից: Օրինակ, Իրանն ունի յուրահատուկ միջանցքային դիրք, և որպեսզի այդ դիրքից կարողանա ձեռքբերում ունենալ, պետք է համագործակցի հարևան երկրների հետ»։

Հաշվի առնելով, որ Իրանն ունի ցամաքային սահման 7 հարևան երկրների հետ և ջրային սահմաններ 10 հարևանների հետ, հարևանների այս բազմությունը կարող է անհամար հնարավորություններ ընձեռել Իրանի դիվանագիտության, տնտեսության և մշակույթի համար, հատկապես, որ Իրանի մշակութային ժառանգությունը գոյություն ունի շատ հարևան երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը և Պակիստանը: Այս համատեքստում հարևանության քաղաքականությունը դիտարկվում է որպես համահունչ և նպատակային ռազմավարություն և գտնում է աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային տարբեր հարթություններ։ Հարևանության քաղաքականության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերահսկել և նվազեցնել մարտահրավերները՝ հիմնված քաղաքական, տնտեսական և մշակութային ընդհանրությունների վրա, իսկ մյուս կողմից՝ մոտեցում է ցուցաբերում փոխադարձ շահերի, հատկապես երկկողմ և բազմակողմ տնտեսական շահերի նկատմամբ: Իրանը նաև տարածաշրջանի հիմնական տրանսպորտային ուղին է, և նրա ռազմավարական դիրքը հարմար է տարածաշրջանի բարգավաճման համար՝ տարանցիկ և տարատեսակ միջանցքների ու էներգետիկ գծերի զարգացման և ամրապնդման միջոցով դեպի հարևաններ։ Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ՝ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին ասում է. «Իրանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ լավ հարաբերություններն են, և Էբրահիմ Ռայիսիի շեշտադրումը հարեւան երկրների հետ Թեհրանի  հարաբերությունների բարելավման վրա, արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է համարվում»։

Իրանի ազգային շահերին համահունչ, 13-րդ կառավարությունը վարել է հարևանության և տնտեսական բազմակողմանիության քաղաքականություն՝ հավասարակշռված մոտեցմամբ տարածաշրջանային հանգույցներն ու հավասարումները լուծելու և տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության պատուհանը Իրանի և տարածաշրջանի համար բացելու համար։ Հարևան երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների և ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը,  Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը նաև հայտարարել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է դառնա արտաքին քաղաքականության ներդաշնակ առանցքը։ Այնպես, որ բոլոր հարեւանները և Իրանի Իսլամական Հանրապետությունը շահեն հարաբերությունների զարգացումից ու ամրապնդումից և այս մոտեցման որդեգրումից։

Տնտեսական դիվանագիտությունը և դրա արդյունավետ կիրառումը կարևոր գործիքներից մեկն է գլոբալ տարածքում փոխգործակցության և գլոբալ տնտեսության հետ կապի համար: Տնտեսական դիվանագիտությունը տնտեսական աճի բարձրացման և միակողմանի տնտեսական պատժամիջոցների դեմ երկրի տնտեսությունը հզորացնելու արդյունավետ միջոց է։ Աշխարհի հետ դիվանագիտության տեսքով կառուցողական և արդյունավետ տնտեսական հարաբերություններին առաջնահերթություն տալը Իրանի համար անխուսափելի անհրաժեշտություն է։ Տնտեսական դիվանագիտության վրա շեշտադրումը 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության ծրագրերից և նպատակներից է, որը հետամուտ է այդ կարողությունների կիրառմանը` նպատակ ունենալով բարելավել ժողովրդի կենսակերպը և հակազդել ու չեզոքացնել Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները։ Գործադիր մարմինների, հատկապես կառավարության տնտեսական հատվածների համակարգումը, միջազգային գործունեությունը և արտաքին առևտուրը հեշտացնելու և ընդլայնելու նպատակով այս կենտրոնական քաղաքականության ճշգրիտ առաջխաղացման պահանջներից մեկն է: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին նախկին նախագահի և նախարարների կաբինետի հետ իր վերջին հանդիպմանն ընդգծեց արտաքին քաղաքականության մեջ ակտիվ դիրքորոշման և դիվանագիտության կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը տնտեսության զարգացման համար: Մատնանշելով դիվանագիտության ասպարեզում թվացյալ պահվածքի անվստահելիությունը, մեծարգո առաջնորդն ասել է. «Դիվանագիտության մեջ միակ բանը, որին կարելի է վստահել, հաստատուն, որոշակի, ստորագրված ու բողոքարկելի աշխատանքն է»։

Տասներեքերորդ կառավարությունում Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեկ այլ ասպեկտն է ակտիվ մասնակցությունը միջազգային կազմակերպություններին, բազմակողմանիության և միակողմանիության դեմ պայքարը, որը հիմնված է արդարության, համագործակցության, փոխադարձ հարգանքի և միջազգային ու տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում կառուցողական դեր խաղալու անհրաժեշտության վրա: Հաշվի առնելով համաշխարհային համակարգում տեղի ունեցող զարգացումները և ձևավորվող տերությունների դերը, կառավարությանը հետաքրքրում է նրանց հետ հարաբերությունների ընդլայնումը և նրանց հետ տարբեր պայմանագրերի կնքումը, ինչպես նաև տարածաշրջանային խմբերի և կազմակերպությունների հետ մերձեցման գործընթացի ավարտը։ Ռեգիոնալիզմի քաղաքականության լուրջ օրինակներից է ասիական երկրներին, տարածաշրջանային և վերտարածաշրջանային կազմակերպություններին ու կառույցներին ուշադրություն դարձնելը, ինչպիսիք են Շանհայի համաձայնագիրը և ECO-ն: Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը Շանհայի համաձայնագրին այդ քաղաքականության վառ օրինակն է և տասներեքերորդ կառավարությունը, հետամուտ է հարաբերությունների զարգացմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Ելույթ ունենալով ՇՀԿ-ի 21-րդ գագաթնաժողովում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականության ուղղությունը կլինի կենտրոնանալ «տնտեսական բազմակողմանիության» վրա և ուժեղացնել «հարևանության քաղաքականությունը»՝ իր լայն իմաստով, և ամրապնդել ներկայությունը տարածաշրջանային կազմակերպություններում։ Քաղաքական վերլուծաբան Սոհրաբ Էնամին ասում է, որ հավասարակշռված մոտեցումը և հարևանության քաղաքականությունը՝ որպես արտաքին քաղաքականության երկու հզոր թեւ, կարող են վստահության ամրապնդմամբ տարածաշրջանային հանգույցներ և հավասարումներ լուծել և տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության պատուհան բացել Իրանի և տարածաշրջանի համար: Այժմ, հարեւանության քաղաքականությանն առաջնահերթություն տալով և կարևորելով հարևանների ու իսլամական երկրների հետ հարաբերությունները, ականատես ենք լինում դրա պտուղներից մեկի արդյունքին: Այս բոլորն այն դեպքում, երբ արդյունաբերական, հանքային և գյուղատնտեսական ու անասնաբուծական ապրանքների ոլորտում Իրանի զգալի հնարավորությունների պատճառով այս մոտեցումը մեծապես նպաստել է ոչ նավթային հատվածում Իրանի արտաքին առևտրի զարգացմանը: Իրանական արտադրանքի որակը մրցակցային գնի հետ մեկտեղ միշտ եղել է կարևոր առավելություններից մեկը ոչ նավթային արտահանման ոլորտում, հատկապես հարևան երկրներ, այդ թվում Իրաք և Աֆղանստան։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի արտաքին առևտրի դեմ միակողմանի և երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ձախողումը և վերջին տասնմեկ ամիսների ընթացքում նրա 38 տոկոս աճը, կարելի է կանխատեսել, որ 2022 թվականին այս միտումը արագ աճ կունենա:

Հաշվի առնելով Իրանի նկատմամբ Արևմուտքի թշնամական մոտեցումը, որն արտահայտվեց Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալով և Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության կիրառմամբ, Թեհրանը ձգտում է հավասարակշռել հարաբերությունները և չեզոքացնել Արևմուտքի քաղաքականությունն ու գործողությունները: Այդ առումով Իրանն ընդլայնել է հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք համարվում են Ամերիկայի համաշխարհային մրցակիցները։ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներին դիմակայելը լրջորեն արտացոլված է 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության դիսկուրսում։

Այս առումով ակտիվ դիմադրությունը նշանակում է օրակարգում ունենալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված ուժեղ և արժանապատիվ գործողություններ, և հետապնդել բանակցությունները որպես արտաքին քաղաքականության գործիք Իրանի շահերի պաշտպանության համար, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում Թեհրանի համար և օգնում է չեզոքացնել Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցները:

Իրանի դինամիկ դիվանագիտությունը և կապերը կայսերապաշտությանն ընդդիմացող երկրների հետ, ինչպիսին է Վենեսուելան, մեծացրել են Իրանի համար հնարավորությունները և խափանել Թեհրանին մեկուսացնելու Վաշինգտոնի ջանքերը: Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ փորձագետների կողմից ճանաչվում է որպես տարածաշրջանային կարևոր տերություն և միջազգային ասպարեզում ազդեցիկ դերակատար: Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային դերին, Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Մոհամմադ Օդեհ Ալ-Աղան ասել է.«Պարսից ծոցում իր հստակ աշխարհաքաղաքական դիրքով, Իրանը բազմիցս ապացուցել է, որ ամենաազդեցիկ ուժն է տարածաշրջանում և ունի միտումները փոխելու կարողություն»: