Հայաստանի ընդդիմություն. Փաշինյանը հատել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով կարմիր գիծը
Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «նոր զիջման» և իր կարմիր գիծը հատելու մեջ՝ ճանապարհների ապաշրջափակման (Զանգեզուրի միջանցքի բացման) հարցում: Ընդդիմադիրների կարծիքով, վարչապետը ջանքերէ գործադրում, որպեսզի Ադրբեջանը միջանցք ստանալու իր պահանջի բավարարմանը հասնելուց հետո ստորագրի խաղաղության պայմանագիրը:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները՝ Ադրբեջանի հետ հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, արժանացել են երկրի ընդդիմության սուր արձագանքին:
Փաշինյանի կառավարությունում Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը այս հայտարարությունները գնահատել է որպես զիջում Հայաստանի կողմից հայտարարված կարմիր գծից:
Փաշինյանը նախկինում որպես սկզբունք թիվ 4 և պաշտոնական Երևանի կարմիր գիծ հայտարարել էր. «Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով»:
Սակայն նա նախօրեին մամուլի ասուլիսում ասել է. «Փոխադարձության դեպքում խնդիրը հետևյալն ա, որ Ադրբեջանի տարածքում ըստ էության էդ երկաթուղին կա, մեր տարածքում ա, որ բացակայում է»:
Էդմոնդ Մարուքյանը շեշտեց. «Հայաստանը հերթական անգամ իր սահմանած նշաձողը իջեցնում է: Դուք հիշում ե՞ք, որ վարչապետը հայտարարել էր, որ մենք պատրաստ ենք տրամադրել ճանապարհ այնպես, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու համար: Սա եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված ձևակերպում, կարմիր գիծ, որ դրանից դուրս մենք այլ տարբերակների չենք գնում»։
Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանը այս զիջմանը գնում է, որպեսզի Ադրբեջանի միջանցքի պահանջը բավարարվելուց հետո Բաքուն ստորագրի խաղաղության պայմանագիրը. փաստաթուղթ, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել չորս ամիս առաջ, բայց դեռևս չի ստորագրվել։
«Այդ թուղթը ինչի համար է՝ որ մեր իշխանությունները գնան ընտրությունների, նորից կարողանան վերընտրվել», - պնդեց Մարուքյանը:
ՀՀ վարչապետը իր մամուլի ասուլիսում հաստատեց, որ ԱՄՆ-ի առաջարկները՝ ճանապարհները ապաշրջափակելու վերաբերյալ, այժմ բանակցությունների սեղանին են։
Պնդելով, որ Հայաստանի ինքնիշխանության հարցը պահպանվում է, նա միայն ասաց, որ փոխադարձության հարցը քննարկվում է «այս տրամաբանության շրջանակներում»։
Նա նաև զգուշացրեց Հայաստանի ժողովրդին, որ առաջիկայում գուցե անծանոթ բառեր հնչեն, օրինակ՝ արտապատվիրակում, լիզինգ, կառուցապատում, միևնույն է հորդորեց հիշել՝ ցանկացած քննարկման հիմքում ինքնիշխանությունն է:
Փաշինյանն ասաց, որ «միջանցք» բառը, ներհայաստանյան քննարկումներում թեև ալերգիկ է, բայց միջազգային հանրությունն այն կիրառում է, օրինակ՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք»:
Այս այտարարություններին հակադարձելով՝ Մարուքյանն ասաց. «Դրվում է թեզ, որ այլևս դրան կոչեն միջանցք, ինչ էլ կոչեն՝ կամաց սկսեք մարսել էդ թեման, որ ձեր ինքնիշխան տարածքը ոչ մի բանի դիմաց, պնդում եմ՝ ոչ մի բանի դիմաց տրամադրվելու է երրորդ կողմերին օգտագործման համար: Էդ երրորդ կողմերը, բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիան են»։