Փետրվար 24, 2019 16:48 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր (142.Պատժի ազդեցությունը երեխայի վրա-2)

Ողջույն սիրելի ռադիոլսողներ: Այսօրվա մեր թեման , որը սկսել ենք անցյալ շաբաթ, համարվում է ամենաքննարկվողներից :

Երեխային պատժելու ճիշտ և սխալ մեթոդների մասին կարելի է խոսել երկար: Ասելիքները շատ են, թեման էլ չափազանց կարևոր:  Այսօր շարունակելու ենք անցյալ շաբաթ սկսած մեր զրույցը: Հաղորդման հյուրն է Կարինե Խաչատուրյանը : Որպես աղբյուր օգտվել ենք «Փսիլայֆ oնլայն» ռադիոյի «Տարիքի գաղտնիքները» հաղորդաշարից: Ասենք, որ հաղորդման ընթացքում, փորձագետից բացի , եթերում են լինելու մեր բարեկամ ՝ մայրիկներ, որոնք մասնակից են դարձել մեր զրույցին և կիսվել են իրենց փորձերով: Մնացեք մեզ հետ:

....................................

Նախ հիշենք, թե ինչի՞ համար ենք պատժում երեխային: Ինչպես հայտնի է,պատիժն օգնում է երեխային հասկանալու իր կատարած արարքների սխալ և անընդունելի կողմերը շրջապատի համար և անձնական ճակատագրի տեսանկյունից:Այն ուղղում է երեխայի վարքը,նրան հասկացնում է,թե որտեղ և ինչում է սխալվել:

Երբ դուք ծեծում եք ձեր երեխային, դրանից ամենևին չի պակասում ձեր սերը նրա նկատմամբ, դրանում կասկած չկա: Այստեղ չի քննարկվում ծնողական սերն ու գուրգուրանքը: Գիտենք, որ սիրել նշանակում է ծառայել, հոգ տանել, խնամել, և այլն: Այժմ խոսենք դաստիարակչական ամենասխալ քայլի մասին: Խոսքը գնում է ֆիզիկական պատժի մասին:

Սակայն չպետք է մոռանալ, որ ծեծի ժամանակ , երեխան իրեն զգում է զրո, ոչնչություն: Հաջորդ պահին դուք մոռանում եք ծեծի մասին և փաղաքշական բառեր եք ասում նրան, որովհետև սիրում եք ձեր զավակին: Իսկ ինչ կատարվեց երեխայի հոգում` ոչ ոք չտեսավ… ծեծելու վատ սովորությունը կարող է կրկնվել օրվա ընթացում մի քանի անգամ: Այստեղ հակասություն կա…

Ձեռքը բարձրանում է այն դեպքում, երբ անզոր է լեզուն և բանականությունը: Ծեծին վերաբերող բոլոր պատճառաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվի ծեծելու վատ սովորությունը: Ծեծվող երեխան վաղը ընտանիք կազմելիս վարվելու է նույն կերպ իր երեխայի հետ: Պարզվում է, որ <<չմտածված>> ծեծը վնասում է սերունդներին հաջորդաբար… Մեր երեխաները միայն մերը չեն, այլ նաև հասարակության երեխաներն են…

Լսենք մեր ունկնդրին

.............................................

Կարելի է եզրակացնել, որ մենք չենք տիրապետում երեխայի դաստիարակության պարզագույն կանոններից ամենակարևոր օղակին, որ կոչվում է արարք և հետևանք: Յուրաքանչյուր արարք, որ կատարվում է երեխայի կողմից, լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Երեխան պետք է տեղյակ լինի, որ յուրաքանչյուր արարք` կատարված իր կողմից` ունի հետևանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը անպայման ծեծի տեսքով: Մենք չենք տիրապետում նաև խրախուսանքի և պատժի կանոններին: Հենց այս նրբությունների տիրապետման հանգամանքով է պայմանավորված ծնողական հմտությունները: Երեխային դաստիարակելու հատուկ ծրագիր չկա, ամենալավ ծրագիրը ծնողների օրինակն է, որ երեխան ստանում է ինչպես իր օրվա սնունդը: Սխալ սննդից վնասվում է երեխայի առողջությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգևոր:

Եթերում Կարինե Խաչատուրյանն է:

........................................

 

Պատիժը պետք է օժանդակի երեխային ավելի լավը դառնալու.հաղթահարելու վատ արարքը,և շրջապատի հետ համերաշխության դուռ բացի նրա առջև: Պատիժը չպետք է պատճառի ոչ ֆիզիկական,ոչ էլ բարոյական տանջանքներ: Նկատողությունների խելացի համակարգը ոչ միայն օրինական է,այլև անհրաժեշտ:Այն օգնում է ձևավորելու ամուր մարդկային բնավորություն,դաստիարակում պատասխանատվության զգացում,մարզում է կամքը,մարդկային արժանապատվությունը,գայթակղություններին հակադրվելու,դրանք հաղթահարելու կարողությունը՛՛:

Մանկան դաստիրակման մասին խոսելիս, միշտ էլ շեշտվում է, որ գնահատականներն ուղղված են ոչ թե երեխայի անհատականությանը, այլև նրա ճիշտ կամ սխալ արարքին: Այսինքն պատժելիս մենք չենք գնահատում երեխային ՝ դու լավ կամ վատն ես, այլ խոսում ենք նրա արարքի լավ կամ վատ լինելու մասին ՝, ասելով քո այս արարքը սխալ էր: Պատիժը ոչ թե անձնավորության,այլ նրա արարքի բացասական գնահատման ձև է:Պատժի նպատակն է հասկացնել երեխային,որ նրա արարքն է վատ ու անընդունելի,իսկ ինքը հարազատ է միջավայրին:Պատիժը պետք է ներշնչի երեխային՝ձերբազատվելու վատ արարքից,և նրա մեջ արթնացնի լավի ուղին բռնելու անկեղծ ցանկություն:

Եթերը տրամադրում ենք մեր ունկնդրին:

..............................

 

Վերջում փորձենք պատասխանել այս հարցին : Ինչպե՞ս պատժել,որպեսզի չլինի անմարդկային և հակամանկավարժական:Երեխան պետք է իմանա,թե ինչի համար է պատժվում: Մեր օրերում ,խուսափելով մարմնական պատիժներից՝կարելի է օգտագործել նկատողությունը,անհատական զրույցը,նստարանի մոտ կանգնելու առաջարկը,սիրելի զբաղմունքից զրկելը և այլ մեթոդներ, որոնց մասին արդեն ասվեց: