Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (12)
Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Թավրիզի կապույտ մզկիթին ու երկաթի դարաշրջանի թանգարանին։
Թավրիզը պատմամշակութային ու կրոնական զանազան եզակի գրավչություններով լի գեղատեսիլ պատմական քաղաք է։ Այս քաղաքի այցելությունը ցանկացած զբոսաշրջիկի մոտ թողնում է իրանական արվեստի ու ճաշակի վերաբերյալ մնայուն հիշողություն և նրա մոտ այս քաղաքը կրկին այցելելու ցանկություն է առաջացնում։ Թավրիզում ամենացայտուն պատմամշակութային գրավչություններից ու իսլամական ճարտարապետության գլուխգործոցներից է Կապույտ մզկիթը։ Աշխարհի տարբեր ծայրերից այս շքեղ հուշարձանը տեսնելու համար Թավրիզ քաղաք ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը լսել է նրա խայտաբղետ, հարուստ սալիկապատումների համբավի մասին։ 1931թ. այս շքեղ մզկիթը գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում 169 համարի տակ։
Կապույտ մզկիթը իր փիրուզագույն ու կապույտ մոզաիկաձև սալիկապատումներով, հրաշալի գեղագրական ոճերով, ինչպիսիք են՝ Սոլսը, Նասթաալիղը, Նասխը, ինչպես նաև երկրաչափական ու էսլիմի ոճի զարդանախշերով գրավում է ցանկացած արվեստասերի ուշադրությունը։ Այս հուշարձանի հնությունը սերում է 15-րդ դարից։ Այն կառուցվել է 1465թ. Աբոլմոզաֆֆար Ջահանհշահ Իբն Ղարաիոսեֆի հրամանով, ով Կարագոյունլու թուրքմենական դինաստիայի հզոր իշխանավորներից մեկն է եղել։
Անցյալում այս հուշարձանը «Մոզաֆֆարիեհ» կոչվող համալիրի մաս էր կազմում, որը բաղկացած էր տարբեր շինություններից, ինչպիսիք էին դպրոցը, մզկիթը, խանական (ճգնավորների օթևան) , գրադարանը և այլն։ Ցավոք սրտի, ներկայումս պահպանվել է միայն մզկիթի մի մասը, որը ևս լուրջ վնասվածք է կրել։ Այս հուշարձանը հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ Գույ մզկիթ (թուրքերենով նշանակում է կապույտ մզկիթ), Շահ-Ջահան մզկիթ, Մոզաֆֆարիեհ մզկիթ։
Մտնելով մզկիթի տարածք, այս շինության գեղեցկությունն ու վեհությունը բացահայտում են նրա առանձնահատկության պատճառը։ Բավականին գրավիչ ու հիալնալի է մզկիթի կառուցման մեջ տարբեր գույներով սալիկների ու աղյուսի համադրությունը։ Սալիկապատման նրբագեղությունն ու բազմազանությունը, դրանում կիրառված տարատեսակ նախշերն ու գեղագրական ոճերը, գույների ներդաշնակությունն ու գեղեցկությունը, հատկապես մոզաիկաձև սալիկապատումների կապույտ գույնը, պատճառ են դարձել, որ այն հայտնի դառնա «Իսլամի փիրուզա» անվանումով։
Կապույտ մզկիթը կառուցող ճարտարապետը ցանկալի համատեղություն է ստեղծել Թավրիզ քաղաքի լեռնային սառը բնակլիմայի հետ, այնպես որ մզկիթի տարբեր բաժիններ կիրառելի են եղել տարվա տարբեր եղանակներում։
Երբ մուտք ես գործում մզկիթի ներս, խիստ զգալի է ներսի ու դրսի ջերմաստիճանի տարբերությունը, այնպես որ ամռան տաք օրերին նրա զով միջավայրը պաշտամունքային հոգևոր զգացմունքի կողքին հիանալի հանգստություն է առաջացնում։ Կանգնելով մզկիթի հսկա գմբեթի տակ, և նայելով նրա բարձր առաստաղին, տարբեր զգացմունք եք ունենալու։
1779թ. տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով մեծ վնաս հասցվեց մզկիթի շինությանը և մինչև անգամ փլուզվեց նրա գմբեթը, իսկ այսօր մեզ է հասել միայն մուտքի ճակատամասն ու մի քանի սյուն, սակայն պահպանված այդ սակավաթիվ դետալները հիանալի կերպով արտացոլում են մզկիթի ճարտարապետության արվեստի շուքը։ 1939թ. մեկնարկեց մզկիթի պահպանված մասերի վերանորոգումը և ավարտվեց քանի տարի անց՝ 1976թ.։ Գլխավոր գմբեթի վերանորոգումը իրականացվեց հանգուցյալ վարպետ Ռեզա Մեմարանի կողմից, իսկ ներքին ու արտաքին սալիկապատումների աշխատանքները դեռևս շարունակվում են։
Կապույտ մզկիթն ունի քառակուսի բակ, մեծ ավազան՝ մահմեդական աղոթքից առաջ ծիսական լվացվելու համար, ինչպես նաև գեղեցիկ աղոթասրահներ իր կողմերում։ Մզկիթի գլխավոր շինությունը կառուցվել է հենց բակի դիմաց քառակուսի տեսքով, որը նախկինում ծածկված էր աղյուսե գմբեթով։
Հայացք նետելով մեծ աղոթասրահի կողքերը, ականատեսն ենք լինում Ղուրանի Ֆաթհ սուրայի բոլոր այաների բարձրաքանդակների, որոնք, կարծես թե, զարդարել են աղոթասրահի հատվածը այն պատճառով, որպեսզի հիշատակեն Ջահանշահի հաղթանակները։ Մինչև անգամ մուտքի ճակատամասի վրա քանդակված է Ջահանշահի անունը, որը նախկինում պատված էր ոսկու ծածկույթով։
Մզկիթի գլխավոր մուտքի ճակատամասը զարդարված է մոզաիկաձև սալիկապատումներով և օժտված է գեղագրության «Ռեղա» ոճի արձանագրությամբ, որը միացվել է 1465թ.։ Այս արձանագրությունը, ինչպես նաև մզկիթի ճակատամասի այլ արձանագրությունները 15-րդ դարի հայտնի գեղագրիչ Նեամաթոլլահ Ալբուաբի ձեռագրով են, իսկ դրանց ստեղծման վերահսկողությունը իրականացվել է Ազեդին Իբն Մալեք Ղափուչիի կողմից։
Մեծ աղոթասրահը երեք կողմից շրջապատված է նախամուտի սյունասրահով և նրա վրա առկա է մոտավորապես 17 մետր տրամագծով երկշերտ գմբեթը։ Փոքր աղոթասրահը, որը նախատեսված է որպես առանձնասրահ և արքայական դամբարան, գտնվում է հուշարձանի հարավային մասում և նրա շինության պատերի ներքևի հատվածը պաշտպանված է մարմարե քարի սալերով, որոնց վերին հատվածը բարձրաքանդակի տեսքով զարդարված է գեղագրական Սոլս ոճով գրված Ղուրանի այաներով։ Նրա սալիկապատումները եղել են միայն կապույտ գույնի՝ հիմնականում վեցանկյուն սալերով, որոնցից որոշ մասեր պահպանվել են։ Նրա առաստաղը ամբողջովին պատված է եղել ոսկեջրած նկարչություններով , իսկ աղոթասրահների հատակը հավանաբար եղել է մարմարե քարերից։ Մզկիթի մոզաիկաձև նկարչության նախշերը բաղկացած են երկրաչափական միացումներից, էսլիմի ու խաթայի ոճի ծաղիկներից ու թփերից, ինչպես նաև տարբեր արձանագրություններից, որոնք ընդհանուր վերցրած խոսում են զարմանահրաշ գեղցկության մասին։ Ջահանշահի ու նրա հարազատների դամբարանը գտնվել է փոքր աղոթասրահի վերջնամասում՝ նկուղում։
Թավրիզի համալսարանի դասախոս, դոկտոր Սիրուս Բարադարան Շոքուհիի խոսքերով, պատմական Կապույտ մզկիթի գեղեցկությունն ու վեհությունն այն աստիճանի է, որ նախորդ 600 տարիների ընթացքում այս մզկիթ են այցելել այնպիսի ճանապարհորդներ, ինչպիսիք են՝ ֆրանսիացի Շարդենը, Քաթեբ Չալափին, Թավարնիեն, Մադամ դիո Լաֆուան, դոկտոր Ֆեվրիեն, Նադեր Միրզան, Գրութեն և այլոք, և պատմել են այս հսկա շինության շուքի ու վեհության մասին։
Ժամանակակից հետազոտող, վարպետ, Սեյեդ Ջամալ Թորաբի Թաբաթաբային այս պատմական մզկիթի մասին այսպես է գրել. «Ճամփորդական հուշագրերի ու աղբյուրների մեծ մասում Կապույտ մզկիթի կառուցման տևողությունը համարել են 30 տարի»։
Շարունակելով միտքը, նա ասում է. «Կապույտ մզկիթի հսկա շինության կառուցման գործում աշխատել են բազմաթիվ ինժեներներ և այդպիսի վեհությամբ կառույցի՝ աղոթասրահի, գմբեթի, կողմնակի շինությունների ճարտարապետությունը խոսում է այն մասին, որ այն կերտողները տիրապետել են տարբեր գիտությունների, այդ թվում մաթեմատիկային ու երկրաչափությանը»։
Կապույտ մզկիթ այցելեուց հետո, արժե այցելել նաև Թավրիզի երկաթե դարաշրջանի թանգարանային տեղանք, որը Իրանի զարմանահրաշ թանգարաններից մեկն է, որտեղ ննջում են չորս հազար տարի վաղեմիությամբ հանգուցյալներ՝ իրենց հետ թաղված դեկորատիվ իրերով։ Այն գետնի խորքում կիսախավար վայր է (փողոցի մակերևույթից 8 մետր ներքև), որտեղ առկա են բազմաթիվ կմախքներ թաղված թանկարժեք իրերով։ Այդ իրերի հնությունն է, որ թանգարանային տեղանքին հաղորդել է համաշխարհային նշանակության արժեք։ 2006թ. այս վայրը սկսվել է շահագործվել որպես Իրանի առաջին դաշտային թանգարան։ Այս տեղանքում հայտնաբերված իրերի մեծ մասը վերաբերում են երկաթե դարաշրջանին։ «Թանգարան» եզրույթի կողքին կիրառվում է «տեղանք» բառը, քանի որ ընդհանրապես հնագիտական պեղումների տարածքներում բնական պայմաններում կյանքի կոչված թանգարանները, որտեղ առանց փոփոխության ու դասավորության ներկայացվում են այնտեղ հայտնաբերված իրերը, կոչվում են թանգարանային տեղանք։
Թավրիզի երկաթե դարաշրջանի թանգարանային տեղանքը հնագիտական տարածք է, որը գտնվում է Թավրիզի Կապույտ մզկիթի հյուսիսում, հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում և բաղկացած է գերեզմանատնից ու երկաթե դարաշրջանին պատկանող խեցե իրերից։
Տարածքի երկարությունը արևելք-արևմուտք ուղղությամբ կազմում է 276 մետր, լայնությունը հյուսիս-հարավ ուղղությամբ՝ մոտ 102 մետր, իսկ մակերեսը՝ 28290 քմ (մոտ 3 հեկտար)։ Տարածքը հայտնաբերվել է 1997թ. հողային աշխատանքների ժամանակ և հենց նույն տարում մթա առաջին հազարամյակին պատկանող գերեզմանատան իրերի հայտնաբերմամբ, ինչպես նաև բազմաթիվ այցելություններից, գնահատումներից ու ուսումնասիրություններից հետո ճանաչվեց որպես հնագիտական տարածք, որտեղ առկա են երկաթե ժամանակաշրջանի հատկանիշներով թաղված կմախքներ, գորշ, երբեմն կարմիր կամ դեղնավուն վարդագույն խեցե և մետաղյա իրեր։
1998թ. սեպտեմբերին առաջին անգամ նկատվեցին նշաններ մթա առաջին հազարամյակին պատկանող իրերի վերաբերյալ։ Դրանից հետո Կապուտ մզկիթի շինությունից 80 մետր դեպի արևելք հեռավորության վրա հորատվեց Արևելյան Ատրպատականի մշակութային ժառանգության կազմակերպության կողմից և բացահայտվեց մթա առաջին հազարամյակին կատարված թաղումների առկայության մասին։
1999թ. Թավրիզ գործուղվեց մի պատվիրակություն Կապույտ մզկիթի տարածքում պեղումներ իրականացնելու համար։ Պեղումների առաջին էտապում հայտնաբերվեցին 38 գերեզման։ Գերեզմաններից մեկում առկա էին 2 կմախք՝ կնոջ և տղամարդու՝ իրենց հետ թաղված իրերով, որոնք ուղղարկվեցին Ատրպատականի ազգային թանգարան։ Պատվիրակության աշխատանքների ավարտից հետո Արևելյան Ատրպատականի մշակութային ժառանգության կազմակերպությունը ձեռնամուխ եղավ տեղանքի ու այնտեղ եղած իրերի քարտեզագրմանը։ 1999թ. վերջին Ատրպատականի թանգարանում կազմակերպվեց նշված պեղումներով ձեռք բերված իրերի ցուցահանդես։
Պեղումների հաջորդ փուլերն ու նախնական պահպանության աշխատանքները իրականացվեցին 2000-2003թթ. ընթացքում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին երկաթե դարաշրջանի գերեզմանատանը պատկանող իրեր, երկաթե դարաշրջանի իրերից մի քանի մետր վերև՝ վերին շերտերում բնական նստվածքներ ու իսլամական ժամանակաշրջանին վերաբերող իրեր։
Հայտնաբերված գերեզմաններում մարդիկ թաղված են նաև սաղմնային վիճակում։ Նորածինների գերեզմանները հասարակ են, իսկ պատանիների գերեզմանները քառակուսի կառուցվածք ունեն, որտեղ առկա են երկու խեցցե ամաններ։ Հայտնաբերված դիակների մեծ մասը մահացել են փոքր տարիքում։
Երեխաները թաղված են իրենց խաղալիքներով, կանայք՝ իրենց զարդեղենով, իսկ տղամարդիկ կռվի գործիքներով։ Որոշ դիակների կողքին հայտնաբերվել են խեցցե ամաններ ու կերակուրի հետքեր, ինչը հաստատում է նրանց հավատքը միթրաիզզմի նկատմամբ։ Նրանք, որոնց կողքին հայտնաբերվել են ավելի շատ ամաններ, հավանաբար ավելի հարուստ են եղել։
Այդ գերեզմանների տերերը հավատում էին հետմահու աշխարհի առկայությանն ու հանգուցյալների վերակենդանացմանը։ Այդ համոզմունքի պատճառով էլ դիակների հետ թաղում էին նաև իրեր ու գործիքներ, այդ թվում խեցցե ամաննեեր, որոնց մեջ լցնում էին ուտելիք կամ ըմպելիք։
Թավրիզի երկաթի դարաշրջանի թանգարանը հիրավի կարելի է համարել Իրանի զարմանահրաշ ու դիտարժան թանգարաններից մեկը, որտեղ զարմանալիորեն կարելի է հանդիպել ամբողջ պատմության վաղեմիությամբ դիակների։