Հունիս 28, 2023 08:11 Asia/Tehran

«Աշխարհում կա միայն մի մանուկ և այդ մանկան անունն է՝ «Բոլոր մանուկներ»․ ասում է  Դոկտոր Վիգեն Զարգարյանը, ում շնորհիվ բազմաթիվ մանուկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն։

Հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող և իրենց աշխատանքին ու կոչմանը նվիրված բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված ենք, որ ծանր եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգեւող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվիՙ քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:

Բժիշկ դառնալու ճանապարհը երկար է ու դժվարին, այն լոկ մասնագիտություն չէ, այլ՝ կոչում: Բարեհամբույր և ուշադիր վերաբերմունք, հոգատարություն ու համբերատարություն, ահա այն կարևորագույն դեղամիջոցները, որ բուժառուն ակնկալում է բժշկից:  Բժիշկները երբեմն ստիպված են լինում մի կողմ թողնել անձնական հոգսերն ու ցավերը, հույզերն ու զգացմունքները և ապրել իրենց օգնության կարիքն ունեցող մարդկանց ցավով ու խնդիրներով:

Ինչպես Հիպոկրատն է ասել ,-«Սերը դեպի բժշկման արվեստը` դա հենց սերն է մարդկության հանդեպ»։

Այս դժվարին աշխատանքի իրական գնահատականը   բազմաթիվ փրկված կյանքերն են, ապաքինված  բուժառուների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը։

Բարեկամներ այս թողարկումը նվիրված է  Իրանահայ անվանի և վաստակաշատ մանկաբույժ, բարերար, ազգային-հասարակական գործիչ Դոկտոր  Վիգեն Զարգարյանին։

...

Մարդկային բարձր առաքինություններով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված  Դոկտոր  Վիգեն Զարգարյանը ծնվել է 1942 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում։ Տարրական և միջնակարգ ուսումը ստացել է ծննդավայրի դպրոցներում։ Ավարտել է Թեհրանի բժշկական համալսարանը և այնուհետև մանկաբույժի մասնագիտություն է ստացել ԱՄՆ-ի Նյու Ջերսիի համալսարանում, իսկ Հարվարդ Համալսարանում ստացել է «Մոր ու մանկան առողջապահության նեղ մասնագիտություն, որից հետո վերադարձել է Թեհրան և զբաղվել մանկաբուժությամբ, միաժամանակ դասավանդելով Թեհրանի բժշական գիտությունների համալսարանում։

Բժիշկ Զարգարյանը  1979-82 թվականներին ղեկավարել է Թեհրանի «Իրանշահր» հիվանդանոցը։  Վարել է Թեհրանի բժշական գիտությունների համալսարանի փոխտնօրենի պաշտոնը։ Եղել է Բժշկական ֆակուլտետի դեկան։ Նաև մինչ ԱՄՆ տեղափոխվելը եղել է Ափադանա հիվանդանոցի մանկական բաժնի գլխավոր բժիշկը։

Բժիշկ Զարգարյանը փոքրիկ այցելուների հետ շփվելու յուրօրինակ աշխատաոճ ունի, որը սերմանել է նաեւ ոչ միայն իր ղեկավարած բաժնի բուժաշխատողների, այլեւ բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ուսանողների շրջանում, ովքեր իրենց պրակտիկան անցկացնում էին  նրա ղեկավարած հիվանդանոցում և Գրիգորիս բուժարանի  մանկաբուժական բաժանմունքում։

Բժիշկ Զարգարյանն իր բժշկական մասնագիտությունը ծառայեցրել է և շարունակում է ծառայեցնել մանուկների առողջությանը, հատկապես մեծ ուշադրություն դարձնելով անապահով ու կարիքավոր մանուկներին։

Դեռ Իսլամական հեղափոխությունից տարիներ առաջ Թեհրանի հարավային արվարձաններում մարդիկ անճարակությունից կառուցել էին թիթեղյա հյուղակներ,որը հայտնի էր «Հալաբի Աբադ»  անվամբ,որտեղ ավելի քան 15 հազար  անապահով բնակիչներ  էին ապրում, որոնք զրկված էին կյանքի և առողջապահության նվազագույն հնարավորություններից։

Հալաբի Աբադ

 

Բժիշկ Զարգարյանն իր հարցազրույցներից մեկում այդ մասին ասել է,-«Երբ առաջին անգամ այցելեցի Հալաբի Աբադ, այնտեղ տիրում էր կարմրուկի համաճարակը։ Կարմրուկը,որ արդեն հաղթահարված հիվանդություն էր համարվում աշխարհում, ամեն օր զոհեր էր խլում այդ տարածքում։ Վիճակն այնքան հուզիչ էր և տխուր,որ որոշեցի անպայման ինչ-որ կերպ օգնություն  ցուցաբերել այդ մարդկանց։

Հալաբի Աբադ

 

 

Կառավարությունն իհարկե չէր թույլատրում շենք կառուցել այդ տարածքում,որտեղ կառուցված բոլոր հյուղակներն էլ անօրինական էին։ Ուստի գնեցի երկհարկանի մի հանրակառք, որը կահավորեցի,որպես բուժարան։ Առաջին հարկը ընդունարանն էր,իսկ երկրորդ հարկը դեղատունը։Այնուհետև 11 տարիներ շարունակ ամեն շաբաթ բժշկական ուսանողներիս ու մասնագետ ընկերներիս հետ այդ տարածքի  երեխաներին, հղի կանանց ու մայրերին անվճար պատվաստման ու բժշկական այլ ծառայություններ էինք մատուցում։ Տեղի բնակիչներն անմնացորդ վստահությամբ ու հարգանքով էին վերաբերվում մեզ հետ»։

Դոկտոր Զարգարյանը Հալաբի Աբադում

 

Իրան եղած տարիներին, Դոկտոր Զարգարյանը ուներ իր սեփական կլինիկան,աշխատում էր հիվանդանոցում և միաժամանակ դասավանդում  բժշկական համալսարանում։ Ուսանողական առաջին կուրսից սկսյալ 7 տարի շարունակ ,սկզբում կամավոր կերպով և հետագայում որպես ինթերն և բժիշկ աշխատել է Թեհրանի Հայ Համալսարանականների Միության հիմնադրած ազգային բուժարանում,որը գտնվում էր  Զարքեշ հայաբնակ թաղամասում։ 1983 թվականին Դոկտոր Զարգարյանի գլխավորությամբ Նարմաք թաղամասում հիմնադրվեց Գրգորիս բուժարանը։ Ե՛վ Սեփական կլինիկայում և՛ Գրիգորիս բուժարանում բժիշկ Զարգարյանի  երկար տարիների   տքնաջան ու անձնվեր աշխատանքի ու  նվիրումի շնորհիվ  բազում կյանքեր  են փրկվել, և  դրանով էլ նա արժանացել է մեծ  սիրո և հարգանքի։

Բժշկին է վստահվում ամենաթանկը`   կյանքն ու առողջությունը: Հիրավի,  բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարեւորագույն ձեռքբերում է, այլեւ` կոչում: Յուրաքանչյուր բժշկի համար գնահատված լինելը կարեւոր գործոն է, առանց որի  բժիշկն իր կատարած աշխատանքով երբեք չի բավարարվի:

Ավելի քան հինգ տասնամյա գործունեության ընթացքում մշտապես եղել է երկկողմանի հավատք և վստահություն բժիշկ Զարգարյանի և  բուժառուների միջև։ Երեկվա մանուկներն այսօր ծնողներ դարձած իրենց բալիկներին են տանում բժշկի մոտ, ինչը վկայում է այդ փոխադարձ վստահության մասին։

․․․

1988 թվականին երբ երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, Դոկտոր Զարգարյանը միակ Իրանահայ բժիշկն էր,ով մեծ դժվարություններ հաղթահարելով այցելեց Երևան և մեկ ամիս շարունակ աշխատեց Երևանի հիվանդանոցներում, օգնելով ու բուժելով հազարավոր մանուկների։ Նույնը տեղի ունեցավ Իրանի Զանջան քաղաքի երկրաշարժից տուժած երեխաների դեպքում։ Երբ դարձյալ բժիշկ Զարգարյանը բուժեց ոչ միայն փլատակների տակից դուրս բերված տարբեր մարմնական վնասվածքներով այլ նաև դեղնախտով տառապող բազմաթիվ մանուկների։

1996 թվականին  Դոկտոր Զարգարյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվեց  Միացյալ Նահանգներ,որտեղ ևս մեծ ծառայություն է մատուցել մանկաբուժական ոլորտում։

Նա 3 տարի շարունակ ամերիկյան մամուլի կողմից ընտրվել է,որպես Լոս Անջելեսի ամենահաջողակ մանկաբույժը՝ անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և մասնագիտական հաջողությունների համար։

Սան Ֆրանցիսկոյի և Նևադայի TOURO համալսարանները Դոկտոր Զարգարյանին շնորհել են դոցենտի  կոչում։ Նա նույն համալսարանների կողմից արժանացել է նաև  պրոֆեսորի  պատվավոր կոչմանը։

Դոկտոր Զարգարյանը,մասնակցել է նաև հասարակական և բարեգործական աշխատանքներին և անգնահատելի ծառայություն է մատուցել իր մասնագիտության ոլորտում։ Նա Արցախում և Հայաստանում իրականացրել  և  շարունակում է իրականացնել իր բժշկական և բարեգործական ծրագրերը։

Դոկտոր Զարգարյանը Գլենդելի Ադվենթիստ հիվանդանոցի կամավոր մասնագետների  պատվիրակության կազմում, տարիներ շարունակ «Առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակներում   բուժսպասարկում  է  իրականացրել  Նոյեմբերյանում և շրջակա գյուղերում,  Հադրութի շրջանում և Ստեփանակերտի մանկական հիվադանոցում։

Դոկտոր Զարգարյանն Արցախում

 

 

Նախքան Լաչինի միջանցքի շրջափակումը Դոկտոր  Զարգարյանը այցելել է Արցախ և բժշկական օգնություն ցուցաբերել Հադրութի,  Ասկերանի և Մարտունու Ծովատեղ գյուղի մանուկներին։

Դոկտոր Զարգարյանը Նոյեմբերյանում

 

Մանկաբուժության բնագավառում մեծ հաջողությունների հասած բժիշկն իր յուրահատուկ աշխատաոճով սկզբից եւեթ երեխաների միջից վանում է վախն ու լարվածությունը: Մանուկների համար նրա կիրառած հոգեբանական արգելքի հաղթահարման եղանակն այնպիսին է, որ մանունկների  տրամադրությունն անմիջապես բարձրանում է, վերանում  է վախը եւ  նրանք սկսում են  ժպտալ:

 

Բժիշկ Զարգարյանը կարգուկանոնի կողմնակից է, ամեն ինչ անում է, որ իր ղեկավարությամբ աշխատող բուժանձնակազմը գոհացնի փոքրիկ այցելուներին ու նրանց ծնողներին, չէ որ հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է։

 

Դոկտոր Զարգարյանը արդեն մի քանի տարի է Միացյալ Նահանգներից տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստանում։ Նա վերջերս իր սեփական նախաձեռնությամբ Երևանի Կոմիտաս 24 պողոտայում հիմնադրել է՝ «Առողջ Ապագա Հայաստան (Հելթի Ֆյուչըրզ Արմենիա)  ոչ-շահադիտական մանկաբուժական կլինիկան։

 

Օրերս ուրախությամբ տեղեկացանք, որ  տեղի է ունեցել Դոկտոր Վիգեն Զարգարյանի գլխավորած  «Հելթի Ֆյուչըրզ Արմենիա» մանկաբուժական կլինիկայի բացումը։

Կլինիկան հագեցած է գերժամանակակից տեխնիկայով, և մի այցի ընթացքում բուժառուն հնարավորություն ունի անցկացնել ընդհանուր կլինիկական հետազոտություններ։ Կլինիկայի կարգախոսն է՝ «առողջ ապագան սկսվում է հենց այսօրվանից․․․»  

Կլինիկայի կարգախոսը

 

Դոկտոր Զարգարյանին մաղթում ենք քաջ առողջություն,անսպառ ուժ, եռանդ և հաջողություն իր մարդասիրական առաքելության իրականացման գործում:

 

 

Պիտակ