Մի գավաթ անդորր(132.Հղիություն)
Ողջույն հարգելի ռադիոլսող բարեկամներ: Այսօր խոսելու ենք հղիների հոգեբանական խնդիրների մասին: Մեր հաղորդման հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Հղիության շրջանը կնոջ կյանքում բավական լուրջ մարտահրավերներ պարունակող շրջան է՝ թե՛ ֆիզիոլոգիական փոփոխությունների իմաստով, թե՛ հոգեբանական փոփոխությունների իմաստով, թե՛ պատասխանատվության տեսանկյունից: Առաջին հերթին այս շրջանում շատերին խանգարում է ծայրաստիճան զգուշավորությունը: Սա այն պարագան է, երբ հղի կանայք սկսում են խուսափել իրենց բնականոն կյանքի ռիթմից: Սակայն այս ընթացքում նախընտրելի է չփոխել կյանքի բնականոն ընթացքը:
Հղիությունը կանանց համար մեծ ուրախություն է, սակայն գոյություն ունեն մի շարք ֆիզիոլոգիական եւ հորմոնալ փոփոխություններ, որոնց ենթարկվում է կնոջ օրգանիզմը հղիության ընթացքում: Այդ փոփոխությունները կարող են հանգեցնել հոգեբանական խնդիրների:
Առաջին եռամսյակի ընթացքում շատ կանանց մոտ տագնապայնություն է ի հայտ գալիս, որի հիմնական պատճառը օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններն են:
Երկրորդ եռամսյակի ընթացքում կինը սկսում է ավելի լուրջ վերաբերվել իր հղիությանը եւ նույնիսկ անհանգստանալ երեխայի եւ այն բանի համար, թե կկարողանա արդյոք լավ մայր լինել: Կանայք տարբեր սցենարներ են մշակում եւ փորձում հասկանալ, ինչպես են վարվելու այս կամ այն իրավիճակում:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
*****************************
Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ապագա մոր ապրած սթրեսն ազդում է հղիության և ծննդաբերության վրա:
Որոշ կանանց մոտ անհիմն վախեր են առաջանում, որոնք հիմնականում կապված են նախկինում ունեցած բացասական փորձի հետ: Այս վախերը շատ երկար թաքնված են մնում եւ գլուխ բարձրացնում միայն այն ժամանակ, երբ կինն ավելի խոցելի է դառնում: Եթե այդ վախերն ինքնուրույն չի հաջողվում հաղթահարել, պետք է դիմել բժշկի:
Փորձենք ներկայացնել այն հիմնական հոգեբանական գործոնները, որոնք նպաստում են հղիության ընթացքում հուզական սթրեսի առաջացմանը:
Եսակենտրոնություն, երբ ապագա մայրը չի ցանկանում հանուն երեխայի որոշակի զոհողությունների գնալ:
Ա տիպի պահվածք, երբ ապագա մայրն առաջնային կարևորություն է տալիս մասնագիտական հաջողություններին և հետաքրքրություններին, որոնք հակասում են որոշ շրջան միայն ընտանիքին ժամանակ տրամադրելուն և երեխայի կարիքների ու դաստիարակության վրա կենտրոնանալուն:
Զգայունության բարձր աստիճան, դյուրազգացություն, խոցելիություն, երբ ցանկացած սթրես երկարատև պահպանվում է հուզական հիշողության մեջ և արտահայտվում կնոջ կյանքում համեմատաբար ավելի զգայուն շրջանում՝ հղիության ընթացքում:
Տագնապայնություն՝ հակում դեպի մշտապես անհանգստանալը և վախերը:
Կասկածամտություն, երբ կասկածներ են առաջանում տարբեր հարցերի շուրջ և ինքնավստահության պակաս է նկատվում:
Լսենք մեր այսօրվա հյուրին ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյանին:
*******************
Հղի կինը մայրանալն ընդունում է որպես իր կյանքում հիվանդագին, վտանգավոր և անախորժ իրադարձություն:
Ընտանիքում անբարենպաստ կենցաղային պայմանների և ամուսնական խնդիրների հետևանքով առաջացած նյարդային վիճակ:
Կարևոր գործոններ են նաև անձնային սթրեսի այնպիսի տարրեր, ինչպիսիք են դյուրագրգռությունը և անհանգստությունը հղիության ավարտին, հուզական անբավարարվածությունը և դժգոհությունը, անհանգստությունները հղիության սկզբում:
Մոր չափազանց դյուրագրգիռ վիճակը հաճախ պայմանավորված է լինում նաև նրա հոգնածությամբ և քնի խանգարումներով:
Հղիության ընթացքում քնի խանգարումները և ներքին անբավարարվածությունը, առողջության հետ կապված մտահոգությունները, գերհոգնածությունը, հղիության ավարտի, ապագայի հետ կապված մտավախությունները փոխկապակցված են: