Հունվար 30, 2019 19:59 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կծանոթացնենք դրախտի մյուս բարիքներին:

Ինչպես ասացինք Ղուրանի բազմաթիվ այաներում իհարկե մարդկանց ըմբռնման մակարդակում նկարագրվել են դրախտի բարիքներն ու  դրախտայինների վիճակը: Անկասկած այս նկարագրությունները  դաստիարակչական արտակարգ նշանակություն ունեն և մարդկանց խրախուսում են բարության ու ճշտապահության ուղղությամբ:

Ղուրանի դիտանկյունից դրախտը նյութական ու հոգևոր տարբեր  տեսակի բարիքների ու պարգևների կենտրոնն է: Նյութական բարիքների մեջ են մտնում այգիները, առուները, աղբյուրները, համեղ ուտելիքները, մաքուր ու հագեցնող ըմպելիքները, գեղեցիկ կողակիցներն ու ծառաները: Դրախտի հոգևոր  բարիքներից են Աստծո գոհունակությունն ու ուրախությունը, դրախտայիններին աշխարհի արարչի ողջույնն ու բարևը, հրեշտակների կողմից ցուցաբերվող անսահման հարգանքն ու այլ հոգեկան հաճույքներ:

Իմամ Ալին դրախտը նկարագրելով ասում է. «Եթե քո հոգու աչքերով պատկերացնես դրախտից քեզ համար կատարվող նկարագրությունը կհրաժարվես այն բոլոր ցանկություններից, հաճույքներից ու գեղեցիկ տեսարաններից որ այս աշխարհում գոյություն ունեն ու կհիանաս...Ինչպես ես կարող խորհել ծառերի տերևներից լսվող երգի մասին, այն ծառերի, որ վեր են խոյացել նրա առուների կողքին....Տարբեր տեսակի մրգերը պարուրված են ծաղիկներով ու առանց արգելքի կարելի է դրանք քաղել ու դրանք իրենց քաղողների ձեռքում հայտնվում են այնպես ինչպես նա ցանկանում է: Դրախտայինների համար նրանց պալատների շուրջ քաղցր մեղր ու զուլալ ըմպելիքներ է հոսում և... եթե քո միտքը զբաղեցնես այն գեղեցիկ տեսարաններով, որոնց հասնելու ես դրախտում քո հոգին մեծ ցանկությամբ կսավառնի այդ ուղղությամբ»:

Ղուրանն ընդգծում է, որ դրախտը կեցության վայրն է այն մարդկանց, որոնք վայելում են բարի գործի  պտուղն ու հավատքի գոհարը: Ղուրանում դրախտայինները հիշատակվում են «Ասհաբ-օլ-յամին» կամ «աջակողմյան աջակիցներ» և «Ասհաբ-օլ-ջանա» կամ «Դրախտի աջակիցներ» անվամբ:

Դրախտի բարիքների  յուրահատկություններից մեկը դրանց հավերժական ու մշտական լինելն է: Դրախտի և դրախտային բարիքների հավերժությունը բարեգործներին տրված Աստծո շնորհներից է, քանի որ մարդ երբ բարիքի է տիրանում միշտ մտահոգ է դրան կորցնելով: Հետևաբար դրախտայինները երբ իմանում են, որ այլևս մահվան ստվերը կախված չի լինելու իրենց գլխին ուրախանում են: Ղուրանն անդրադառնում է դրախտում դրախտայինների կեցությունը մշտական լինելուն և այն նախադասությամբ թե «նրանք այդտեղ հավերժական են» ընդգծում է, որ նրանք ընդմիշտ ու մինչև  հավիտյան մնալու են դրախտում: Ղուրանի մի քանի այաներում ակնարկ է կատարվել դրախտում երջանիկ մարդկանց հավերժացմանը: Այդ թվում «Հուդ» սուրայի 108-րդ այայում երջանիկ մարդկանց ճակատագրի կապակցությամբ ասված է, որ մինչև այնքան ժամանակ երբ աշխարհը գոյություն ունի նրանք հավերժ մնալու են դրախտում և Աստված դա համարում է վերջ ու դադար չունեցող պարգևատրում:

Իսկ դրախտի բարիքներն ու մրգերը  հավերժական լինելու մասին «Վաղեա» սուրայի 32-րդ և 33-րդ այաներում ասված է. «Եվ բազում պտուղներ, որոնք ոչ վերջ ունեն և ոչ էլ որևէ մեկի դրանք արգելում են»:

Այս մրգերն այս աշխարհի պտուղների նման չեն, որ երբեմն բույսերի փուշերը և կամ այլ ազդակներ թույլ չեն տալիս դրանք քաղել: Այս պտուղները չափազանց համեղ ու հյութեղ և թարմ են: Այս պտուղները հասանելի են և որևէ բան չի արգելում դրանց ուտելը և նրանց սպառումն էլ որևէ կողմնակի կամ վնասաբեր հետևանք չի ունենում:

«Ռաըդ» սուրայի 35-րդ այայում կարդում ենք. «Պահեցողությամբ զբաղվողներին խոստացված դրախտն այնպես է, որ դրա ծառերի տակից առուներ են հոսում և պտուղներն ու շվաքը հավերժական են: Սա բարեպաշտ մարդկանց ճակատագիրն է , իսկ անհավատները կրակի արժանի են դառնալու»:

Այս այան անդրադառնում է դրախտի այգիներին, որտեղ ծառերի տակով զուլալ ջրով առուներ են հոսում: Մյուս աշխարհի այգիներ ու այլ պտուղները նկարագրելի չեն այս աշխարհի բնակիչների համար, քանի որ այս աշխարհը հավիտենականության դիմաց չափազանց փոքր է և միայն դրախտի բարիքների ուրվականը կարելի է նկարագրել այս աշխարհի մարդկանց համար:

Այս այան դրախտի այգիները նկարագրելով նաև նշում է, որ դրա պտուղները հավերժական են: Դրանք նման չեն այս աշխարհի պտուղներին, որոնցից յուրաքանչյուրը հասնում է որոշակի եղանակում ու երբեմն էլ հնարավոր է, որ ախտերի պատճառով բերքը նվազի կամ ամբողջությամբ ոչնչանալ Դրախտային պտուղները ոչ ախտահարվում և ոչ էլ նեխում են, այլ մշտական են ու շարունակ հասանելի:

Դրախտային ծառերի շվաքն էլ այս աշխարհի ծառերի շվաքի նման չէ, որ օրվա որոշ ժամերին առավել ընդարձակ է լինում, իսկ օրվա որոշ ժամերին փոքրանում կամ անհետանում է: Այս շվաքը մշտական է: Դրախտի այգիների ծառեր շարունակ տերևաշատ ու փարթամ են ու որևէ ժամանակ չեն թոշնում:

Դրախտայինների յուրահատկություններից մեկն էլ նրանց փայլուն, ուրախ ու ժպտուն դեմքն է: Ղուրանի տարբեր բաժիններում այդ թվում «Աաբաս» սուրայի 38-րդ և 39-րդ այաներում անդրադարձ  է կատարվել այս հարցին:

Այս մասին «Ղիամաթ» սուրայի 22-րդ և 23-րդ այաներում կարդում ենք. «Այդ օրը որոշ դեմքեր ուրախ ու ժպտուն են և նայում են իրենց արարչին»:

Այդ օրը որոշ դեմքեր փայլուն, լուսավոր, ուրախ ու ժպտուն են լինելու: Այս կենսուրախությունը յուրահատուկ է որը մարդու մոտ առաջանում է բազում բարիքների, բարեկեցության ու անդորրի պատճառով: Քանի որ դեմքի գույնը ամենաշատն է արտացոլում մարդու հոգեվիճակը, նրանց դեմքի փայլն ու ուրախությունը վկայում է այն բարիքների մասին, որոնց մեջ  նրանք խորասուզվել են: Այդտեղ դրախտայիններն ուրախ ու ժպտուն են, նրանց դեմքը ծիծաղկոտ ու փայլուն է և նրանց դեմքի վրա ծփում է հավատքի և մաքրության լուսավորությունը:

«Մոթաֆաֆին» սուրայի 24-րդ այայում նույնպես ակնարկ է կատարվել դրախտային բարիքների պատճառով դրախտայինների դեմքի վրա դաջված ուրախությանը. «Նրանց դեմքերին կարելի է տեսնել բարիքների պատճառած թարմությունն ու զվարթությունը»:

Դրախտայինները հոգու աչքով են դիտում արարչին: Նրանք ամեն տեղ նկատում են նրա հետքը և աշխարհի բոլոր անկյուններում դիտում են նրա հզորությունը, փառքն ու գեղեցկությունը: Հետևաբար հիանում են այդ եզակի  էությամբ և հոգևոր ու աննկարագրելի հաճույք են ապրում, որի մեկ պահը գերազանցում է այն ամեն ինչին որ գոյություն ունի աշխարհում:

Հակառակ դժոխքի բնակիչներին, որոնք շարունակ պախարակում են միմյանց, դրախտայինների մոտ հարաբերությունները չափազանց բարեկամական ու մտերմիկ են և  նրանք միմյանց հանդեպ որևէ ատելություն չունեն: Աստված «Էըրաֆ» սուրայի 43-րդ այայում ասում է. «Եվ նրանց սրտերից մաքրելու են նախանձն ու ատելությունը, որպեսզի ուրախության ու մտերմության պայմաններում ապրեն»:

Այս այան անդրադառնում է Աստծո  կողմից դրախտայիններին շնորհված ամենակարևոր բարիքներից մեկին, որը նրանց հոգու անդորր է պարգևում և ասում է. «Նրանց սրտերը մաքրում ենք նախանձից, ատելությունից ու թշնամությունից»: Իրականության մեջ աշխարհիկ կյանքում մարդկանց ամենամեծ անհանգստություններից մեկը, որ նրանց միջև հասարակական ծավալուն հակամարտությունների պատճառ է դառնում ու ծանր վնաս է պատճառում, նույն այդ ատելությունն ու թշնամություն է:

Դրախտայինները միանշանակ զերծ են նախանձի ու թշնամության վատ ու վնասակար հետևանքներից: Նրանք ներքուստ մաքրվում են և տիրանում են բարոյական ամենավեհ գեղեցկություններին ու առանձնահատկություններին: Նրանք լիարժեք մտերմության ու անդորրի պայմաններում ապրում են իրար կողքի, բոլորը  գոհ են իրենց վիճակից և որևէ մեկը մյուսի հանդեպ ատելություն ու թշնամություն չունի: Այսպիսով վերանում է մարդկանց խաղաղ գոյակցության ճամփին ամենամեծ արգելքը:

«Էըրաֆ» սուրայի 43-րդ այայի շարունակությունն ընդգծում է, որ նրանց ծառերի ու պալատների տակից առուներ են հոսում: Ապա դրախտայինների լիարժեք ուրախությունն ու գոհունակությունը նկարագրում է հետևյալ կերպով, որ նրանք ասում են. «Փառքի ու երախտագիտության է արժանի այն Աստվածը, ով մեզ առաջնորդեց դեպի նման բարիքներ և եթե չլիներ նրա ցուցմունքները մենք երբեք չէինք առաջնորդվի: Նա բռնեց մեր ձեռքը և մեզ անցկացրեց դժվարանցանելի ու բարդ անցուղիներից ու հասցրեց նպատակակետին»:

Դրախտի մյուս յուրահատկությունն այն է, որ այդտեղ անիմաստ խոսքեր չեն լինում: «Մարիամ» սուրայի 62-րդ այայում կարդում ենք. «Նրանք այնտեղ անտեղի խոսքեր չեն լսելու և այդտեղ ողջույնից բացի ուրիշ ոչինչ չկա...»:

Այս այան անդրադառնում է դրախտային մեկ այլ խոշոր պարգևին և ասում է. «Նրանք դրախտի այգիներում ոչ անտեղի ու փուչ և ոչ էլ մեղավոր խոսքեր չեն լսում: Այդտեղ սուտը, ծաղրը, բամբասանքը և մարդկանց վիշտ պատճառող կողմնակի ակնարկներ չեն լինում: Նրանք միմյանց անպարկեշտ արարքների մեջ չեն մեղադրում:  Բոլոր խոսքերը հիմնված են ճշմարտության վրա և միայն բարություն, սեր, համեստություն ու քաղաքավարություն է նկատվում»:

Դրախտում լսվող կարևոր խոսքը ողջույնն է, որը բխում է դրախտայինների հոգու և մարմնի առողջությունից: Ողջույն, իհարկե բառի իսկական ու լայն իմաստով: Այդ պատճառով էլ միջավայրը հագեցած է բարեկամությամբ, առողջությամբ, անկեղծությամբ ու անդորրով: Իրապես որքան հետաքրքիր պիտի լինի այն միջավայրը որտեղ տիրական են քաղաքավարությունն ու հարգանքը և զերծ է ցանկացած տեսակի անիմաստ  ու փուչ և միտումնավոր արտահայտություններից: Արդյոք մենք դրանից ավելի գեղեցիկ միջավայր կարող ենք գտնել: