Գեղարվեստական հաղորդում (143)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
«Դիմադրության» միջազգային 15-րդ կինոփառատոնն ուրբաթ գիշեր ընտրելով տարբեր անվանակարգերի լավագույններին, ավարտեց աշխատանքը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի կինոյի բաժնում լավագույն կինոռեժիսորի մրցանակն ու պատվո դիպլոմը հանձնվեց «Թանգե Աբուղորայբ» ֆիլմի բեմադրիչ Բահրամ Թավաքոլիին:
Լավագույն դերասանի մրցանակի արժանացավ Նասեր Բաբաիյանը՝ «Դայան» ֆիլմում դերակատարման համար:
Իսկ լավագույն ֆիլմի մրցանակը «Թանգե Աբուղորայբ» ֆիլմի համար հանձնվեց Սաիդ Մալաքանին:
«Դիմադրության» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնում լավագույն կինոսցենարի մրցանակը «Հայրը» ֆիլմի համար հանձնվեց Բասել Ալ-Խաթիբին, իսկ լավագույն կինոռեժիսորի պատվո դիպլոմի արժանացան Կիմ Դրոժնինը և Անդրեյ Շալոպան՝ «Փանֆիլոյի 28 մարդը» ֆիլմի համար:
Փառատոնը «2018 թվականի դիմադրության գործիչ» մրցանակը հանձնեց Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի կազմակերպության՝ «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ի տեղակալ Աբումահդի Ալ-Մոհանդեսին:
«Դիմադրության» միջազգային 15-րդ կինոփառատոնը նոյեմբերի 26-ից 30-ը տեղի ունեցավ Թեհրանի «Ֆելեսթին» կինոթատրոնում:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես եկան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգով: Համերգն անցկացվեց դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ ունեցան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Համերգին հնչել է հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849 թվականին, բայց մեր երկրում կհնչի առաջին անգամ:
Դեկտեմբերի 1-ից Հայաստանի ազգային պատկերասրահի «Հայկական արվեստ. XX դար» մշտական ցուցադրությունը և ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահինի վերաբացված սրահը բաց կլինեն արվեստասերների համար:
Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով։ Ցուցադրությունում ընդգրկում է շուրջ 200 գեղանկար, 32 քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի 32 նմուշ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:
Ցուցադրություններ են կազմակերպվելու ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ այս պահին տեղի են ունենում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք «Էրմենիհաբեր»-ից։
Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած 90-ամյա հանրահայտ լուսանկարիչը նկարել էր նաև Էրդողանին: Գյուլերի մահվան առիթով Թուրքիայի նախագահը զանգահարել էր նրա հարազատներին ու իր ցավակցությունները հայտնել:
«Մեծ արվեստագետները մահից հետո շարունակում են ապրել իրենց թողած ստեղծագործություններով»,-ասել էր Էրդողանը:
ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած «Դեղին զգեստով աղջիկը» դիմանկարը վաճառվել է Լոնդոնի «Բոնհամզ»-ի («Bonhams» ) աճուրդում։ Նկարը Լոնդոն է ուղարկել նկարչի դուստր, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Գինը նշանակություն չունի։ Համոզված եմ, որ իրական գնից ցածր է, բայց փաստն է կարևոր, որ Սարգիս Մուրադյանի արվեստը դուրս է գալիս միջազգային շուկա և հենց առաջին անգամից վաճառվում է։ Իրենք էլ էին շատ ուրախ, որ առաջին անգամից վաճառվել է»,- նշեց նա։
Զ. Մուրադյանի խոսքով, սովետական շրջանում, մասնավորապես 1970-80-ական թվականներին, Սարգիս Մուրադյանը շատ հայտնի էր, մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, Քյոլնի ժամանակակից արվեստի թանգարանն նրանից երկու աշխատանք էր գնել։
«Բայց վերջին 30 տարիներին, երբ միջազգային շփումները պակասեցին, հայրիկս էլ մահացավ, ժամանակն իր գործն անում է, մոռացության են մատնվում։ Մեր մեծ ջանքերի շնորհիվ՝ բացեցինք ցուցասրահ, կազմակերպում ենք ցուցահանդեսներ, կարողացանք հասնել նրան, որ բավականին հեղինակավոր աճուրդներից մեկն ընտրեց Սարգիս Մուրադյանի աշխատանքը։ Կարծես թե իրենք պատրաստվում են հետագայում էլ մեզ հետ համագործակցել»,- ասաց Զ. Մուրադյանը։
Նա նշեց, որ իր մոտ է աճուրդի կատալոգը, շատ աշխատանքներ են ներկայացված եղել. «Ավաղ, ներկայացվում է որպես «ռուսական արվեստի» վաճառք։ Իհարկե, տխրեցնում է այդ փաստը, բայց կամաց-կամաց երևի դա էլ կհաղթահարենք»։
Զ. Մուրադյանն ասաց որ հայ արվեստն անընդհատ ներկայացվել է Սարյանի, Մինասի աշխատանքներով, բայց վստահ է, որ բացի նրանցից, Սարգիս Մուրադյանից, Հայաստանում շատ լավ նկարիչներ կան ու եղել են։
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը տարվա լավագույն ֆիլմ է անվանել ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարրելլի «Կանաչ գիրքը» (Green book, 2018), Բրեդլի Կուպերը ստացել է լավագույն ռեժիսորի կոչումը «Աստղը ծնվել է» (A Star is Born, 2018) ֆիլմի համար։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Վիգգո Մորտենսենը «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Պարգևատրման արարողությունը կայանալու է 2019 թվականի հունվարի 8-ին NBR Awards-ի գալա-համերգին։
Deadline Hollywood-ը գրում է, որ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը հաճախ մրցանակներ է տալիս «իր հայեցողությամբ», և հենց հաղթողները հաճախ չեն համընկնում նրանց հետ, որոնք «Օսկար» են ստանում։
Lucasfilm ստուդիան YouTube-ում հրապարակել է կարճամետրաժ «Աստղային պատերազմներ. Արկածների գալակտիկա» մուլտֆիլմի թրեյլերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նոր նախագիծը պետք է գրավի մանկական լսարանը։ Տեսանյութում հայտնվում են հայտնի հերոսներ՝ արքայադուստր Լեա, Դարտ Վայդեր, Հան Սոլո և ուրիշներ։ Մուլտֆիլմում հնչում է օրիգինալ ֆիլմերի հերոսների ձայները՝ Մարկ Հեմիլլ, Ալեք Գինես, Հարիսոն Ֆորդ և ուրիշներ։
Մուլտֆիլմի առաջին վեց կարճամետրաժ սերիաները թողարկվելու են այսօր StarWarsKids կայքում։ Մնացած սերիաները կներկայացվեն մինչև 2019 թվականի վերջ։
IMDb տվյալների բազան օգնել է մաթեմատիկոսներին «հաշվարկել» ամենաազդեցիկ երեք կինոնկարները, որոնք ամենաշատն են ազդել արվեստի զարգացման վրա։ Այդ ֆիլմերն են՝ «Հրաշագործը Օզ երկրից», «Աստղային պատերազմներ», «Փսիխո»։ Ցուցակում են նաև՝ «Քինգ-Քոնգ», «Տիեզերական Օդիսեա», «Ֆրանկենշտեյն»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է Applied Network Science ամսագրում։
«Մենք չենք օգտվել տոմսարկղային եկամուտներից կինոյի որակը գնահատելու համար, դրա վրա ազդում է անթիվ գործոններ։ Նույնը վերաբերում է նաև քննադատների չափազանց սուբյեկտիվ ակնարկներին։ Մենք ստեղծել ենք ալգորիթն, որը թույլ է տալիս գնահատել ֆիլմերի ազդեցությունը, թե ինչքան հաճախ են դրանց հղում անում այլ ֆիլմերում»,- ասել է Թուրինի համալսարանից Լիվիո Բոլոն։
Այս դեպքերում հաջողության հիմնական միջոցը հետագա ֆիլմերում այդ կինոժապավեններին ուղղակի կամ անուղղակի հղումներն են: IMDb ինտերնետ-բազայում կա 47 հազար ֆիլմի, 20 հազար ռեժիսորի և 400 հազար դերասանի մասին մանրամասն տեղեկատվություն։
Լոնդոնում Christie's աճուրդի տունը 225 հազար դոլարով վաճառել է ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գոգոլի ստեղծագործությունների հավաքածուն, որը հրատարակվել է 1832 թվականին Սանկտ Պետերբուրգում, դարձել է Լոնդոնի «ռուսական շաբաթվա» աճուրդում ամենաթանկ վաճառված ցուցադրությունը: Լոտի գնահատված արժեքը գերազանցել է երեք անգամ:
The Independent հրատարակչությունը ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն 30 մանկական գրքերը։ Ցուցակի հեղինակներն ընդգծել են, որ գրքերը ցակնկում ընդգրկվել են ժամանակի, ճաշակի և ամենակարևորը, ընթերցողների թելադրանքով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ Ցուցակը բացում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը, որը փորձագետները համարել են «մանկական գրականության ամենահզոր և անսովոր նմուշը»։ Ցուցակում է նաև Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները, Ջեյմս Բարի «Փիթեր Պենը», Կլայվ Լյուիսի «Նարնիի ժամանակագրություն», Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ, կամ գնալն ու գալը», Ջոն Ռոուլինգի Հարի Փոթերի արկածների մասին գրքերի շարքը և այլն։