Փետրվար 10, 2019 20:24 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Թավրիզի երկու նշանավոր թանգարանների՝ Ղուրանի և ձեռագիր մատյանների և Մոհառռամի թանգարանների մասին:

Թավրիզում գոյություն ունեցող բազմաթիվ թանգարանների մեջ առանձնահատուկ նշանակություն ունի Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանը: Այս թանգարանը կառուցվել է «Սահեբ ալ-Ամր» մզկիթի տեղում:

«Սահեբ ալ-Ամր» անունով հայտնի Սեֆյանների Թահմասբ թագավորի մզկիթը գտնվում է Թավրիզի կենտրոնում՝ Սահեբ Աբադ հրապարակի արևելյան հատվածում, Մեհրան Ռուդի կողքին:

Պատմական այս շինությունն ունի մի գմբեթ և երկու բարձր մինարեներ: Շահ Թահմասբի ժամանակաշրջանից մնացել են միայն երկու մարմարյա կամարներ և մի մարմարյա վիմագրություն, որը տեղադրված է սենյակներից մեկում: Կամարներից մեկի վերևում  Շահ Թահմասբի ժամանակաշրջանի գեղագիր՝ Ալաեդդինի ձեռագրով գրված է «Ալ-Ջեն» սուրան: Մզկիթն ավերվել է 1666թ. օսմանյան Սուլթան Մուրադ չորրորդի զորայինների կողմից:

Սեֆյանների Սուլթան Հուսեյնի թագավորության օրոք, օսմանցիների նահանջից հետո, այս մզկիթը վերակառուցվել է Ատրպատականի նախարար՝ Միրզա Մոհամմեդ Էբրահիմի կողմից: 1814թ. Թավրիզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվեց նաև այս մզկիթը:

 1887թ. Ռուսաստանի հյուպատոսարանի թարգմանիչ՝ Միրզա Ալի Աքբարխանը հայելապատել է և վերանորոգել է մզկիթի մի մասը և կառուցել է ներկայիս դպրոցը, որը կոչվել է «Աքբարիե», իսկ հետագային կոչվել է «Սահն է Սահեբ ալ Ամր»:

«Սահեբ ալ-Ամր»-ի մզկիթը գտնվում է Թավրիզի կենտրոնում՝ Սահեբ Աբադ հրապարակի արևելյան հատվածում, Մեհրաան Ռուդի կողքին:

Նկատի առնելով այս շինության սրբությունը, անհրաժեշտ փոփոխություններ կատարաելուց հետո, 2001թ. այս կառույցը դարձել է Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարան:

Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանում պահվում են պատմական տարբեր ժամանակներին առնչվող ձեռագիր Ղուրաններ: Կան նաև Ղուրաններ, որոնք գրի են առնվել սրբերի ու մեծերի կողմից: Այս թանգարանում պահվող ամենագրավիչ նմուշներից է Ղուրանի մի էջ, որը պատկանում է լուսնային հիջրայի երրորդ դարաշրջանին և գրված է Իմամ Ալի Իբն Մուսա Ալ-Ռեզայի կողմից՝ եղնիկի կաշվի վրա քոֆի ձեռագրով:

Իմամ Ալի Իբն Մուսա Ալ-Ռեզայի կողմից գրված Ղուրանի մի էջ՝ Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանում

Ընդհանուր հաշվով, Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանում պահվում են շուրջ 190 Ղուրաններ: Դրանցից մեկը շատ փոքր չափսերով ու շլացուցիչ զարդարանքներով Ղուրան է պատրաստված Թավրիզի արվեստագետների կողմից:  4x6 սմ  չափսերով այդ Ղուրանը գրված է ոսկեգույն տառերով Նասխ ձեռագրով, կարմիր ֆոնի վրա: Այդ սուրբ գրքի որոշ մասերը ոսկեպատ են: Անցյալում գրքի շապիկը կազմող վարպետները շատ մեծ ճաշակ ու զգայնություն էին բանեցնում, դա վերաբերում է նաև փոքր չափսերով պատրաստված այս Ղուրանին: Այս Ղուրանի շապիկը  պատրաստել է վարպետ՝ Մասիհ Ալ-Թալեղանին լուսնային հիջրայի 1293թ.:

Թավրիզի Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանում պահվող մյուս ստեղծագործություններից կարելի է անդրադառնալ իրանցի մեծանուն արվեստագետներ՝ Դարվիշ Աբդոլմաջիդի, Ալիռեզա Աբբասիի, Ալաեդդին Բեյգ Թաբրիզիի, Մոլա Աբդոլբաղի Թաբրիզիի, Միրզա Թահեր Խոշնևիսի, Միրզա Մոհամմեդ Շաֆի Թաբրիզիի և Միր Էմադ Հասանիի գեղագրություններին: Թանգարանում կան նաև երկու ստեղծագործություններ լուսնային հիջրայի 14-րդ դարի անվանի գրագիր՝ Ալի Նաղի Շիրազիից:

Թանգարանում ցուցադրվող ամենաուշագրավ իրերից է «Երդման շապիկը» որի վրա գրված են Ղուրանի բոլոր այաները: Լուսնային հիջրայի 13-14-րդ դարերին պատկանող այդ շապիկը հագնում էին բժիշկները իրենց երդման արարողության ժամանակ կամ դատավորները դատավարությունից առաջ:

Երդման շապիկը

Ղուրաններից ու գեղագիրների ստեղծագործություններից բացի, Թավրիզի Ղուրանի և ձեռագիր մատյանների թանգարանում կան նաև արժեքավոր իրեր: Տարբեր գրչատուփեր՝ մանրանկարչություններով, ճենապկյա, խեցե և արույրից պատրաստված սպասքներ Ղուրանի այաներով պատված, մետաղյա վզնոցներ, որոնց վրա աղոթքներ գրված, իլամական շրջանին պատկանող սեպագիր մի վիմագրություն այդ թանգարանում պահվող իրերից են համարվում:

Թանգարանում պահվող ամենահետաքրքիր իրերից է լուսնային հիջրայի 1110 թվին պատկանող արույրե մի գավաթ, որի կենտրոնում հորիզոնական գրված է Համդ սուրան, իսկ 42 տողերում նույն կենտրոնն ունեցող շրջաններում գրված են Ղուրանի այաներ ու աղոթքներ:


********************

Մոհառռամի թանգարանը Թավրիզի ազգագրական թանգարաններից է և Իրանում Մոհառռամի թեմայով առաջին ազգագրական թանգարանը: Թանգարանը գտնվում է Թավրիզի ամենապատմական բնակարաններից մեկում, որը պատկանում էր Աբոլղասեմ  Սեհաթիին: Նա կտակել էր մահից հետո իր բնակարանը հանձնել Արևելյան Ատրպատականի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության կազմակերպության:

Բնակարանը երեք հարկ և 409 քմ տարածք ունի և ճարտարապետությունը ղաջարական է:

Սեհաթիի բնակարանը փահլավիների օրոք որպես հոսեյնիե էր օգտագործվում: 1999թվականին այս բնակարանը գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում: Այդ շինությունը Արևելյան Ատրպատականի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության կազմակերպության հմուտ փորձագետների կողմից վերանորոգվելուց հետո, 2008թ. վերածվել է ազգագրական թանգարանի:

Մոհառռամի թանգարանի ներքևի հարկում ինչպես անցյալում հյուրընկալվում են Հոսեյնի սգավորները և Մոհառռամ ամսվա առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այդ թանգարանի տարբեր բաժիններում ցուցադրվում են Մոհառռամի տարբեր սիմվոլներ:

Թանգարանի կառուցման նպատակն է ցուցադրել Մոհառռամի նյութական ու խորհրդանշական գրավչությունները: Խորհրդանշական այդ իրերը  ցուցադրում են Մոհառռամ ամսին, հատկապես Աշուրայի և Թասուայի օրերին Արևելյան Ատրպատականի բնակչության պատմությունն ու մշակույթը:

Թավրիզի Մոհառռամի թանգարանը

Թանգարանի բակում տեղադրված է Իմամ Հոսեյնի ձիու՝ Զու Ալ-Ջենահի արձանը և թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են տարբեր շղթաներ, դրոշներ, փոքր օրորոցներ, լապտեր ու մոմեր, իսկ երկրորդ հարկում են  սգո հանդիսությունների մասին ձեռագրեր ու գրություններ, Մոհառռամի թեմայով ներկայացումներում օգտագործվող հին կտավներ:

Թանգարանում ցուցադրվում է պղնձե մի գավաթ, որի վրա փորագրված են 14 իմամների անունները, սգո հանդիսության ներկայացումների ժամանակ օգտաործվող թամբն ու կացինը, Իմամ Ալիի պատկերով դրոշը և այլն:

Այս թանգարանում ցուցադրվել են սգո միջոցառումների ժամանակ օգտագործվող «Թուղ» կոչվող իրեր: Թուղը թուրքերեն բառ է և նշանակում է դրոշ: Այն պատրաստված է մետաղից, որն ամրացվում է փայտե կամ մետաղյա ձողի վրա և կանգնեցվում է փոքր արկղի վրա:

Մոհառռամի թանգարանում ցուցադրվում են Արևելյան Ատրպատականի շրջանի գյուղերի տասնյակ թուղեր, որոնք 50 տարուց ավելի քիչ հնություն ունեն: Ամենահին թուղը Ահարի շուկայի թաղամասից է և պատկանում է լուսնային հիջրայի 1243 թվականին:

Թավրիզի 13 հին թաղամասերում սգո հանդիսությունների ժամանակ օգտագործվել են սգո հատուկ խորհրդանիշեր, որոնք կոչվել են այդ թաղամասերի անունով: Դրանցից ամենահայտնին Թավրիզի Ամիրխիզի թաղամասին է պատկանում:

Արևելյան Ատրպատականում Մոհառռամի օրերին իրականացվող միջոցառումներից իննը գրանցվել են Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում, որոնցից կարելի է հիշել Մոզաֆարիյեի շուկայի սգո հանդեսները,Աջաբշիրի Շիշվան գյուղում ջահի արարողությունը, Ազարշահրի Ֆիրուզ Սալար գյուղի թախթեզանի միջոցառումը, Թավրիզի Շախեսի-Վախեսի ծեսը:

Թավրիզի Մոհառռամի թանգարանը կառուցման օրից մինչ այսօր Մոհառռամի օրերին անվճար ընդունել է այցելուներին ու Իմամ Հոսեյնի սգավորներին: