Մի գավաթ անդորր (169. Տագնապ և տագնապային խանգարումներ-1)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր Խոսելու ենք այն մասին ,թե ինչ է տագնապը: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի մասնագիտական խորհուրդներից: Որպես աղբյուր օգտվել ենք armenbegoyan.com կայքից և այլ մասնագիտական կայքերից:Մնացեք մեզ հետ:
Անհանգստության և տագնապի զգացումը մեր կյանքի տարբեր դրվագներում կարող է խիստ օգտակար լինել։
Տագնապը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ տարբեր խնդրահարույց և «կասկածելի» իրավիճակներում կանխազգալու հնարավոր վտանգը և պահպանելու մեր անվտանգությունը։
Սակայն տագնապային խանգարումով բազմաթիվ մարդկանց վախը կարող է դառնալ իրենց ամենօրյա կյանքի մշտական ուղեկիցը։ Սա արդեն ոչ թե պաշտպանական հույզ է, այլ առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա բացասաբար ազդող վիճակ։ Այն ազդում է մարդու աշխատանքի, շփումների ու փոխհարաբերությունների, քնի, կենտրոնանալու և առօրյա գործերը կատարելու վրա։
Տագնապային խանգարումներով մարդիկ չեն կարողանում դադարեցնել ակնհայտ ոչ կարևոր բաների մասին անհանգստանալուց ու վախենալուց և իրավիճակներն ընկալում են որպես շատ ավելի վտանգ պարունակող, քան իրականում են։ Նման դեպքերում մշտական վախն ու տագնապը վերացնում են այդ մարդու՝ կյանքից հաճույք ստանալու զգացումը, խոչընդոտում են նրա աշխատանքը, այլ մարդկանց հետ հարաբերությունները և խեղաթյուրում ինքնագնահատականը։ Այնուամենայնիվ, սա բուժելի վիճակ է, և առաջին քայլը տագնապի «թեմային» ծանոթանալն է։
Տագնապային շեղումներն ամենատարածված հոգեկան հիվանդություններն են: Բազմաթիվ երկրներում 4 անձից 1-ն իր կյանքի որևէ շրջանում ունենում է հիվանդագին տագնապ։ Կանանց մոտ տագնապն ավելի տարածված է, որի պատճառն անհայտ է։
Տարբերում են տագնապային խանգարումների տարբեր տեսակներ, որոնք դրսևորվում են տարբեր առանձնահատկություններով։ Այնուամենայնիվ, անկախ տագնապային խանգարման տեսակից, բոլոր դեպքերում էլ տագնապն ազդում է մարդու առօրյա գործերի վրա։
Տագնապը կարող է խանգարել ինչ-որ գործի վրա կենտրոնանալու ձեր ունակությանը, ինչպես նաև տանը, աշխատանքի վայրում կամ դպրոցում սովորական խնդիրների լուծմանը։ Այն սովորաբար ուղեկցվում է քնի խանգարումների հետ։ Տագնապի հիվանդություններով մարդիկ հաճախ դժվարությամբ են հաղթահարում սթրեսային իրավիճակը։ Տագնապին ուղեկցող մյուս մշտական նշաններն են շնչառության հաճախացումը, ուժեղ սրտխփոցի զգացումը և գլխապտույտը։
Տագնապի հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ մեկ կամ մի քանի գործոնների զուգակցումը՝ ժառանգական նախատրամադրվածություն, մշտական սթրես, ընտանեկան գործոններ, ֆիզիկական հիվանդությունների առկայություն կամ ծանր վնասվածքներ։
Եթե ձեզ մոտ առկա են տագնապի ախտանիշներ, զրուցեք ձեր բժշկի հետ, որ նա կարողանա հնարավորինս վաղ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել կամ առաջարկել տագնապը վերացնելու այլ ուղիներ։
Եթերում է
Հոգեբան և հոգեթերապևտ Արման Բեգոյանը:
****
Հաճախ ուզում ենք մեր բոլոր խնդիրները թողնել տանը և գնալ աշխատանքի, բայց շատ խնդիրներ, հատկապես տագնապները, մեզ հետ գալիս են աշխատավայր:
Տագնապները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Դուք կարող եք մտահոգվել, երբ բախվել եք որևէ խնդրի աշխատանքի ընթացքում, քննություններից առաջ կամ կարևոր որոշում կայացնելիս։ Բայց տագնապային խանգարումները ներառում են ավելին, քան ժամանակավոր անհանգստությունը, մտահոգությունը կամ վախը։ Տագնապային խանգարում ունեցող անձի համար տագնապները «հեռու» չեն գնում իրենցից և կարող են ժամանակի ընթացքում սրվել։ Զգացումները կարող են ազդել առօրյա գործունեության վրա, ինչպիսիք են աշխատանքը, դպրոցական կյանքը, միջանձնային հարաբերությունները։
Դժվար է հաղթահարել տագնապները, երբ պարտավոր ես պրոֆեսիոնալ լինել, և շատ ավելի բարդ է, երբ ղեկավարդ քեզ չի հասկանում:
Ամերիկյան մասնագիտական կայքերից մեկը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, ովքեր ունեն տագնապային խանգարումներ: Նրանք կիսվել են այն գաղտնի ցանկություններով, որոնց մասին կուզեին, որ իմանար իրենց ղեկավարը:Երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք հարցման մասնակիցների պատասխանները:
1) Երբեմն ինձ մեկ րոպե ժամանակ է պետք ինքս ինձ հավաքելու համար:
2) Ես իմ հիվանդությունը չեմ, ես շատ ավելին եմ:
3) Ես անում եմ այն ամենը, ինչ կարող եմ:
4) Ես կարող եմ լինել ամաչկոտ, նյարդային, ոչ զրուցասեր, կարող եմ մի պահ հեռանալ գրասեղանից, մինչև դեղերը սկսեն ազդել:
5) Երբեմն ես ինձ վրա ավելի շատ պարտականություն եմ վերցնում, քան կարող եմ, որովհետև դժվար է ոչ ասել: Ու քանի որ չեմ կարող հանդուրժել ոչ լիարժեք աշխատանքը, ես իմ գործն անում եմ լավ ու հաջողությամբ ավարտում այն: Մինչդեռ ոչ ոք չի կարող պատկերացնել, որ ես տագնապի մեծ զգացում եմ ապրել աշխատանքի ամբողջ ընթացքում:
6) Ես կսիրեի այն ղեկավարին, ով կհարցներ՝ ինչո՞վ կարող ենք օգնել: Կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, որը կհեշտացնի քո աշխատանքը:
7) Ես ամբողջովին չեմ վերահսկում իմ տագնապայնությունը: Ես չեմ կարող մոտավորապես կանխատեսել՝ ե´րբ այն գլուխ կբարձրացնի կամ տեղի կտա: Այն մեխանիզմ չէ, որ միացնեմ կամ անջատեմ:
8) Ես կուզեի, որ իմ ղեկավարը տեսներ, թե ես ինչպես եմ պայքարում տնից դուրս գալու համար:
9) Կարող է թվալ, թե ես հանգիստ եմ, կամ ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց երբեմն իմ ներսում ուղղակի փոթորիկ է: Իմ կարողությունները ամեն օր տարբեր են, և երբ իմ տագնապներն ավելի ուժեղ են, ես զգում եմ ներսիս փոթորկի կառուցվածքային շերտերը: Առանձին խոսի՛ր ինձ հետ ավելի մանրամասն իմանալու համար՝ ինչպես է այն ազդում ինձ վրա, և հասկացիր ինձ այնպես, որ երկուսով կարողանանք մեղմել անհարմար իրավիճակները:
10) Իմ նախկին ղեկավարը մի անգամ ինձ ասաց, որ տագնապային խանգարումը անձնական խնդիր է ու այն պետք է թողնել տանը: Ես ծիծաղեցի և ասացի՝ դա վերարկու չէ: Ես չեմ կարող այն թողնել դռներից այն կողմ: Իմ հոգեկան առողջության մասին գործատուիս հետ խոսելը լուրջ որոշում էր: Երբեմն մտածում եմ, որ դա չպետք է անեի, բայց ուրախ եմ, որ խոսեցի. հիմա նրանք գիտեն՝ ինչ է կատարվում:
11) Իմ տագնապայնությունը կարող եմ հաղթահարել այնպիսի ձևերով, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Օրինակ՝ այն, որ ես պետք է վերանայեմ փաստաթղթերը մի քանի անգամ, մինչև հաստատելը, ու դա կարող է դիտվել որպես ուշադրություն մանրուքների նկատմամբ: Իմ պլանավորելու և ժամանակացույց ունենալու կարիքը կարող է իմ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, քան մյուսներինը:
12) Մի´ ասեք՝ ուզում եմ քեզ հետ խոսել օրվա վերջում: Ես բառի բուն իմաստով ամբողջ ժամանակ կնստեմ գրասենյակում ու կմտածեմ այն բոլոր պատճառների մասին, որոնց համար դուք ինձ «վառելու» եք։ Եթե ուզում եք խոսել ինձ հետ, խնդրում եմ՝ զերծ պահեք ինձ տանջանքներից:
13) Չնայած իմ տագնապայնությանը` ես գերազանց կարող եմ կատարել իմ աշխատանքը: Ես ուղղակի պահանջում եմ որոշակի հարմարեցումներ:
14) Խնդրում եմ՝ կարեկցանք ցուցաբերեք, ոչ թե մեղադրանք, մտահոգություն՝ ոչ թե քննադատություն: Իմացեք, որ ես ավելի շատ ժամանակի և տարածության կարիք ունեմ, բայց ծայրաստիճան աշխատասեր եմ, խնդիրներ լուծելու մեջ վարպետ եմ և մտահոգվում եմ ավելին, քան դուք կարծում եք:
15) Ամեն օր սոցիալական միջավայրին հարմարվելը ինձնից մեծ ջանքեր է պահանջում: Ես կարծես սուպերհերոս լինեմ՝ հաղթում եմ մարտերում ու գնում դեպի մեկուսացում:
16) Հայացքով շփման բացակայությունը չի նշանակում, որ ես ազնիվ չեմ կամ հետաքրքրված չեմ ձեր ասածով: Ես ամենայն հավանականությամբ ծանրաբեռնված եմ ու փորձում եմ «ուշքի գալ»:
17) Երբեմն հանգստանալու համար ինձ պետք են մի քիչ ժամանակ ու մի փոքր տարածք՝ հասկանալու՝ ի´նչ է տեղի ունենում:
18) Ես մտածում ու ծանրութեթև եմ անում տարբեր վարկածներ և պատասխաններ: Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե ինչ նշանակություն ունի ինձ համար իմ աշխատանքը:
19) Իմ տագնապայնությունը կարող է թույլ չտալ կենտրոնանալ աշխատանքի վրա, այնպես որ իմ աշխատելու ընթացքը կարող է տարբերվել մյուսներից: Վստահ եղեք, որ աշխատանքը կկատարվի: