Նոյեմբեր 05, 2018 07:56 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանական կարճամետրաժ «Are You Volleyball!?» ֆիլմը շահեց Կարդիևի միջազգային 3-րդ կինոփառատոնի «Ոսկե Աժդահա» կոչվող մրցանակը:

ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, իրանական «Are You Volleyball!?» ֆիլմը շահել է Կարդիևի միջազգային 3-րդ կինոփառատոնի «Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակը:

«Are You Volleyball!?»-ը պատմում է արաբախոս ապաստանյալների խմբի մասին ովքեր հասնում են անգլիախոս մի երկրի սահմաններին: Սահմանները փակ են և ապաստանյալներն ամեն օր բախվում են սահմանապահ զինվորների հետ, իսկ մի քանի երեխաներ այս երկու խմբի միջև շփում հաստատելու նոր ելք են գտնվում:

Կարդիևի միջազգային 3-րդ կինոփառատոնը հոկտեմբերի 27-ից 30-ը կայացավ Ուելսում:

«Ալֆաբեթ»

 

Իրանական երկու մուլտֆիլմեր և մեկ վավերագրական ֆիլմ հաջողություններ արձանագրեցին միջազգային կինոփառատոներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քիանուշ Աբեդիի  «Ալֆաբեթ» կարճամետրաժ մուլտֆիլմը, որ այս պահին միջազգային փառատոներում շահած մրցանակների տեսակետից Իրանում ռեկորդակիր է համարվում, շահեց ամերիկյան փառատոնի մրցանակը:

ԱՄՆ-ի Արվեստագետների միության կինոփառատոնն «Ալֆաբեթ»-ին հանձնեց լավագույն մուլտֆիլմ անվանակարգի մրցանակը:

Այս կինոփառատոնի երրորդ շրջանը հոկտեմբերի 11-ից 13-ն անցկացվեց Նյու Յորքում:

Ալի Զարե Ղանաթ Նոյիի «Թափուր տեսադաշտ» մուլտֆիլմն էլ մասնակցելով ԱՄՆ-ի «Ստրասբուրգ» կինոփառատոնին, լավագույն մուլտֆիլմ անվանակարգի մրցանակի թեկնածու է ճանաչվել:

Հիշյալ կինոփառատոնը նոյեմբերի 9-ից 11-ը տեղի կունենա ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում:

Իրանական կինոյի ոլորտի մյուս հաջողությունը պատկանում է Մոհամմեդռեզա Վաթան Դուսթի «Լութուս» վավերագրական ֆիլմին:

Հիշյալ վավերագրական ֆիլմը Չեխական Հանրապետության «Ջիլավա» վավերագրական ֆիլմերի միջազգային 22-րդ փառատոնում ներկայացնում է Իրանը:

Հոկտեմբերի 25-ին մեկնարկած կինոփառատոնն իր արդյունքներ կամփոփի հոկտեմբերի 30-ին:

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին որոշում կայացրեց

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին որոշում կայացրեց:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշել է. «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»։

«Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան

 

Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 10-ին տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան:

Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին կներկայանան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները /խմբավար՝ Էմմա Առաքելյան/։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ)։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ՌԴ վաստ.արտիստ Կոնստանտին Օրբելյանի  հրավերով այդ օրը Հայաստանում ելույթ կունենա ռուս նշանավոր բարիտոն Դմիտրի Կավրովը՝ «Կարմենում» ներկայանալով Էսկամիլիոյի դերեգով:

Դ.Լավրովը 2007 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ավան կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետը: 2010 թվականին ավարտել է ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Վլադիմիր Վանեևի ղեկավարությամբ: 2014 թվականից Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հրավիրյալ մենակատար է: Հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի օպերային թատրոններում: Դ.Լավրովը միջազգային մրցույթների դափնեկիր է: 

Շառլ Ազնավուր

 

Ռուսաստանի հայ երիտասարդների նախաձեռնած «Ուրարտու» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության արարողությունը նվիրված կլինի  ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։

«Անցյալ տարի Շառլ Ազնավուրի օրհնությամբ, մենք գնացինք ռիսկի, ինքնուրույն իրականացրեցինք նման լայնածավալ ծրագիր: Մենք միշտ երազում էինք ստեղծել մի մեխանիզմ, որը կնպաստի սերունդների շարունակականությանը: Մեր նպատակն է պահպանել միասնությունը, մշակույթն ու հոգևորությունը: «Ուրարտու» մրցանակաբաշխությունը մենք նվիրում ենք մեր ուսուցչին որպես հիշատակի և անսահման հարգանքի նշան», - ասել է մրցանակաբաշխության կազմկոմիտեի համանախագահ Անուշ Կիրակոսյանը:

Կազմակերպիչները հիշեցրել էին, որ մաեստրոն անձամբ էր մասնակցել «Ուրարտու» առաջին մրցանակաբաշխությանը:

Համերգին ելույթ է ունենալու դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ֆրանսահայ երգիչներ Ռոզի Արմենը և Ժան Տատլյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և ուրիշներ։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։

Հ.Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը

 

Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Շուխաևի աշխատանքները դառնալու են Christie's աճուրդային տան կազմակերպած  ռուսական արվեստի աճուրդի թոփ-լոտերը։ Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացվելու է 268 լոտ՝ ներառյալ գեղանկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի գլուխգործոցներ։

Հ.Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ  (515-775  հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է  և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:

Վասիլի Շուխաևի երկու նկարները գնահատվել են 390-650 հազարական դոլար։

 

Եկատերինբուրգում ցուցահանդեսի ժամանակ երկու աղջիկ սելֆի անելիս տապալել են Դալիի և Գոյայի գլուխգործոցները և փախուստի դիմել: Կոտրվել է աշխատանքներից մեկի շրջանակը և ապակին, իսկ Դալիի դեպքում վնասվել է հենց կտավը:

Ոստիկանությունը փնտրում է սելֆիի սիրահարներին, իսկ թանգարանում հաշվում են վնասը և լուծում վերականգնման հարցը:

 

BBC Culture հրատարակչությունը կազմել է բոլոր ժամանակների լավագույն 100 ֆիլմերի ցուցակը, որոնք չեն նկարահանվել Հոլիվուդում։ Ցուցակի կազմմանը մասնակցել են աշխարհի 43 երկրից քննադատներ։ Ցուցակում ընդգրկված 100 ֆիլմը 67 ռեժիսորի աշխատանք է, 24 երկրից, 19 լեզվով։ 

BBC Culture խմբագիրները կազմել են ցուցակը բալերի բարդ համակարգով։ Ցուցակի առաջին տեղում է  Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայներ» ճապոնական գեղարվեստական ֆիլմը, այնուհետև՝ Վիտորիո Դե Սիկայի «Հեծանիվներ առևանգողները», Յաուզդզիրո Օդզուի «Տոկոյան պատմություն»։ Լավագույն հնգյակում են Ակիրա Կուրոսավայի «Ռասեմոն» և Ժան Ռենուարի «Խաղի կանոններ» ֆիլմերը։

Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվել է Ինգմար Բերգմանի «Պերսոնա», Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես», Ֆրանսուա Տրյուֆֆոյի «400 հարված», Վոնգ Կար-Վայի «Սիրային տրամադրություններ», Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմերը։

Ցուցակում ընդգրկված են ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Հայելի» և «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմերը՝ համապատասխանաբար 20-րդ և 40-րդ տեղերում են, «Ստալկեր»-ը 49-րդն է, «Սոլյարիս»-ը՝ 57-րդը։ Էլեմ Կլիմովի «Գնա և նայիր»  ֆիլմը  ցուցակի 59-րդ տեղում է, Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» 24-րդ տեղում է։  Ցուցակում է նաև Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը։ 

 

Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի խճանկարային հատակը վնասվել է քաղաքը պատուհասած ջրհեղեղի պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, տաճար ներթափանցած ջուրը վնասել է Աստվածամոր սրբապատկերի դիմաց գտնվող խճանկարը: Ջրի մակարդակը տաճարի ներսում հասել է 90 սանտիմետրի: Ջրհեղեղից նաև տուժել է իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի երկու գոբելեն, որոնք ներառված են Պալացցո Ձագուրիում բացված ցուցադրության մեջ: Ստեղծագործություններն արդեն ուղարկվել են վերականգնման և մաքրման:

Հիշեցնենք, որ փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով 156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը  պատվել է ջրով։ Վենետիկի քաղաքապետը երեկ կարգադրել էր տարհանել հայտնի Սուրբ Մարկոսի հրապարակը, որը քաղաքի ամենացածր կետն է։ Մուտքը հրապարակ ամբողջությամբ արգելված էր դժբախտ պատահարներից խուսափելու համար։

 

Աճուրդում ներկայացվել է Ֆրանսիայի նախկին նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի գրադարանը և մեծ հաջողությամբ վաճառվել է։ Նախագահ-ընթերցողն այն անձամբ է հավաքել, եղել են օրինակներ, որոնք հենց հեղինակների կողմից ստորագրված են եղել։ Եվրանյուզը գրում է, որ աճուրդում ներկայացվել է 700 լոտ, վերջնական գինը տպավորիչ է եղել։

Գրքասեր Ժերոմ Կլեմանը, ով եղել է ֆրանսիացի նախագահի ընկերը, ասել է. «Միտերանը կարդում էր անընդհատ և գրեթե միշտ, երբ մենք հանդիպում էինք, կիսվում էր տպավորություններով։ Հայտնվելով նրա գրքերի հետ նույն տեղում՝ ինձ համար հնարավորություն է շարունակել մեր երկխոսությունը»։

Գրող Պիեր Գրոժն ասել է. «Ես չեմ կարող նշել որևէ մեկ պատճառ, որ վաճառքն այսքան հաջողված եղավ։ Եկել են այստեղ հանուն նախագահ-սոցիալիստի կամ հանուն ընթերցողի։ Ցանկացած պարագայում, այն դարում, երբ թվում էր, թե գաջեթները փոխարինել են ամեն ինչի, գիրքն ու ընթերցանությունը նախկինի պես  տարածված է և չի պատրաստվում զիջել իր դիրքերը»։

Մեկ ամիս առաջ սոցհարցման ժամանակ ֆրանսիացիները Ֆ. Միտերանին անվանել են վերջին 40 տարվա ընթացքում լավագույն նախագահը։ Նա Ֆրանսիան ղեկավարել է 14 տարի՝ 1981-1995  թվականներին։ Նրա 14-ամյա նախագահությունն ամենատևականն է Ֆրանսիայի պատմության մեջ։