Իրանի ժամանակակից կինոն (4)
(last modified Tue, 09 Apr 2024 05:12:18 GMT )
Ապրիլ 09, 2024 08:42 Asia/Tehran

«Բաշուն՝ փոքրիկ օտարականը» խորագրով, հետաքրքիր ու դիտարժան կինոն պատերազմի մասին երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է: Այս ֆիլմը պատմում է թխամաշկ տղայի՝ Բաշույի մասին, ով կորցրել է իր ընտանիքը Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի ժամանակ, և նրա հետ տեղի են ունենում տարբեր միջադեպեր։

«Բաշուն՝փոքրիկ օտարականը» ֆիլմը Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի մասին նկարահանված լավագույն ֆիլմերից է և շատերն են այն համարում իրանական ժամանակակից կինոյի լավագույն ֆիլմերից մեկը։ Բացի հայրենական և արտասահմանյան կինոքննադատների հիացական վերաբերմունքից, այս ֆիլմն արժանացել է նաև բազմաթիվ մրցանակների և կարողացել է արժանանալ 1991 թվականին Թուրքիայում Ադանայի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1991 թվականին Ֆրանսիայի Կինոյի և Արվեստի փառատոնի առաջին մրցանակին,  ինչպես նաև 1990 թվականին Ֆրանսիայի Օբերվիլ քաղաքի Արվեստի և Փորձի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ անվանակարգի մրցանակին։ «Բաշուն՝ փոքրիկ օտարականը» արժանացել է նաև բելգիացի պրոֆեսիոնալ կինոքննադատների պատվո դիպլոմին՝ 1992 թվականին լավագույն հինգ ֆիլմերից մեկն ընտրվելու համար։

Բահրամ Բեյզային, ով իրանցի հայտնի ռեժիսորներից է, գրել է այս ֆիլմի սցենարը և եղել է ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմը նկարահանվել է 1985 թվականին, սակայն էկրան է բարձրացել 1990թ. հինգ տարվա ընդմիջումից հետո։ Այս ֆիլմի հիմնական գաղափարն առաջարկել է ֆիլմի գլխավոր դերասանուհի Սուսան Թասլիմին, իսկ ավելի ուշ Բեյզային,փոխելով այս գաղափարի համար դերասանուհու գրած պատմությունը, գրել է ֆիլմի սցենարը։

  Բահրամ Բեյզայիի «Բաշուն՝ փոքրիկ օտարականը» ֆիլմ է մանկապատանեկան կինոյի ասպարեզում, որը նշանավորում և հեղինակություն է տալիս պատերազմի ազդեցության տակ գտնվող Իրանի երեխաներին։ Բաշուն հազարավոր երեխաների պատմությունն է, որոնց պայմանները մի իրադարձության պատճառով շատ արագ փոխվում են և նույնիսկ շատ արագ մեծանում են։ Շուտ նկատում են տարբերությունները և անցնում դժվարությունների միջով։ Այս ֆիլմը խաղաղությանն ուղղված ֆիլմ է, իսկ Բաշուն՝ վկա հանդիսացող մանուկ է,  ով պատերազմական կյանքին ականատես է եղել:

Ըստ Պիեռ Սորլինի (Pierre Sorlin), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմից տուժած երեխայի կերպարը դիտվում է որպես յուրահատուկ ժանր եվրոպական կինոյում։ Սա այն նախաձեռնություններից է, որը հանգեցրել է կենցաղային պայմանների բարելավմանը և ուշադրություն է դարձնում  պատերազմից հետո ցանկացած համայնքին հասցվող վնասներին։ Իրանական կինոյում Բահրամ Բեյզային այս ֆիլմով երեխային ներկայացնում է որպես այս իրադարձությունների ականատեսը։ Քևին Թոմասը 1990 թվականին Los Angeles Daily-ում այսպես է գրել այս ֆիլմի մասին. ««Բաշուն, Փոքրիկ օտարականը», ի վերջո, սիրո փոխակերպման ուժի վկայությունն է: Հիանալի կերպով նկատելի  է ֆիլմի կարողությունը փորձառության, կրթության և էթնիկ պատկանելության սահմանները հատելու հարցում»։

Ականատես հանդիսացող երեխաների ներկայությունը կարելի է տեսնել համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են Վիտտորիո դե Սիկայի (Vittorio De Sica) հեղինակած «Գողն ու հեծանիվը» (իտալ.՝ Ladri di biciclette) կամ Ռոբերտո Ռոսելինիի (Roberto Rossellini) հեղինակած «Գերմանիան զրո տարում» (Germany, Year Zero) ֆիլմերը։ Այս մոտեցումը կարճ ժամանակում մուտք գործեց նաև կինոյի այլ ժանրեր։ Այնպես, որ իրադարձություններին ականատես երեխաների ներկայությունը կարելի է տեսնել Իրանի մանկապատանեկան կինոյի հայտնի ռեժիսորների, այդ թվում՝ Ամիր Նադերիի, Սոհրաբ Շահիդ Սալիեսի, Աբբաս Քիառոստամիի և Բահրամ Բեյզայիի ստեղծագործություններում։ Այստեղ հստակ է նոր ու տարբերվող մոտեցումը, որի շնորհիվ այս ֆիլմը տարբերվել է սկզբից մինչ այժմ։ «Բաշուն՝ փոքրին օտարականը» մինչ օրս համարվում է իրանական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը։

Այս ֆիլմով Բեյզային խոսում է պատերազմից տուժած մարդկանց կյանքի մասին։ Փաստորեն, այս ռեժիսորը հակապատերազմական ֆիլմ է նկարահանել։ Այդ նպատակի համար, նա այնքան էլ չի անդրադարձել բուն պատերազմին, և սա ինքնին համարվում է մեծ նորամուծություն։ Ֆիլմում պատերազմի միակ նշանները ֆիլմի առաջին չորս րոպեների պայթյուններն են, որոնք ցույց են տալիս ավերիչ պատերազմ, և այս տեսարաններում մենք լսում ենք հարավային շրջանների կանանց ձայները, որոնք հանդիսատեսի համար նկարագրում են այդ երկրամասի ժողովրդի վիճակը։

 

Այս ֆիլմն իր ուրույն տեղն ունի իրանական կինոյի պատմության մեջ եւ մի քանի հարցումներով ընտրվել է որպես իրանական կինոյի պատմության լավագույն ֆիլմ։ Ֆիլմը սկսվում է տեղական ժողովրդական երաժշտությամբ։ Ֆիլմի բացման էկրանապահը արագ փոխանցում է ֆիլմի թեման։ Կարմիր ռազմական ինքնաթիռների շարքի թռիչքը մահվան ու արյան մասին է հիշեցում։ Մինչ ֆիլմի մեկնարկը, այս բոլոր տարրերի համադրությունը թույլ է տալիս հանդիսատեսին քիչ թե շատ գլխի ընկնել, թե ինչպիսի ֆիլմ է նա դիտելու՝ հասկանալով, որ ֆիլմը պատերազմի մասին է։

****

 Ինչպես ակնկալում է հանդիսատեսը, ֆիլմը սկսվում է Իրանի հարավում ռմբակոծությունների տեսարանով, որտեղ ընկնում են արմավենիները, հեշտությամբ փլուզվում են ցեխե տները ու երևում է մի կին, որի չադրան վառվում է ու նա ակամա պտտվում է իր շուրջը: Այս բոլոր ռմբակոծությունների տեսարանների չափը գրեթե «Long Shot» է, քանի դեռ ռեժիսորը մանրամասն ցույց չի տալիս պատերազմի ու ռմբակոծության ազդեցությունը մարդկանց բնակավայրերի վրա։ Ռմբակոծությունների և դրանից առաջացած փոշու ու ծխի արանքում մենք տեսնում ենք մի բեռնատարի, որը ինչ-որ տեղ է գնում:

Բեռնատարը հասնում է Իրանի հյուսիս։ Շատ հետաքրքիր տեսարանում մենք տեսնում ենք, թե ինչպես է Բաշուն, մտահոգված, գլուխը բարձրացնում   մեքենայի հետնամասից՝ տեսնելու, թե որտեղ է, ու շարունակում է  անհանգստանալ պատերազմի ու ռմբակոծության պատճառով: Բայց հանկարծ մենք հանդիպում ենք խաղաղ, կանաչ ու ծաղկուն մի գյուղի «Extreme Long Shot» կադրով, որտեղ մի մարդ դանդաղ հեծանիվ է վարում:

Հանկարծ ուժեղ պայթյունի ձայն է լսվում, և Բաշուն վախենում է ու բղավում՝ կարծելով, թե ռմբակոծություն է ու սկսում փախչել։ Մինչդեռ պայթյունի ձայնը միայն թունել բացելու համար է։

Բաշուն վերջապես հասնում է մի տուն ու նրա շրջակայքում գտնվող մի ագարակ։ Այստեղ երկու երեխա անծանոթի ներկայության պատճառով շան հաչոցի ձայն են լսում։ Երկու երեխաները տեսնում են Բաշույին և հայտնում մորը։ Նայիի անունով այս կնոջ հետ մեր առաջին հանդիպումը այստեղ է: Խոշոր պլանով տեսնում ենք Նայիին, ով կապում է իր սպիտակ շալը, և միայն նրա աչքերն են երևում։ Այս կադրն այս ֆիլմի ամենահայտնի կադրն է ու թերևս իրանական կինոյի պատմության ամենահայտնի կադրերից մեկը, որին բազմաթիվ անդրադարձներ են եղել։ Շալը ծածկելով դեմքը, պատճառ է դառնում, որ նա դեռևս օտարականի տեսք ունենա։  Նա տեսնում է, որ Բաշուն փախչում է։ Բաշուն նման է օտար ու տարբերվող արարածի, իսկ Նային Բաշույի դիմաց պաշտպանում է իր երեխաներին՝ նրանց տանելով իր մեջքի վրա, ու պաշտպանական կեցվածք ընդունում։ Նա նույնիսկ քարեր է նետում նրա ուղղությամբ իր առաջին քայլում։

Այնուհետև, երբ Նային տեսնում է, որ Բաշուն անօգնական երեխա է, փորձում է օգնել նրան և հաց է առաջարկում։ Բայց Բաշուն դեռ չի վստահում ու փախչում է։ Երբ Նային տեսնում է, որ Բաշուն իր համար վտանգ չի ներկայացնում, գնում է դեպի իրեն ու փայտով նրան հարցաքննում է։ Նա Բաշույին հարցնում է.

Ո՞վ ես դու։

Մուսուլման ե՞ս։

Ի՞նչ ես անում այստեղ։

Նային գնում է տուն ու մի կտոր հաց թողնում Բաշույին, ով դեռ օտար է։ Բաշուն սկսում է մեծ ախորժակով ուտել հացի կտորը, բայց համն իր սրտով չէ ու հացը դուրս է թքում։ Բաշուն այնտեղի ուտելիքի համին սովոր չէ և չի կարողանում ուտել։

Գիշերը Բաշուն պահեստում է քնում, իսկ հաջորդ առավոտյան արթնանալով տեսնում է Նայիին, ով իր ամենօրյա գործերն է անում։ Մենք նկատում ենք, որ Նային միայնակ կին է և միայնակ կրում կյանքի հոգսերը։ Նային նորից կերակուր է տալիս Բաշույին, բայց թեև այս անգամ էլ Բաշուն դեռ չի սիրում դրա համը, այդուհանդերձ դուրս չի թքում, և սա առաջին նշանն է, որ Բաշուն ընտելանում է նոր միջավայրին։

Նային խորն զգացմունքներ ունի իր շրջապատի հանդեպ և նույնիսկ թռչունների հետ խոսում է իրենց լեզվով: Հենց այս տեսարանում է սկսվում ֆիլմի գլխավոր մոտիվներից մեկը՝ Բաշոյի մոր ներկայությամբ։ Բաշույի մայրիկը չադրայով ու դիմածածկով բոլորովին այլ տեսք ունի, քան Նայիին։ Իր մորը տեսնելուց հետո է Բաշուն սկսում մտաբերել իր հիշողությունները, սկսում խոսել ու ցույց տալիս իր զգացմունքները, իսկ Նային կարեկցում է նրան, չնայած նրա լեզուն չի հասկանում ։

Բաշուն կամաց-կամաց սկսում է օգնել Նայիին առօրյա գործերում և գիշերը արթնանում է, որպեսզի թույլ չտա վայրի կենդանիները մտնեն ագարակ։ Նայիին ավելանում է մեկ օժանդակ ուժ, որը կարող է ինչ-որ կերպ փոխհատուցել ամուսնու բացակայությունը։ Բաշույին միշտ ինչ-որ բան հիշեցնում է պատերազմի ու կորցրած մոր մասին։

Ֆիլմի մի հատվածում Բաշուն վերցնում է պարսկերեն գիրք և սկսում պարսկերեն կարդալ։ Այստեղ առաջին անգամ բոլորը հասնում են մի ընդհանուր լեզվի ու կարող են հասկանալ միմյանց խոսքերը, և հասկանալ նաև, որ այնքան էլ օտար չեն։ Պարսկերեն լեզուն որպես ընդհանուր գործոն նրանց ավելի է մոտեցնում միմյանց։

Վերջապես տուն է գալիս Նայիի ամուսինը, որը կորցրել է մի ձեռքը։ Նա ընդունում է Բաշույին ու թույլ տալիս միանալ իր ընտանիքին։ Վերջում երեքն էլ բղավում են և դրանով իսկ թույլ չեն տալիս վայրի կենդանիներին մտնել իրենց տան տարածք։ Այլ խոսքով՝ Իրանի ողջ ժողովուրդը, Իրանի ցանկացած հատվածից, ցանկացած մշակույթով ու էթնիկ պատկանելությամբ, միավորվել է թշնամու դեմ՝ նրան Իրանից դուրս մղելու համար։