Ապրիլ 21, 2024 11:55 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք իրանցի տաղանդավոր նկարիչ, նկարազարդող, վարպետ Մահմուդ Ֆարշչյանի հետ։

 

Արվեստասերների շրջանում քիչ են այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն Մահմուդ Ֆարշչյանի անվան հետ։ Իրանցի տաղանդավոր նկարիչը իրանական մանրանկարչության ոլորտում նոր մեթոդներ ստեղծեց՝ միախառնելով դասական և ժամանակակից ոճերը, որպեսզի իր գեղեցիկ գործերն ու մնայուն նկարչությունները շոյեն արվեստասերների աչքերը Իրանում և ամբողջ աշխարհում:

Իրանական գեղանկարչության ոլորտում վարպետ Մահմուդ Ֆարշչյանը այս արվեստի յուրահատուկ ոճի ստեղծողն է։ Արվեստի ինքնատիպությանը ուշադրություն դարձնելուն զուգահեռ, նա նոր մեթոդների ստեղծմամբ  մեծացրել է իրանական գեղանկարչության հնարավորությունն ու արդյունավետությունը։ Նրա առանձնահատկությունն այն է, որ նա արվեստը ծառայեցրել է իսլամին ու կրոնի մեծերին։ Ֆարշչյանը հայտնի է շիական մոտիվներով ստեղծագործություններով։ Նրա որոշ գործեր Իրանի արտգործնախարարների կողմից նվիրաբերվել են օտարերկրյա դեսպաններին ու նախարարներին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Փարիզում, Նյու Յորքում և Չիկագոյում:

 

1920-ականներին Սպահանում, որտեղ ծաղկում էին ձեռքի աշխատանքների վարպետների գործունեությունը, նրանց դասարաններն ու արհեստանոցները լեցուն էին աշխատասեր, իրենց՝ հայրերի աշխատանքների ժառանգորդը համարող աշակերտներով ու սաններով։ Այս սաններից մեկն էր Մահմուդ Ֆարշչյանը, որի հայրը գորգագետ և արվեստասեր էր։ Երբ հայրը տեսավ, որ իր չորսամյա որդին գորգի վրա նստած, թղթի վրա գորգի նախշերն է նկարում,  հայտնաբերեց տղայի տաղանդը և տարավ վարպետ Էմամիի մոտ։ Դասարանում վարպետ Միրզա Աղա Էմամին Մահմուդից պահանջեց, որ եղնիկի ինչ-որ նախշ նկարի ու բերի։ Հաջորդ առավոտ վարպետ Էմամին տարբեր չափերի և տարբեր տեսանկյուններից եղջերուների 200 նախշի ականատեսը եղավ: Երիտասարդ աշակերտը առաջացրեց վարպետի հիացմունքն ու զարմանքը, և սա սկիզբն էր արվեստում նրա փայլելու և տաղանդի դրսևորման։

  Մահմուդը ավագ դպրոցում դարձավ վարպետ Իսա Բահադորիի աշակերտը։ Վարպետը նրան սովորեցրեց գորգագործություն, մանրանկարչություն և յուղաներկով նկարչություն։ Կրթությանը զուգընթաց նա գնացել է բացահայտելու իր քաղաքի պատմական հուշարձանները։ Տեսնելով Չեհել-Սոթուն և Ալիղափու պալատները, Շեյխ Լոթֆոլլահի մզկիթը, սալիկագործության Էսլիմի (Arabesque) և Խաթայի ոճի նախշերը երիտասարդ Մահմուդն ընկնում էր այլ աշխարհ։ Նախշերով ու գույներով լի աշխարհ, որտեղ նա կարող էր տեսնել իր երկրի հին վարպետների թողած հետքերը և ըմբռնել նախշուն սալիկների վրա իրանական քաղաքակրթության ու մշակույթի վեհությունը:

 

Գեղարվեստի վարժարանում սովորելուց հետո Մահմուդ Ֆարշչյանը մեկնել է Եվրոպա, որտեղ մի քանի տարի ուսումնասիրել է արևմտյան ականավոր նկարիչների գործերը, և այդ ուսումնասիրությունների արդյունքում է, որ նա համաշխարհային չափանիշներով նոր լուծում է գտնում նկարիչների արվեստի համար: Նա հարցազրույցներից մեկում ասել է. «Առավոտյան ես առաջինն էի, որ մի կապոց թղթով ու գրչով մտնում էր թանգարան, և վերջին մարդն էի, որ այնտեղից դուրս էր գալիս»:

Իրան վերադառնալուց հետո աշխատանքը սկսել է Թեհրանի կերպարվեստի գլխավոր վարչությունում։ Որոշ ժամանակ անց ընտրվել է Ազգային արվեստների վարչության ղեկավար և Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր։ Այդ ընթացքում իր շարունակական աշխատանքով ու ջանասիրությամբ, զարմանահրաշ գործեր կերտելով, նրա գեղարվեստական ​​համբավը տարածվեց Իրանում և նրա սահմաններից դուրս։

Վարպետ Ֆարշչյանի աշխատանքները ցուցադրվել են Իրանում և այլ երկրներում ավելի քան հարյուրավոր անհատական ​​ու հավաքական ցուցահանդեսներում, և արժանացել են բարձր գնահատանքի: Համաշխարհային ասպարեզում նրա հռչակի վկայությունն է հաջորդական ցուցահանդեսների անցկացումը։ Այնպես, որ թանգարաններն ու գրադարանները, մասնավոր կոլեկցիոներներն ու արվեստասերները հպարտանում են նրա ստեղծագործություններից մի կտոր ունենալու համար։

Վարպետի նկարչությունները ինքնատիպության և նորարարության հաճելի համադրություն են: Սահուն գծերով, նուրբ ու շրջանաձեւ կոմպոզիցիաներով նա ստեղծագործությունների խորքում դնում է թաքնված գաղտնիքներ ու տողատակային ակնարկներ։ Միևնույն ժամանակ, թեմայի ընտրության և աշխատանքի մշակման գործում նորարարությամբ նա ընդունված ձևաչափերից դուրս է գալիս։ Ֆարշչյանի ստեղծագործություններում նկատվող վառ գույներն ու ալիքավոր երանգները նորարարության նշան են, որը առասպելական է թվում:

Իր յուրաքանչյուր ստեղծագործության համար վարպետ Ֆարշչյանը պատմություն ունի։  Բացահայտումների և ինտուիցիայի պատմություններ, որոնց նա հասել է իր յուրաքանչյուր ստեղծագործությունը կերտելու համար: Շիաների 8-րդ առաջնորդ Իմամ Ռեզայի մականունը համարվող «Զամեն Ահու» (Եղնիկի երաշխավոր) կոչվող կտավի վերաբերյալ, նա ասել է. «Սկզբում ես ուզում էի իմամին նկարել թիկունքից, սակայն կտավի պահանջները ստիպում էին, որ ես նրան պատկերեմ առջևից։ Երբ հասա իմամի դեմքի հատվածին, չէի կարողանում պատկերն այնպես անել, ինչպես ուզում էի: Օրերով Դեմքի հատվածն անփոփոխ մնաց։ Օրերից մի օր, երբ ինչպես միշտ, նկարչությունը ընդմիջելով նամազի ու աղոթքի համար լվացվելուց և պատրաստվելուց հետո դեմքով կանգնեցի դեպի Սրբազան Մաշհադ քաղաքի ուղղությամբ, կարդացի մեծարգո իմամի հատուկ աղոթքը: Հետո գնացի կտավի մոտ, վերցրեցի վրձինը և սկսեցի աշխատել։ Առանց վրձինը կտավից հեռացնելու կամ դիզայնը փոխելու, դեմքը կերտեցի։ Իսկ երբ այն ավարտվեց, ես դրանում ոչ մի փոփոխություն չարեցի»:

  Վարպետ Ֆարշչյանի «Զամեն Ահու» (Եղնիկի երաշխավոր) նկարը

 

******************************************

Թեհրանն է խոսում, ԻԻՀ ձայնն եք լսում։ Եթերում է հայերեն ռադիոժամը։

Բարեկամներ, դուք լսում եք «Ժամանակակից Իրանի պարծանքները» հաղորդաշարի 3-րդ մասը։

*******************************

 

«Աշուրայի երեկոն» կոչվող կտավը վարպետ Ֆարշչյանի մեկ այլ հավերժական և մնայուն ստեղծագործություններից է, որը պատմում է Իմամ Հոսեյնի անվերադարձ ճանապարհորդության, նրա ու նրա ուղեկիցների նահատակության լուրը ընտանիքի վրաններին հասնելու մասին: Այս գեղանկարչությունը ստեղծվել է 1977 թվականի Աշուրայի օրը (շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրը)։ Նկարի մեջտեղում գտնվող Իմամ Հոսեյնի անհեծյալ ձին և նահատակության լուրը լսելուց հետո լացող կանայք վկայում են «Աշուրայի երեկոյի» դառնության մասին: Այս աշխատությունը, որն իմամ Հոսեյնի Աշուրայի թեմայով ստեղծված ամենամնայուն գործերից է, ոչ միայն ստիպում է մուսուլմաններին մտածել, այլև շատ ասելիքներ ունի ոչ մուսուլման ժողովուրդների համար, և այլ երկրներից ու կրոններից շատերին է գրավել դեպի իմամ Հոսեյնի գաղափարախոսությունը։ Քրիստոնեության մեծ գիտնականներից մեկը հիշատակել է «Աշուրայի երեկոյի» կտավը և այդ մասին հրապարակելիս գրել է, որ այս նկարը շատ ավելի ասելիք ունի, քան թվում է։ Նա գրել է նկարի խորքայնության մասին, իսկ դրանից հետո այս աշխատանքը գրավել է բազմաթիվ քրիստոնյաների ուշադրությունը։

Այս ստեղծագործության ստեղծման մասին Ֆարշչյանն ասում է. «Իրանի Իսլամական հեղափոխությունից երեք տարի առաջ՝ Աշուրայի օրը, երբ մայրս գնում էր այդ օրվա քարոզին մասնակցելու, ինձ խորհուրդ տվեց, և ասաց, որ գնամ Աշուրայի քարոզին մասնակցելու, որպեսզի մի քանի կարգին խոսք լսեմ։ Ես նրանց ասացի. «Նախ իմ սենյակում գործ ունեմ անելու, հետո կգնամ։ Ես բարձրացա վերևի հարկ. կարծես պրոյեկտորի լույս էր ընկել կտավի վրա։ Չգիտեմ՝ լույս էր, սեր էր, իմ զգացմունքն էր, թե ուրիշ բան, չգիտեմ։ Ինչ, որ կար, ես նկարեցի կտավի նախնական ձևը»։ Նա հավելում է.

«Թեև այս ստեղծագործության ստեղծումից երկար ժամանակ է անցել, բայց ամեն անգամ, երբ հիշում եմ այս կտավի ստեղծման հոգևոր պահերը, այն ինձ յուրահատուկ տրամադրություն է հաղորդում։ Այս գործը ստեղծելու պահին ես մաքրամաքուր հոգևոր զգացողություն ունեի, ասես խաղաղություն էր իմամ Հոսեյնի կողմից, որպեսզի կարողանամ նման կտավ ստեղծել»։ Ես հավատում եմ հետևյալ բանաստեղծության տողերին.

«Ես իմ կամքով չեմ գալիս քո հետևից

  Այլ այդ երկու պարանն է ինձ քարշ տալիս»

 

 Վարպետ Ֆարշչյանի «Աշուրայի երեկոյի» նկարը

 

Նկարչությունից բացի, վարպետ Մահմուդ Ֆարշչյանը հրատարակել է նաև իսլամական ու պարսկական գրականության նշանավոր գրքերի ոսկեզոծման և ձևավորման մասին աշխատություններ, գրքեր, ինչպիսիք են Հաֆեզի գազելները և Մալեք Աշթարին հղած Իմամ Ալիի նամակները: Վարպետի ակնառու գործերից է նաև «Շամս և Մոլանան» կտավը, որը ներշնչված է Մոլանայի բանաստեղծություններից մեկով։ Այս նկարչության մեջ օգտագործվել են հատուկ գույներ՝ Մոլանայի ու Շամսի միջև եղած հոգևոր և միստիկ հարաբերությունները գեղեցիկ կերպով ցույց տալու համար:

Վարպետ Ֆարշչյանը գեղեցիկ կերպով բացահայտել է Աստծո արարչագործության գեղեցկությունը Իսլամի Մարգարեի գերդաստանի էության մեջ և պատկերել է այն այլ մարդկանց համար: Վարպետ Ֆարշչյանի մնայուն և արդյունավետ վրձինով պատկերված Իմամ Հոսեյնի և Իմամ Ռեզայի մաքուր ու լուսավոր սրբավայր դամբարանների ոսկե մոտիվներն ու ձևավորումները իրանական մշակույթի և արվեստի պատմության մեջ օրհնված աշխատանքներ են, որոնք վարպետը կերտել է պատվավոր կերպով և այս հաջողության պատվին է արժանացել։

 

Այս իմաստուն վարպետը, չնայած հայտնի ու մեծ համբավին, խոնարհ անհատականություն ունի և խոնարհվում է յուրաքանչյուր արվեստագետի առաջ: 2005թ., տեսնելով վետերան, հաշմանդամ գեղանկարիչ Հոսեյն Նուրիի կտավները, Ֆարշչյանը մի գրառման մեջ գրել է. «Պարոն Հոսեյն Նուրի, ամբողջ սրտով խոնարհվում եմ ձեր հոգու մեծության առաջ, սիրելի նկարիչ»:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության կազմակերպությունը Թեհրանի Սաադ Աբադ պատմամշակութային համալիրում հիմնել է Ֆարշչյանի թանգարանը՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի բոլոր մարդկանց ու արվեստասերներին տեսնել այս մեծ արվեստագետի աշխատանքները։ Այս թանգարանում հավաքագրվել են վարպետի ավելի քան յոթանասուն գործեր։

Նաև 2018 թվականին բացվել է Վարպետ Մահմուդ Ֆարշչյանի անվան Իսլամա-իրանական արվեստի համալսարանը որպես Իրանի Իսլամական Ազատ համալսարանի ենթահամալիր։

Ֆարշչյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրաբերվել է Իմամ Ռեզայի սրբավայր-դամբարան համալիրին և պահվում է «Աստան Ղոդս Ռազավի» թանգարանում:

 

Այժմ, մի քանի տասնամյակ ջանքերից հետո, Մահմուդ Ֆարշչյանի անունը գրանցվել է ժամանակակից Իրանի նշանավոր մարդկանց ցուցակում։ Նա ունի արվեստի առաջին կարգի շքանշան և մինչ այժմ բազմաթիվ մրցանակներ ու շքանշաններ է բերել Իրանի համար, ինչպիսիք են՝ իտալական Օսկարի ոսկե արձանը, Իտալիայի ոսկե արմավենու արվեստի շքանշանը, Բելգիայի արվեստի միջազգային փառատոնի ոսկե մեդալը և այլն։ Այս ամենի համար վարպետը իրեն պարտական ​​է համարում իր ծնողներին ու ասում.

«Ես մեծացել եմ կրոնական ու առևտրական ընտանիքում։ Մայրս մտավորական ու կրոնավոր հավատացյալ կին էր։ Մեր տանը միշտ աղոթքի ու քարոզ կարդալու հավաքույթներ էր լինում, և շատ կրոնական առիթներով մենք միջոցառումներ ունեինք։ Այնպես, որ մենք ձուլվել էինք հոգևոր կյանքում և միշտ ուզում էինք, որ հոգևորությունն ու կրոնը լինեն մեր կյանքում առանց որևէ ձևականության»։

Վարպետ Ֆարշչյանը Իրանի հպարտությունն ու պարծանքն է և սիրված է բոլոր արվեստագետների ու արվեստասերների կողմից։ Նա այս գեղեցիկ բանաստեղծության վառ օրինակ է.

Տարիների կյանք են պետք զառամյալ հայր երկնքին

Որ քեզ պես զավակ ծնի մայր աշխարհը

 

Բարեկամներ, դուք լսում էիք «Ժամանակակից Իրանի պարծանքները» հաղորդաշարի 3-րդ մասը։

Այս և այլ հաղորդումներին կարող եք հետևել հայերեն ռադիոժամի կայքի միջոցով, որի հասցեն է Parstoday.ir/hy

Մինչ նոր հանդիպում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Աստված ձեզ հետ, մնացեք խաղաղությամբ։