Մի գավաթ անդորր (131. Սեր թե՞ կախվածություն)
Բարի հանդիպում սիրելի բարեկամներ: Այսօր մեր հաղորդման հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ զույգերն առանց միմյանց չեն կարող ապրել, սակայն, միասին լինելով հանդերձ, չգիտեն՝ ինչ է իրական երջանկությունը: Իրար հակասող հասկացություններ, որոնք իրենց տրամաբանական պատճառն ունեն: Պատճառն այն է, որ նման հարաբերություններում, սիրո փոխարեն, գերակշռում է կախվածությունն անձից: Փորձենք հասկանալ անձի հոգեբանական մեխանիզմները՝ ով ունի սիրային կախվածություն:
Առհասարակ, մարդկանց մեծամասնությունը փնտրում է իր երկրորդ կեսին, քանի որ իրեն չի համարում ամբողջություն: Նա փնտրում է կայացած և ինքնաստեղծ մեկի, ով ունի առավելություններ, ում հետևում կարելի է թաքնվել, և, միաժամանակ, լինել նրա երկրորդ կեսը: Հենց այդ ժամանակ էլ առաջ է գալիս սիրային կախվածությունը:Կախվածության հարաբերությունների պարագայում նույնիսկ կողքից ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ զույգը ավելի շատ տառապնքի ու տանջանքի միջով է անցնում, քան միմյանց հաճելի և ուրախ զգացումներ է պատճառում:
Կախվածության հարաբերություններում մարդիկ տվյալ մարդու ֆիզիկական ներկայությունը զգալու անհաղթահարելի ցանկություն են ունենում, ունենում են չարդարացված պահանջներ: Կախվածության հարաբերություններն ուղիղ հակառակն են ազատությանը: Այս հարաբերություններում չկա ազատություն, այս հարաբերությունները մարդուն զարգանալու և առաջ գնալու հնարավորություն չեն տալիս:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
*************************************
Դիմացինին կորցնելու վախը հետապնդում է նրանց, ովքեր դեռ չունեն ինքնաճանաչում: Սիրային կախվածությունը բաց չի թողնում այն մարդուն, ով քեզնից ավելի կարևոր անհատականություն է:
Ինքնահաստատված մարդիկ միշտ կյանքի ուղեկից են փնտրում, ով չի ընկալվում՝ որպես կյանքի իմաստ:
Որպես կանոն, ամուսնական զույգերի մոտ լիարժեքություն, իրական սիրով համակվածություն, փոխհարաբերություններում երկկողմանի բավարարվածություն դրսևորվում է այն ժամանակ, երբ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին՝ հանդիսանում է անձ, ով հոգեբանորեն հասուն է, սեփական պահանջները գիտակցող, դրանք ինքնուրույն իրականացնող, ինքն իրեն գնահատող և կողակցին վստահող: Նման մարդիկ գիտակցաբար են կատարում ընտրություն և պատրաստ են լինում ամբողջ կյանքում պատասխանատվություն կրել դրա համար: Նման մարդիկ արդեն իսկ երջանիկ են և պատրաստ են կիսել իրենց երջանկությունը կյանքի ուղեկցի հետ:
Այնուամենայնիվ, նման գիտակցական կյանք վարելուն զուգահեռ՝ շատերն իրենց հոգում ցանկանում են հեքիաթային կերպով հանդիպել իրենց ընտրյալին, ով կփրկի իրենց ինչ-որ չարագործից: Նման երևակայական իրականության սպասումը ծիլեր է առնում վաղ մանկությունից: Նրանք երեխաներ են, ովքեր այդպես էլ մանկության տարիներին չեն ստացել մոր կողմից անհատույց սեր, և նրանց սիրել են հստակ ինչ-որ բանի համար: Նրանց արգելել են արտահայտել հույզերն ու պահանջները, թույլ չեն տվել ինքնուրույն բացահայտել աշխարհը, հնարավորություն ունենալ սխալվելու, գործել իրենց հնարավորությունների սահմաններում: Սա մանկական հասակում ստացած անառողջ սերն է: Իսկ առողջ դաստիարակություն ստացած երեխաները, մեծանալով, լինում են հասուն, ամբողջական անհատ, ով լիիրավ արտահայտում է սեփական պահանջները, զգացմունքները և հույզերը:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
***
Որպես կանոն, այն անձինք, ովքեր դեռ մանկուց հնարավորություն չեն ունեցել արտահայտել սեփական մտքերն ու զգացողությունները, չեն արժևորում նաև դիմացինի նման պահանջների իրականացման կարևորությունը: Հետևաբար՝ նաև իրենց կողակցի, ում նրանք ընտրել են: Իրականում այն զգացումներն ու վերաբերմունքը, որ ծնողներից չեն ստացել, սիրային կախվածություն ունեցող անձինք փորձում և պահանջում են ստանալ ամուսնուց կամ կնոջից: