Ապրիլ 21, 2024 11:38 Asia/Tehran

Միացեք մեզ՝ ծանոթանալու Իրանի Մարլիք բլրի և այնտեղ հայտնաբերված ոսկե գավաթների պատմությանը։


Բարև Ձեզ։ ՆԵրկայացնում ենք «Իրանի պատմական գանձերի հետ համաքայլ»  փոդքասթի հերթական ծրագիրը։

Երբևէ լսե՞լ եք Մարլիքում հայտնաբերված ոսկե գավաթների մասին։ Դրանք ունեն ավելի քան 3 հազար տարվա պատմություն և հայտնաբերվել են Իրանի հյուսիսում գտնվող բլուրներում։

Եթե չեք լսել, ընկերակցեք ինձ, ծանոթանալու այդ գավաթների պատմությանը։

Այս ծրագրում կխոսենք երեք ոսկե գավաթների մասին, որոնք ստացել են «Թևավոր կով», «Երկգլխանի հրեշ և գազելներ», և «Կյանքի լեգենդը» անունները։ Գավաթներ, որ խոսում են պատմությունից, առասպելից ու կյանքից։

Իսկ մինչ այդ խոսենք գավաթների հայտնաբերման պատմության մասին։

 

Գավաթները հայտնաբերվել են Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Ռուդբար քաղաքի Մարլիք բլրում։ Այս բլուրը հին քաղաքակրթության մի մասնիկ է։ Քաղաքակրթություն, որի մասին շատ բան հայտնի չէ գրավոր աղբյուրների բացակայության պատճառով, սակայն գիտենք, որ այն սկիզբ է առել Իրանական բարձրավանդակում։ Մենք նաև չգիտենք, թե ինչ կրոնի են հետևել այդ քաղաքակրթության մարդիկ ու ինչպես են մտածել։ Մեզ հասել են միայն ապացույցներ այն մասին, որ նրանք արվեստի ոլորտում շատ զարգացած են եղել։

Մարլիքը Գոհարռուդ հովտում գտնվող 5 բլուրներից մեկն է։ Այս հովիտը, որն ունի բնակլիմայական հաճելի պայմաններ, երկար ժամանակ եղել է գիլանցիների հարուստ նախնիների ապրելու վայրը։ Այստեղ են գտնվում  Զեյնաբ Բիջար, Փիլաղալե, Դորբիջար և Ջազեմ Քոլ բլուրները։ Մարլիք բլուրը, որը դարերի ընթացքում թաքցրել է մարդկային արվեստի ու քաղաքակրթության արժեքավոր գանձերը, քարքարոտ բլուր է։ Բլուրը ձևավորվել է երկաթի սուլֆատից առաջացած քարերից։ Դրա   ստորին շերտերում առաջացած մեծ ճաքերում բույն են դնում առնետներն ու օձերը։  Ոմանք ասում են, որ բլուրն իր անունը հենց այդ պատճառով է ստացել, քանի որ այնտեղ շատ օձեր  կան։ (պարսկերեն օձ բառն արտասանվում է մար):

Որոշ շրջանակներ կարծում են, որ Մարլիք բառը բարդ բառ է և կազմված է մարդ ու լիք բառարմատներից և նշանակում է մարդկային ցեղ։ Ըստ այս տեսության, սկզբում բլրի անունը եղել է Մարդլիք, սակայն հետագայում դ տառը սղվել է։

Դոկտոր Էզաթոլլահ Նեգահբանն այն մարդկանցից է, որ այս շրջանի մասին տեղեկությունների դուռը բացեց Իրանի պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողների համար։ Նրան համարում են Իրանի հնագիտության հայրը։ Էզաթոլլահ Նեգահբանը պեղումների ժամանակ փորձել է բացահայտել  այս երեքհազարամյա քաղաքակրթության մի մասը։ Քաղաքակրթություն, որի հիշողությունն անգամ, ըստ նրա, ջնջվել է հիշողություններից։

Մարլիք բլուր

 

1941 թվականի աշնանը դոկտոր Էզաթոլլահ  Նեգահբանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ռուդբար՝ պեղումներ անցկացնելու Ռահմաթաբադ շրջանում։ Նա իր թիմի հետ 14 տարի ուսումնասիրել է այս տարածքը, ինչի արդյունքում հայտնաբերվել է հիմնականում քարից ու ցեխից կառուցված  53 դամբարան։ Տարածքում կան մեծ քարե սալեր, իսկ որոշ դամբարանների կառուցման ժամանակ օգտագործվել են դեղին քարեր, որոնք բերվել են  15 կմ հեռավորության վրա գտնվող Գոհարռուդ հովտից։

Մարլիք բլրի պեղսումները շատ խնդրահարույց էին Նեգահբանի ու նրա թիմի համար։ Գյուղացիների ընդդիմությունից սկսած մինչև մաքսանենգների դրդմաբ նրանց դեմ ուղղված  մեղադրանքներ ու զրպարտություններ, որոնք հնչեցվում էին Փահլավիի ժամանակաշրջանի պաշտոնյաների կողմից և որոնց արդյունքում Էզաթոլլահ Նեգահբանի ու նրա գործընկերների նկատմամբ դատական գործ հարուցվեց։ Իհարկե դատավարությունը լուրջ խնդիր էր, սակայն աշխատանքը դա արժեր։

Ինչպես արդեն ասացինք, դոկտոր Նեգաբանի հայտնագործությունները, աշխատանքի ընթացքում առաջացած բոլոր խնդիրներով հանդերձ, մեծ արժեք ունեին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ խեցեղեն և ոսկյա իրեր, ինչը վկայում է, որ այստեղի բնակիչները հարուստ են եղել։ Հայտնաբերված իրերն ունեն մոտ 3 հազար տարվա պատմություն, այսինքն՝ թվագրվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջով  և առաջին հազարամյակի սկզբով։ Իսկ հայտնաբերված դամբարանները արժեքավոր տեղեկություններ էին պարունակում հնագետների համար։ Գերեզմաններրի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են դիեր, որոնք հուղարկավորվել են հագուստով և տարբեր զարդերով ու առարկաների հետ միասին։ Մահացածների դիերը, որոնց հագցնում էին հատուկ հագուստ, դրվում էին քարի վրա։ Այդ պատճառով մահացածի ծնկները փոքր ինչ ծալվում էին։ Մահացածի հետ միասին  գերեզմանի մեջ դրվում էին տարբեր առարկաներ, այդ թվում՝ ծիսական անոթներ, արձաններ, զարդանախշեր, զենքեր, գործիքներ, խոհանոցային պարագաներ և սպասք, նույնիսկ մանկական խաղալիքներ։ Մահացածների հետ թաղված իրերը վկայում էին դամբարանի տիրոջ ինքնության և մասնագիտության մասին։

Այդ ժամանակաշրջանի հավատալիքների համաձայն, մահացածի հետ թաղվում էին նաև արվեստի թանկարժեք ու նրբաճաշակ գործեր, որոնք դասավորվում էին հատուկ կարգով։ Մարլիքի սուլթանների գերեզմանատան պեղումների ժամանակ հայտնաբերված դամբարանները լավագույնս պատկերում են ի մահից հետո կյանքի գոյության մասին այս ցեղհավատալիքներն ու գաղափարախոսությունը։  Դամբարանները   տարբերվում են ըստ դրանցում հուղարկավորված անձի ուժի, դիրքի և հարստության։ Թե՛ շինության ոճով, թե՛ մահացածի հետ հուղարկավորված առարկաների առումով, այս դամբարանները հնագետներին ներկայացրել են անցյալում իրանական արվեստի և արդյունաբերության զարգացման վերաբերյալ փաստագրված և արժեքավոր փաստեր:  

Պեղումների ժամանակ հայտնաբերվել եէ նաև մեծ քանակությամբ մարտական իրեր, այդ թվում՝ դաշույններ, թրեր, սվիններ, նիզակներ, դաստակներ, մարտական ​​թեւկապներ և բրոնզե պարսատիկներ, ինչը ցույց է տալիս, որ այդ ցեղի մարդիկ եղել են մարտիկներ։ Դոկտոր Էզաթոլլահի խմբի հայտնագործությունները մեծ ձեռքբերում էին հնագիտության համար և բացահայտեցին թաքնված պատմություն։ Սակայն ամենահետաքրքիրն այս տարածքում հայնաբերված ոսկե և արծաթե գավաթներն էին։ Դրանցից ամենակարևորները երեքն էին՝ «Թևավոր կով», «Երկգլխանի հրեշ և գազել», և «Կյանքի լեգենդը» գավաթները։

Դրանք ստեղծող արվեստագետները ոգեշնչվել են բնությունից։ Գավաթների վրա պատկերված են ընտանի կենդանիներ՝ կովեր, ոչխարներ, բադեր, ձիեր և այծեր և վայրի կենդանիներ, ինչպես՝ օձեր, անգղեր, վիթեր, արծիվներ, վարազներ ու հովազներ։ Որոշ գավաթների վրա պատկերաված են մի քանի կենդանիների համադրությունից առաջացած առասպելական կենդանիներ։

Գավաթների վրա արված պատկերները  վկայում են կյանքի և շրջապատող միջավայրի դժվարությունները հաղթահարելու ներքին կարիքի մասին, իսկ ոսկե գավաթներից յուրաքանչյուրը պատմում է Մարլիքի արվեստագետների արվեստի մասին։

«Թևավոր կով» գավաթը


18 սմ բարձրությամբ գավաթի վրա առկա են 2 սմ բարձրությամբ նախշեր։ Մեջտեղում կենաց ծառն է, որի ամեն կողմում պատկերված է մեկ թևավոր կով։ Այն, որ կովերը թևեր ունեն, ցույց է տալիս, որ դրանք դրախտային բնույթ ունեն: Կովերի գլուխները դաջված են մուրճով։ Թևավոր կովերի ամեն զույգը պատկերված է արմավենու ծառի վրա բարձրանալիս։ Այս երևակայական կենդանիները չափազանց ակտիվ և աշխույժ են և կանգնած են հետևի ոտքերի վրա: Առջևի ոտքերը բարձրացված և հենված են ծառի բնի և ճյուղերի շուրջը:

Ոճային առումով այս գավաթը լավագույնն է՝ իր գեղեցկությամբ ու պատկերի ճշգրտությամբ։ Թևավոր կովերի միջոցով փորձ է արվել բաժակին եռափաչ պատկեր փոխանցել, ինչը վկայում է  թե որքան զարգացած է եղել այս քաղաքակրթությունը։ Հետաքրքիր է, որ այս կովերի գլուխները ոչ թե գամված են գավաթին, այլ փորագրված են գավաթի սրտից։ Կովերի ու կենած ծառի վերևում ապտկերված է ծաղիկ, որը նման է  լոտոսի ծաղիկն։ Բաժակի եզրը խիտ զարդարված է շատ բարակ մետաղալարով և ունի գրեթե անկյունային ելուստ բաժակի մարմնի և հատակի միացման հատվածում: Գավաթի հատակին փորագրված է գեղեցիկ ծաղիկ։ Ծաղիկների մեջ երևում է արևը, որը տարածում է իր շողերը։ Արևը շատ կարևոր էր մարլիքցիների համար, և որքան կարող էին, նրանք պատկերում էին արևի խորհրդանիշը դեկորատիվ երկրաչափական եռանկյունների տեսքով մետաղական տարաների և բաժակների մեծ մասի հատակին։ Եվ ավելի լավ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ամեն ինչի կենտրոնում արևն է ու բոլոր արարածները կյանք են ստանում նրա կենսատու լույսից և ջերմությունից:

«Երկգլխանի հրեշ և վիթ» գավաթը

Այս գավաթը ենթադրաբար պատրաստվել է մ.թ.ա. 14-12-րդ դարերի կեսերին: Գավաթի վրա պատկերված է սարսափելի երկգլխանի հրեշ, որը բռնել է երկու վիթերի։ Այս գավաթի հեղինակը փորձել է պատկերել Մարլիքի մշակույում տարածված առասպելական կերպարներից մեկին։ Բաժակը պատրաստված է արծաթի  և ոսկու  համաձուլվածքից, 11 x 11 սմ չափերով։ Գավաթի վրա պատկերված երկգլխանի հրեշի մի գլուխը թեքված է դեպի ձախ, մյուսը՝ աջ, իսկ բերանը բաց է այնպես, կարծես այն գոռում է։ Հրեշի ոտքերը փաթաթված են իրար, ինչը սիմվոլիկ նշանակություն ունի։ Դրա թաթերից յուրաքանչյուրը բռնել է մի հիթի։ Հրեշը որսացել է հիթերին։ Գավաթի վրայի նախշն արվել է ղալամքարի և դաջվածք տեխնիկաներով։

«Կյանքի լեգենդը»


Այս գավաթը տարբերվում է նախորդ երկուսից։ Այն ունի 24 սմ բարձրություն  և 14 սմ տրամագիծ։ Դրա վրա պատկերված է մի լեռնային այծի կյանքի պատմությունը՝ ծնվելու օրից մինչև վայրի վարազի կողմից սպանվելու պահը։ Գավաթի վրա արված նախշերը բաղկացած են հինգ տողից։

Առաջին շարքում  լեռնային այծը խմոմ է մոր կաթը։ Երկրորդ շարքում մայրը սնվում է մոտակա թփից։ Վերևում պատկերված է ծառ, որի տերևներն ուտում են երկու այլ այծեր։ Երրորդ շարքում վայրի խոզերն են, որոնք ուտում են լեռնային այծին։ Հեռվում պատկերված են անգղները, որոնք թռչում են երկնքում։ Նրանց փոքր պատկերելով, նկարիչը փորձել է ցույց տալ, որ դրանք հեռու են վայրից, որտեղ գտնվում են այծերին ուտող խոզերը։  Վերևի տողում  արդեն խոզերը չկան, իսկ  լեռնային այծերի մնացորդներն ուտում են անգղները։

Դոկտոր Նեգահբանը նշում է, որ այս գավաթը, թերևս  աշխարհում առաջին ստեղծագործությունն է, որը պատմում է կյանքի մասին՝ հստակ հաջորդականությամբ։

Ի տարբերություն մյուս երկու գավաթների, այստեղ ավելորդ բան չկա։ Այծը, վարազը, ծառը և անգղը պատկերված են այնպես, ինչպես կան։ Նրանք գտնվում են այն վիճակում,  որը սովորաբար կա բնության մեջ։ Այս պատկերում ոչ մի կախարդական կամ գերբնական կամ մետաֆիզիկական բան չկա: Ամեն ինչ տրամաբանական ընթացք ունի։ Գավաթ պատրաստող վարպետը նախ ուշադիր ուսումնասիրել է վայրի բնությունը։ Հետևաբար այն ոչ միայն ինչ որ իրադարձության արտահայտումն է, այլ կարելի է համարել աշխարհում առաջին կենսաբանության գիրքը։ Գիրք, որը նկարագրում է կենդանու կյանքի և մահվան պատմությունը և այն, թե ինչպես է նա փոխազդում այլ կենդանի էակների հետ միանգամայն բնական և իրատեսական ձևով:

Իսկ արդյոք սա Մարլիք քաղաքակրթության մտածողության արտացոլա՞նքն է թե ոչ, հնարավոր չէ ասել։ Ամեն դեպքում այս պատկերը մեծ արժեք ունի և կարելի է համարել, որ Իրանի բարձրավանդակի գիտական ​​մտածողության առաջին կայծերի մի մասնիկն է։

 

Շնորհակալ եմ «Իրանի պատմական գանձերը» փոդքասթի հերթական հաղորդման ընթացքում մեզ ընկերակցելու համար։ Այս ծրագրում խոսեցինք Մարլիք քաղաքարթության և Մարլիք բլուրում հայտնաբերված գավաթների մասին։

Հաջորդ շաբաթ կխոսենք Իրանի ևս մեկ պատմական գանձի մասին։

Մեզ կարող եք հետևել սոցիալական ցանցերում՝...

 

Տեքստը կարդալու և լուսանկարները տեսնելու համար այցելեք մեր կայք

Եթե ձեզ դուր է գալիս մեր փոդքասթի բովանդակությունը,  գնահատեք այն ​​և անպայման առաջարկեք  ձեր ընկերներին ու  տարածեք այն տարբեր սոցիալական ցանցերում:

Խնդրում ենք առաջարկել, թե ինչ թեմաների կցանկանայիք, որպեսզի մենք անդրադառնանք հետագա դրվագներում:

Մեզ հետ կապվելու համար գրեք մեզ մեկնաբանությունների բաժնում կամ հաղորդագրություն ուղարկեք մեզ սոցիալական ցանցերում:

Կհանդիպենք հաջորդ շաբաթ։

Աստված օրհնի ձեզ։