Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի յուրացումը Իսրայելի ռեժիմի կողմից(1)
Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք երկու մասից բաղկացած «Երուսաղեմի հայկական թաղամասի հողերի յուրացումը Իսրայելի ռեժիմի կողմից» հաղորդման առաջին մասը,որի ընթացքում նախ համառոտ կներկայացնենք Երուսաղեմի հայկական թաղամասի պատմականը, ապա կանդրադառնանք այդ թաղամասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ շրջանառվող լուրերին։ Այս կապակցությամբ նաև կներկայացնենք հատվածներ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանի հետ մեր թղթակցի վարած հարցազրույցից։
Սրբազան Երուսաղեմը՝ միաստվածային կրոնների օրրանն է,որը համարվում է քաղաքակրթությունների խաչմերուկ և հանդիպման վայր։ Երուսաղեմի հայկական թաղամասը հնագույն էթնիկ-կրոնական շրջան է, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հիվանդանոցը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։
Ըստ վկայությունների՝ արդեն 4-րդ դարում` Երուսաղեմում քրիստոնեական սրբավայրերի հայտնաբերումից հետո քաղաքում բնակություն են հաստատել մեծ թվով հայ վանականներ: Այդ դարում արդեն կառուցվել են հայկական եկեղեցիներ (կարծիք կա, որ Սուրբ Հակոբյանց վանքի կառուցումը սկսվել է 4-րդ դարում): Սիոն լեռան վրա՝ սիոնական խրճիթում ապրել է վանականների և ուխտավորների մի փոքր համայնք։ Այսպիսով, Երուսաղեմի հայկական սփյուռքը համարվում է գոյություն ունեցողներից ամենահներից: 5-րդ դարի կեսերին արդեն գործել է հայկական գրագրությունը:
Պատասխանելով Երուսաղեմի հայկական համայնքի պատմական անցյալի մասին մեր թղթակցի հարցին․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանն ասաց.«Երուսաղեմում մեր ժողովրդի գոյությունը վերադառնում է մինչեւ չորրորդ դար,հինգերորդ դար եւ ավելի հաստատուն կերպով շեշտվեց իսլամության ՝ Երուսաղեմը գրավելուց հետո,երբ թե՛ մարգարեն եւ թե՛ խալիֆաները հատուկ գրերով հայ ժողովրդի գոյությունը, ներկայությունը և միևնույն ժամանակ իրավունքները հատուկ փաստաթղթերով հիմնավորեցին:Այնուհետ քաղաքական իշխանությունները երբ փոխվեցին ,արաբական արշավանքներից հետո երբ եկան Եգիպտոսի մեմլուքները ,այնուհետ իրարահաջորդ իշխանությունները Երուսաղեմի մեջ նայած իրենց անձնական հարաբերություններին և նախասիրություններին ,համայնքներին լայն իրավասություններ տվեցին ,երբեմն էլ այդ իրավասություններից զրկեցին որոշ համայնքներին: 12-րդ դարում Ռուբինյանց իշխանության շրջանում Կիլիկիո մեջ,հայոց Պատրիարքարանի իրավիճակը մի քիչ բարելավվեց ,բայց դա էլ երկար չտևեց և այնուհետ եկան օսմանցիները ,որոնք գրավեցին Երուսաղեմը,Պաղեստինը գրավեցին և մինչև վերջ իրենց իշխանության տակ պահեցին ու նաև դժբախտաբար զրկեցին հայ համայնքը որոշ իրավունքներից: Ամեն պարագային Օսմանյան պետությունից հետո ,Երուսաղեմը ,որպես Պատրիարքություն անուղղակի կերպով ենթարկվեց Պոլսո պատրիաքության և այնուհետ այլևս Պոլիսը վերահասու էր լինում Երուսաղեմի ներքին գործերին:Բայց Պատրիարքարանը իր ներքին անկախությունը չկորցրեց և այսպես շարունակվեց:Համաշխարհային առաջին պատերազմին և Հայոց Ցեղասպանության հետևանքով Երուսաղեմի ,կամ Պաղեստինի հայության թիվը հասավ 25 հազարի: Դժբախտաբար Իսրայելի գոյառումից հետո երբ Իսրայելը սկսեց խտրականության քաղաքականությամբ կալվածները գրավել,երբ սկսեց քրիստոնյաների դեմ որոշ չափով հալածանքը,ուրեմն հայությունը ևս սկսեց մերթ ընդ մերթ տեղափոխվել կամ գաղթել դեպի Հայաստան ,Եվրոպա,արաբական աշխարհ և այդպես այսօր մեր ժողովրդի թիվը Երուսաղեմում, ամբողջ Իսրայելում կարծեմ 2000 չանցնի դժբախտաբար: Սրանով հանդերձ հայ համայնքը և Պատրիարքարանը իր ամբողջ կարելին կատարում է ,որպեսզի ամուր պահի իր իրավունքները ,որքանով որ հնարավոր է ,իվերջո համայնք է ,որ բռնատիրական իշխանության ներքև է:Իսրայելը իր ուզածը կարող է կատարել ,առանց հաշիվ տալու որևէ մեկի:Խեղճ պաղեստիցնի ժողովուրդը իր տներից դուրս հանեց ,ամբողջ աշխարհը այսօր ասում է որ պաղեստինցիները պետք է վերադառնան իրենց տները ,բայց Իսրայելը անտարբեր է և չի ընդունում,որովհետև զորք ունի զենք ունի,դժբախտաբար: Մենք, որպէս եկեղեցի դատապարտում ենք հրեական կառավարության այս դիրքորոշումը ոչ միայն մեր ժողովրդի հանդեպ ,այլեւ հատկապես հանդեպ պաղեստինցի ժողովրդի ,որ իր իրավունքներից ու իր հողերից զրկված գաղթական վիճակի մեջ է:Մենք կաղոթենք և հաճախ նաև հայտարարություններով կոչ ենք արել ,որ մենք Պաղեստինի ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ կանենք,որպեսզի Պաղեստինի ժողովուրդը մի օր իր իրավունքներին տիրանա»:
...
Օրերս տեղեկություն է տարածվել, որ Հին քաղաքում Հայկական թաղամասի մեկ քառորդը 99 տարով վարձակալության է տրվել հրեական ծագումով ավստրալացի առեղծվածային մի գործարարի՝ էլիտար շինարարության համար։ Մասնավորապես, փոխանցված տարածքում գտնվում է մեծ ավտոկայանատեղի՝ Հին քաղաքի չկառուցված վայրերից մեկը: Շատ հայեր հույս ունեին, որ այդ վայրը կարող է օգտագործվել համայնքի երիտասարդների համար մատչելի բնակարանների կառուցման նպատակով։ Զատկի տոնակատարությունից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը խոստովանել է, որ ստորագրել է հողի վարձակալության պայմանագիրը, սակայն ասել, որ իր ենթակայի՝ տեղի եկեղեցու քահանայի խաբեության զոհն է դարձել։
Պաղեստինյան պաշտոնյաները մեղադրել են Հայոց պատրիարքին Իսրայելին օգնելու մեջ։ Իսրայելի գերնպատակն է՝ հեռացնել հայերին Արեւելյան Երուսաղեմի ռազմավարական տարածքներից:
«Պաղեստինի տեսանկյունից սա դավաճանություն է։ Խաղաղության ակտիվիստների տեսանկյունից սա խարխլում է հակամարտության հնարավոր լուծումները, - ասել է Սուրբ Երկրի ազգային քրիստոնեական կոալիցիայի նախագահ Դիմիտրի Դիլիանին:
Որպես կտրուկ քայլ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եւ Հորդանանի թագավոր Աբդոլլահ Երկրորդը կասեցրել են պատրիարք Մանուկյանի ճանաչումը, որը վերջին տասնամյակը ծառայել է ցմահ համարվող պաշտոնում: Այդպիսով նա այլեւս չի կարող պաղեստինյան տարածքներում եւ Հորդանանում պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել եւ որոշումներ կայացնել:
Գործարքը համակարգող քահանա Պարետ Երեցյանը կարգալույծ է արվել, զայրացած հայ երիտասարդների ամբոխը հարձակվել է նրա վրա, եւ իսրայելական ոստիկանությունը հեռացրել է նրան՝ նախքան Հարավային Կալիֆորնիայում ապաստան գտնելը: Ըստ բնակիչների՝ Մանուկյանը բարիկադավորվել է հայկական վանքում՝ չցանկանալով կամ չկարողանալով ներկայանալ հանրությանը:
«Այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է: Սա միակ տեղն է, որ հայերը հավաքվում են Սուրբ Երկրում: Մենք պետք է պայքարենք դրա համար»,- ասել է համայնքի ղեկավար Հակոբ Ջերնազյանը:
Այս թաղամասում ապրում են մոտ 2000 հայեր, որոնք ունեն նույն կարգավիճակը, ինչ պաղեստինցիները Իսրայելի կողմից օկուպացված բռնակցված Արևելյան Երուսաղեմում։ Բնակիչներ, բայց ոչ քաղաքացիներ, փաստորեն քաղաքացիություն չունեցող: Իսրայելը բռնակցել է արևելյան Երուսաղեմը, որտեղ գտնվում է Հին քաղաքը:
․․․․
Մինչ Հայոց եկեղեցին հրաժարվել է վաճառքի մասին մանրամասներ հայտնել, Երեցյանը նշել է, որ ներդրողը ավստրալիա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանն է: Երիցյանը նշել է, որ որպես եկեղեցու անշարժ գույքի կառավարիչ, ինքը գործել է պատրիարքի խնդրանքով։
Շատ քիչ տեղեկություններ կան Ռոթմանի մասին, ով նաև օգտագործել է Ռուբինշտեյն ազգանունը, համաձայն 2016 թվականի Կիպրոսի կարգավորող որոշման, որը տուգանել է նրան իր ակադեմիական ծագումը կեղծելու համար:
LinkedIn կայքում նա ներկայացված է որպես «Xana Capital» կոչվող հյուրանոցային ընկերության նախագահ: Արձանագրությունները ցույց են տալիս, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերությունը գրանցվել է Իսրայելում 2021 թվականի հուլիսին: Շաբաթներ անց տասնյակ հայ քահանաներ հնչեցրին առաջին ահազանգը, որ առանց իրենց համաձայնության գույքային գործարք է կնքվել:
Իսրայելի ռեժիմի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել՝ վկայակոչելով քաղաքական առումով զգայուն հարց լինելու հանգամանքը:
«One&Only Resorts»-ի սեփականատեր «Kerzner International»-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանությունից: Դուբայում գրանցված այս ընկերությունից ասել են միայն, որ «միշտ հնարավորություններ են փնտրում գերշքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն մեծացնելու համար»:
Նրանց նպատակն է ընդլայնել սիոնիստների ներկայությունը Արեւելյան Երուսաղեմում, ամրապնդել իսրայելական վերահսկողությունը քաղաքի այն հատվածի վրա, որը պաղեստինցիների մայրաքաղաքն է:
Երկու տասնամյակ առաջ Հունական եկեղեցին վաճառեց Հին քաղաքում պաղեստինյան երկու հյուրանոցները օտարերկրյա ընկերություններին, որոնց հետեւում սիոնիստ վերաբնակիչների մի խումբ էր: Գաղտնի գործարքները մեծ միջազգային աղմուկ բարձրացրին։
Հայերեն ռադիոժամին տված բացառիկ հարցազրույցում Սրբազան Հայրն անդրադառնալով Երուսաղեմի հայկական տարածքների հետ կապված վերջին դեպքերին, ասաց.-«Երբ որ մի պետություն իր քաղաքականությամբ միջամտում է որևէ համայնքի ներքին գործերին ,այնտեղ անպայմանորեն և խարդախություն և կեղծիք և նաև իրավունքների բռնաբարում տեղի կունենա: Այսօր Երուսաղեմի հայ գաղութը այդ դժվարության դիմաց է կանգնած:Մեզ ևս լուրեր կհասնեն,որ Նուրհան պատրիարքը գործարք արել է և այդ գործարքը թեր ու դեմ կարծիքներով հագեցված է:Ավստրալիայից մեծահարուստ մեկը իբրև թե գործարքը կատարել է և ամենասուղ և արժեքավոր մեկ հողաշերտ ,որ պատրիարքարից քիչ հեռավորության վրա է և կոչվում է «Կովերի այգի»իբրև թե նրա վրա գործարք-համաձայնագիր են կնքել և այդ գործարքը բավականին մեծ գումար պետք է ապահովի պատրիարքության համար ,որով պատրիարքարանը պետք է կարողանա իր պարտքերը փակել:Հիմա թե որքան ստույգ են այս լուրերը, մեկը տեղի վրա պետք է քննի և ըստ այդմ կորոշվի»: