Ապրիլ 21, 2024 11:50 Asia/Tehran

Իրանի բարձրավանդակը աշխարհի հնագույն քաղաքակրթությունների բնօրրանն է։ Իլամի քաղաքակրթությունը, Այրված քաղաքը, Սիալքի (Sialk) քաղաքակրթությունը և շատ այլ բաններ պատճառ են դարձել, որ պատմությամբ ու մշակույթով հետաքրքրված մարդիկ հիանան  Իրանով։

 

Որքան կարող եք, պահպանեք աստիճանակարգումը իրանցիների նկատմամբ ձեր վարքագծում,,որպեսզի ոչ ոք չվիրավորվի։ Որովհետև իրանցիների մոտ աչքի ընկնող այն ողջ անկեղծությամբ ու ջերմությամբ հանդերձ, հարգանքը առանձնահատուկ տեղ ունի..., ուստի զգույշ եղեք ձեր պահվածքում։

Նախորդ էպիզոդում պատմեցի իրանցիների շրջանում իմիջի և պատվի մշակույթի մասին՝ ցիտելով հույն ճանապարհորդ Սոֆյա Ա Կոտլաքիի (Sofia A Koutlaki) խոսքերը։ Ես Արթին Ալավերդյանն եմ, ընկերակցեք ինձ այս էպիզոդում ծանոթանալու իրանցիների մոտ ընդունված ֆորմալ և ոչ ֆորմալ վարքագծին ու պահվածքին: Թեև այս էպիզոդում առանձին-առանձին ներկայացնում ենք որոշ վարքագծային սկզբունքներ՝ վերլուծության և ուսումնասիրության նպատակով, բայց հաճախ այդ սկզբունքները փոխկապակցված են միմյանց հետ, և դրսևորվում են տարբեր վարքագծերում։

----

«Իրանցիների շրջանում» խորագրով հրատարակված իր գրքում Սոֆյա Ա Կոտլաքին խոսել է տարբեր իրավիճակներում իրանցիներին դիմելու մասին։ Տեսնենք, թե ինչ է պատմում մեզ Սոֆիան այս կապակցությամբ։

«Ուզում եմ ձեզ մի հուշ պատմել ութսունականների վերջից: Այդ ժամանակ ես Լոնդոնում աշխատում էի մի իրանական ընկերությունում։ Մի վայր, որտեղ արդեն մի քանի տարի աշխատում էին իրանցիներ։ Մի անգամ լսեցի, որ իմ գործընկերներից մեկը մյուսին նրա ազգանվան փոխարեն անունով է կանչում, ու քանի որ այդ տիկինը ինձ նույնպես իմ անունով էր կանչում, մտածեցի, որ ես էլ կարող եմ նույնը անել: Բայց երբ ես դա արեցի, նրան դուր չեկավ և ասաց ինձ. «Ոչ թե Զարի, այլ տիկին Ռահմաթի»:

Ես սխալ էի թույլ տվել, քանի որ նա ինձնից շատ մեծ էր, և մենք իրար կարճ ժամանակ էինք ճանաչում, այնպես որ ես չպետք է նրան դիմեի իր անունով»։

----

Որպես ընտանիքի և հասարակության անդամ, իրանցիները տարբեր հարաբերություններ ունեն միմյանց հետ, որոնցից յուրաքանչյուրում նրանք ընդունել են վարքագծի մի շարք նորմեր ու կանոններ, և նրանցից շատերը այդ վարքագիծը համարում են որպես իրենց կրոնական պարտականությունների մաս: Իրանցիների համար շատ կարևոր է ուրիշներին վերաբերվել հարգալից և սիրալիր, ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին և յուրացնել արժեքավոր հարաբերությունները: Այս երկրի ժողովրդի կարծիքով՝ «բարի վարքագիծ ունենալը» ամենացանկալի հատկանիշներից է, որը արմատավորվում է երեխաների մոտ։

Ընդհանրապես, իրանցիներն իրենց չեն դնում այնպիսի իրավիճակների մեջ, որոնք հանգեցնում են ձայնի բարձրացման, հազվադեպ դեպքերում նաև կռվի ու հայհոյանքների, և խուսափում են դրանից։

-----

Հաջորդ հարցը, որի մասին ուզում եմ խոսել, որն ինչ֊որ տեղ կապ ունի նաև նախորդ հարցի հետ, բայց փոքր-ինչ տարբերվում է, քաղաքավարությունն է իրանցիների մոտ։ Հարգանքը, խոնարհությունը և սրտակցությունը երեք կարևոր սկզբունքներ են պարկեշտության և քաղաքավարության պահպանման համար:

Ձեզ կարող է հետաքրքրել, որ ելնելով այս երկրի ժողովրդի մոտ հարգանքի սկզբունքից՝ նրանք միշտ իրենց դիմացինին ավելի բարձր և ավելի լավ դիրքում են դնում, քան իրենց, իսկ ելնելով խոնարհության սկզբունքից՝ իրենց դիրքն ու կարգավիճակը ավելի ցածր են ներկայացնում, քան իրականում կան: Եվ վերջապես, մարդկանց միջև գոյություն ունեցող սրտակցության ու կարեկցանքի հիման վրա նրանք միշտ ուշադրություն են դարձնում այլ մարդկանց խնդիրներին, կարիքներին ու բարեկեցությանը, մտնելով նրանց դրության մեջ։

Երբ ոչ իրանցին առաջին անգամ հանդիպում է իրանցուն, հասկանում է, որ, հակառակ իր մշտական սովորության, պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի, որոնցից մի քանիսը, իր կարծիքով, լիովին անձնական են։ Օրինակ, իրանցիները հարցնում են մարդու տարիքը կամ եկամուտը, կամ թե ամուսնացա՞ծ է, արդյոք երեխաներ ունի։ Իսկ եթե ոչ, ապա ո՞րն է պատճառը։ Իրանցիներն էլ իրենց հերթին իրենց անձնական տվյալներն են տրամադրում ուրիշներին։

Նման հարցեր տալու իրանցիների նպատակը մարդկանց ավելի լավ ճանաչելն է։ Տեղեկատվության նման փոխանակումը իրանցուն օգնում է ճիշտ վարքագիծ ընտրել ուրիշների հետ շփվելիս, և, իհարկե, այս ամենը կարող է լինել սրտակցության նշան։ Նրանք ցանկանում են ձեզ ներառել իրենց ծանոթների շրջանակում։

----

Մեկ այլ բան, որ ես հասկացա Իրանում ապրելու ընթացքում, այն էր, որ պարսկերենում կա երկու դերանուն՝ եզակի երկրորդ դեմքին դիմելու համար. մեկը «թո»՝ եզակի և ոչ պաշտոնական ձևի դերանունն է, որը նշանակում է դու, մյուսը «Շոմա»՝ պաշտոնական և քաղաքավարի ձևի հոգնակի դերանունն է, որը նշանակում է դուք։ Այս հարցն ավելի հետաքրքիր է դառնում այն ժամանակ, երբ այս դերանունները տարբերվում են ոչ իրանցուն և իրանցիներին դիմելիս: Դերանուններ օգտագործելու այս տարբերությունը սկզբում ինձ դուր չեկավ, բայց ավելի ուշ իրանցի ընկերս ինձ դա բացատրեց:

Իրանում «դու» դերանվան օգտագործումը ընտանիքի կամ մտերիմ ընկերների շրջանակից դուրս համարվում է անքաղաքավարիություն և նույնիսկ հանդգնություն: Նույնիսկ ընտանիքի նույն անդամներն ու մտերիմ ընկերները այլ մարդկանց ներկայությամբ միմյանց դիմում են «Դուք» պաշտոնական դերանունով: Ընդհանրապես, ուրիշներին դիմելիս «Դուք» դերանվան օգտագործումը համարվում է քաղաքավարության ձև:

Երբ անծանոթ մարդիկ, ինչպիսիք են վաճառողները, բանկի աշխատողները, տաքսու վարորդները կամ նույնիսկ բժիշկները, իմանում էին, որ ես իրանցի չեմ, ինձ դիմելիս օգտագործում էին «դու» դերանունը: Սկզբում մտածում էի, որ ինձ հետ այնպես չեն վարվում, ինչպես պետք է, բայց ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ ճիշտ է, իրանցիները քաղաքավարություն են դրսևորում ուրիշների հանդեպ հարգանք ցուցաբերելու համար, բայց քանի որ ոչ իրանցիներն ավելի հանգիստ են վերաբերվում ուրիշների հետ շփվելիս,  իրանցիներն էլ նրանց հետ շփվելիս ավելի մտերիմ ու հանգիստ են վերաբերվում։ Ընկերոջս խոսքերի համաձայն,  բոլոր իրանցիներն առանց բացառության բարի և լիովին բարեկամական են վերաբերվում օտարերկրացիների նկատմամբ, ուստի նրանք երբեք նպատակ չեն ունեցել վիրավորել ինձ։ Ես հասկացա, որ օտարերկրացիների ներկայության պարագայում իրանցիները հարաբերություններում ընդունված սովորույթներն ու կանոնները համարում են ավելորդ և փորձում են մի կողմ դնել այն կանոնները, որոնք օգտագործում են իրենց հայրենակիցների հետ հարաբերություններում։

Իրանում դերանունների օգտագործման շատ հետաքրքիր կետերից մեկը կապված է հոգնակի «մա» դերանունի հետ, որը նշանակում է «մենք»։ Անգլերենում հիմնականում թագավորական ընտանիքն է օգտագործում հոգնակի առաջին դեմքի «մենք» դերանունը՝ ցույց տալու համար իրենց ուժն ու բարձր դիրքը, սակայն Իրանում այս դերանունը ներկայումս չունի նման կիրառում։ Այս հանգամանքը սերում է այս երկրի պատմական իրադարձություններից։ Տարիներ առաջ այս երկրում իշխող համակարգը միապետություն էր, իսկ հիմա այս համակարգը վերացել է, նրա հետ վերացել է նաև «մենք» դերանվան այս կիրառությունը և այլ իմաստ է գտել։ Իրանցիները երբեմն այս բառն օգտագործում են ծաղրանքի տոնայնությամբ խոսելու համար. օրինակ ասում են. «Մեր քունը տանում  է»:

-----

Մեկ այլ բան, որ ես նկատեցի Իրանում դիմացինին դիմելու ձևի հարցում, կապված է մարդկանց ազգանունների հետ:

Իրավական առումով իրանցի կանայք ամուսնությունից հետո չեն վերցնում ամուսնու ազգանունը։ Ուստի աշխատանքային իրավիճակներում նրանք ճանաչվում են իրենց օրիորդական ազգանունով։ Այդուհանդերձ, հնարավոր է, որ  հասարակության մեջ օգտագործեն նաև իրենց ամուսնու ազգանունը: Իսկ «Խանում» տիտղոսը չի մատնանշում, թե  կինը ամուսնացած է, թե ոչ։

Իրանցիներն աշխատանքային իրավիճակներում օգտագործում են «Աղա» (պարոն) կամ «Խանում» (տիկին) տիտղոսները անձի ազգանվան հետ միասին: Կին գործընկերները, ովքեր մտերիմ են, միմյանց դիմում են միմիայն իրենց անունով` «Ջան» բառի հետ միասին, սակայն ուրիշների ներկայությամբ անձի ազգանվան հետ մեկտեղ օգտագործում են «Խանում» բառը։ Եթե ​​աշխատավայրում միմյանց մտերիմ տղամարդիկ են, ապա նրանք սովորաբար օգտագործում են իրենց անունը կամ ազգանունը առանց «Աղա» բառի։ Կրթության աստիճանը և աշխատանքի դիրքը հաճախ ասվում են որպես ազգանվան նախածանց: Օրինակ՝ «պարոն ինժեներ» ազգանվան հետ միասին կամ «տիկին դոկտոր» ազգանվան հետ միասին ։

Ընդհանրապես, միայն անձի անունն օգտագործելը կամ նույնիսկ Աղա կամ Խանում բառը տվյալ անձի անվան հետ օգտագործելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ միմյանց լավ ճանաչում են։

Անգլիական մշակույթում անունի օգտագործումը ցույց է տալիս ոչ պաշտոնականությունը, բայց պարտադիր մտերմության կամ ծանոթության նշան չէ: Ուստի, անգլիախոսները պետք է իմանան, որ լավագույն տարբերակն այն է, որ Իրանում պաշտոնական հավաքներում խուսափեն դիմելու համար մարդկանց անուններն օգտագործելուց: Այնուամենայնիվ, քանի որ իրանցիների համար կարող է դժվար լինել արտասանել օտարերկրացիների ազգանունները, օտարերկրացիները նախընտրում են մյուսներն իրենց դիմեն իրենց անուններով այն իրավիճակներում, որտեղ ներկա են իրանցիները: Նկատի ունեցեք, որ եթե նրանք ձեզ անվանում են ձեր անունով, դա երկկողմանի չէ, և դուք չեք կարող նրանց կանչել իրենց անունով: Դուք պետք է որոշեք, թե յուրաքանչյուր իրավիճակում գերակայում է հարգանքն ու քաղաքավարությունը, թե՞ սրտակցությունն ու մտերմությունը:

Այսպիսով, որպես օտարերկրացի, եթե վստահ չեք, նույնիսկ եթե ձեզ դիմում են ձեր անունով, օգտագործեք Խանում կամ Աղա տիտղոսները՝ անձի ազգանվան հետ միասին՝ դիմացինի անվան փոխարեն: Եթե ​​ձեր զրուցակիցը ցանկանում է, որ դուք նրան անվանեք իր անունով, ապա նա ձեզ կասի։

Այստեղ հարկ եմ համարում ձեզ մի քանի կարևոր կետ ասել իրանցիների հետ շփվելիս։ Քանի որ Իրանում մարդիկ մահմեդական են, այստեղ ժողովրդական մշակույթն այնպիսին է, որ հակառակ սեռի հետ շփումն անթույլատրելի է, նույնիսկ նախնական ծանոթության համար ձեռք սեղմելու չափով: Այնուամենայնիվ, նույն սեռի ներկայացուցիչները կարող են ամուր գրկել և համբուրել ձեզ, մի զարմացեք այս զգացմունքային և շատ ընկերական պահվածքից, նրանք ցանկանում են միայն սիրալիրություն ցուցաբերել:

------

Հարգարժան բարեկամներ, ավարտվեց «Իրանցիների շրջանում» փոդքասթի հինգերորդ էպիզոդը, որը իրանցիների մոտ ֆորմալ և ոչ ֆորմալ պահվածքի, քաղաքավարության և սովորույթների մասին էր, իսկ հաջորդ թողարկման ժամանակ կխոսենք իրանցիների մոտ բարևելու, որպիսիության մասին հետաքրքրվելու և հաճոյախոսությունների սովորույթների մասին Սոֆյա Ա Կոտլակիի պատմածով: Ուրախ կլինենք, եթե ընկերակցեք մեզ հաջորդ էպիզոդների ընթացքում։

Դուք կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում` Ֆեյսբուքում, X-ում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

X.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի հայերեն ռադիոժամի կայքում՝ parstoady.ir/hy  հասցեով:

Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով, որի հասցեն է  [email protected] 

Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքները այս փոդքասթի վերաբերյալ։

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ դուր եկավ և հետաքրքիր էր, առաջարկում ենք այն ներկայացնել ձեր ընկերներին և տարածել սոցիալական էջերում։  

 Մինչ նոր հանդիպում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Մնացեք խաղաղությամբ։