Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (14)
Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Թավրիզի մի շարք պատմական կենտրոններին:
Քաղաքներն ունեն իրենց պատմությունն ու ինքնությունը և կոթողները, որոնք վկայում են քաղաքի անցյալի մասին: Թավրիզն էլ ունի բազում պատմական կոթողներ ու շինություններ, որոնցից յուրաքանչյուրը հիշատակն է Իրանի պատմության մի ժամանակաշրջանի և առանձնահատուկ գրավչություն ունի զբոսաշրջիկների համար: 700 տարվա վաղեմությամբ «Ալիշահի միջնաբերդը» կամ «Թավրիզի Արգը» Իրանի ամենաերկար ու ամենահին պարիսպներից է, որը Թավրիզի կարևորագույն տեսարժան վայրերից է հանդիսանում:
Այս շքեղ համալիրը նախ մզկիթ է եղել և հետագային, քաղաքում տեղի ունեցած բազում երկրաշարժերի և պատերազմների հետևանքով մեծ մասամբ ավերվել է: Ներկայումս այդ շինությունից մնացել է բարձր պարիսպ, որը կոչվում է Ալիշահի Արգ (միջնաբերդ): Շենքի մնացորդները պահպանվել են երեք բարձր պատերի տեսքով, որոնք կարելի է տեսնել վերանդայի ձևով: Այն մզկիթի ծածկված հատվածն է եղել և հսկայական գլանաձև կամարի մաս է կազմել: Այդ հատվածը կոչվել է Շաբեսթան և մզկիթի գլխավոր մասն է եղել: Մեզ հասած այդ շինության լայնությունը 30, իսկ բարձրությունը 26 մետր է կազմում:
Պատերից յուրաքանչյուրի լայնքը 10 մետր՝ բաղկացած են երկու լայն պատերից, որոնք գմբեթանման առաստաղներով միացած են իրար: Իհարկե պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ պատերի շուրջ յոթ մետրը գետնի տակ է գտնվում:
Այլ խոսքով, այդ պատը մզկիթի միհրաբից մնացած միակ հատվածն է, որը վկայում է այդ աննման շինության շքեղության մասին: Թավրիզի Արգը կառուցվել է լուսնային հիջրեթի 716-754թթ. Մոնղոլ Իլխանների նախարար՝ Թաջեդդին Ալիշահ Գիլանիի նախաձեռնությամբ՝ մզկիթում մեծ դամբարան կառուցելու նպատակով: Պատմաբանների վկայությամբ մզկիթի հարավային մասում մեծ գմբեթ է եղել: Իհարկե կառուցումից հետո, այդ գմբեթը փլվել է: Ալիշահի մահվան պատճառով այդ ժամանակաշրջանում դադարեցվել է շինության կառուցման աշխատանքը:
700-ամյա այս շինության պատմությանը հայացք նետելով, կարելի է տեսնել, որ Արգ-ե Ալիշահը պատմական իրադարձությունների և բնական կորուստների արժեքավոր հուշարձան է և ամուր ամրոց է հանդիսացել Թավրիզի համար: Տարբեր ժամանակաշրջաններում այս շինությունը տարբեր կիրառություններ է ունեցել: Ղաջարների օրոք մզկիթն ու իր շրջակա տարածքը հացահատիկի ու զինամթերքի պահեստ է եղել, որի շուրջը ցանկապատել են և այդ պատճառով էլ կոչել Արգ:
1804-1824թթ. Իրան-Ռուսաստան պատերազմները սկսվելով, և 1857թվականին Իրան-Բրիտանիա պատերազմի ժամանակ, Ալիշահի Արգը միջնաբերդի վերածվեց: Ղաջարների գահաժառանգ՝ Աբբաս Միրզայի հրամանով, Թավրիզի Արգի տարածքում կառուցվեցին ռազմական երկու կառույցներ՝ Իրանի բանակի ռազմական հրամանատարության շտաբը և թնդանոթների արտադրման ձուլարան: Ղաջարների օրոք այդ տարածքում առանձնատուն է կառուցվել:
Սահմանադրական հեղափոխության և Թավրիզի ժողովրդի ապստամբության ժամանակ այս հուշարձանը ամրոց էր սահմանադրական զինյալների համար և ամրապնդում էր Սաթթարխանի ու Բաղիրխանի ուժերի դիրքերը ղաջարների թագավոր՝ Մոհամմեդ Ալիշահի թնդանոթների կրակոցների դիմաց: Միջնաբերդի պատերին երևում է թնդանոթների արկերի հետքը, որոնք հուշում են բռնատիրության դեմ ազատատենչների մղած պայքարի մասին:
Սահմանադրական հեղափոխությունից հետո, Թավրիզի ժողովուրդը դիմադրեց Ռուսաստանի բանակի ներխուժմանը: Այս անգամ էլ Ալիշահի արգը ամուր ամրոց էր երկրի պաշտպանների համար: Նրանք միջնաբերդի վերևում մի թանդանոթ էին տեղադրել իրենց դիրքերը պաշտպանելու համար:
1911թ. ռուսական ուժերը գրավում են Թավրիզը և գնդակոծում են Արգը: Սահմանադրական շրջանում և դրան հաջորդող ժամանակներում Արգի տարածքում կառուցվել են տարբեր շինություններ, այդ թվում իրանական առաջին ժամանակակից դպրոցը հանդիսացող Նեջաթը և թատերական դահլիճը:
Իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին, Ալիշահի Արգի տարածքը վերածվել էր ազգային պարկի կամ հանրային զբոսայգու: Ներկայումս այդ տարածքն օգտագործվում է որպես Մոսալա՝ նամազի կատարման վայր:
Բազում փլուզումների պատճառով, հստակ պատկեր չի մնացել այս համալիրի նախնական ձևից, սակայն բազում անվանի պատմաբաններ, այդ թվում Իբն Բաթութան, Բադրեդդին Մահմուդ Ալ-Էյնին, Մորթեզա Միրզան, Համդոլլահ Մոստուֆին և ուրիշներ իրենց ուղեգրություններում անդրադարձել են այս հսկա շինությանը:
Պատմական այս արժեքավոր կոթողը 1931թ. 170 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:
Իրանի պատմական կոթողների կարևոր մասն են հանդիսանում մզկիթները: Ցանկացած քաղաքի գլխավոր մզկիթը քաղաքի առաջին պատմական կոթողն է համարվում և գրեթե այդ քաղաքում կառուցված առաջին շինությունն է եղել:
Թավրիզի գլխավոր մզկիթը նույնպես այդ քաղաքի պատմական շինություններից է համարվում: Այս մզկիթը ճարտարպետական յուրահատկություններից բացի, ունի սելջուկների ժամանականերին հասնող պատմական անցյալ: Պատմական գրքերում այն կոչվել է նաև Քյաբիրի մզկիթ: Թավրիզի գլխավոր մզկիթը 1931թ. 171 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:
Այս մզկիթի ամենահին մասը սելջուկների ժամանակաշրջանին պատկանող շաբեսթանն է, որն ունի կամարներ ու գմբեթներ: Դրանք ամրացված են ութանկյուն աղյուսե սյուների վրա:
Մոնղոլ իլխանների ժամանակաշրջանում մզկիթը մեծ նշանակություն է ունեցել և վերանորոգվել է: Նրա հոյակապ միհրաբն այս ժամանակահատվածի հիշատակն է:
Ակ-Կոյունլուների իշխանության օրոք, Օզուն Հասանի տիկնոջ Սալջուղ Շահ Բագիմի հրամանով, մզկիթում ավելացել է սալիկապատված գմբեթը:
Ներկայիս մզկիթը վերանորոգվել է ղաջարների իշխանության և ժամանակի ղեկավար՝ Հոսեյնղոլի Խան Դանբալիի օրոք:
Այսօր երկու կողմից կարելի է այս մզկիթ մուտք գործել՝ Թավրիզի շուկայի և Մոթթահարի փողոցի կողմից: Երկու մուտքից էլ բակ են մուտք գործում, որի կենտրոնում է գեղեցիկ ավազանը: Ավազանի մի կողմում կան կացարաններ , որտեղ մնում են կրոնի ուսանողները: Կողմերում տեսնում ենք իսլամական ճարտարապետությամբ աղոթատները: Բարձր մինարեները ավելի են գեղեցկացրել մզկիթը: Թալեբիեի դպրոցը ևս այս համալիրում կառուցվել է 1708 թվականին սեֆյանների ժամանակաշրջանի պետայրերից համարվող Հաջ Թալեբ Խանի կողմից:
Այսօրվա զրույցի ավարտին կխոսենք Թավրիզի խեցեգործության կենդանի թանգարանի մասին: Այն գտնվում է Սարաֆլարի ընտանիքին պատկանող տան դրսի հատվածում և ալավիների ընտանիքը նրա վերջին տերերն են եղել:Այն համարվում է Թավրիզի ամենաարժեքավոր ու հին բնակարաններից մեկը:
Այս տունը կառուցվել է ղաջարների ժամանակաշրջանում, իրանական ճարտարապետությամբ:Շենքի գլխավոր ճակատում կա պատշգամբ, որը հաստատված է երկու սյուների վրա: Բակի կենտրոնում կա մեծ ավազան, որի շուրջի երկու պարտեզներն առավել գեղեցկացրել են այս շինությունը: Առաջին հարկն ունի հարթ կառուցվածք, իսկ նկուղի առաստաղը կամարաձև է: Ինչպես ղաջարներին բնորոշ բնակարանները, այս տան նկուղում ևս կա ավազան, երկու կողմնակի սենյակներ, ուղղանկյունաձև մի սենյակ ու միջանցք: Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության կազմակերպությունը գնել ու վերանորոգել է այս շենքը: 1995թ. այս շենքը շահագործման է հանձնվել, որպես Թավրիզի խեցեգործության թանգարան: Սարաֆլարի բնակարանը 2002թ. 7802 համարով գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում: Խեցեգործության այս թանգարանն ունի տարբեր հատվածներ:
Թանգարանի մշտական ցուցահանդեսների բաժնում ցուցադրվում են վարպետներ՝ Աբբաս և Ահմեդ Ղաբչիների, Ֆարիդե Թաթհիրի Մողադդամի և Արևելյան Ատրպատականի մյուս արվեստագետների խեցեգործության լավագույն գործերը:
Թանգարանում նաև խեցեգործության հետ կապված տարբեր դասընթացներ են կազմակերպվում և ուսանողները ևս առիթ են ունենում իրենց ստեղծագործությունները ներկայացնելու համար: