Նոյեմբեր 06, 2019 07:10 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք այն մասին թե Ինչո՞ւ են երեխաները ստում և ինչպես արձագանքել երեխայի ստին : Հաղորդման ընթացքում դուք կլսեք հոգեբան Տաթև Նահապետյանի խորհուրդներն այս կապակցությամբ: Մնացեք մեզ հետ:

 

Երեխաները ծնողների հայելին են

Հոգեբաններն ասում են,որ բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլոր մեծահասակներն են միշտ ճիշտն ասում, այդ դեպքում ի՞նչ կարող ենք ասել փոքրիկների մասին, ովքեր ավելի շատ պատճառներ ունեն ստելու համար: Մանկական ստին, ժամանակ առ ժամանակ, բախվում են գրեթե բոլոր ծնողները: Ոմանց դեպքում մեկ բացատրական զրույցն էլ բավական է լինում, որպեսզի ամեն բան իր ճիշտ տեղում հայտնվի, իսկ ոմանց մոտ էլ այն դառնում է գրեթե պաթոլոգիկ հիվանդություն: Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել, երբ երեխան ստում է և չի ցանկանում ուղղել իր բնավորության այդ բացասական դրսևորումը:

Պատժել, խրատներ կարդալ. այս ամենն անօգուտ է: Ծնողները պետք է փորձեն հասկանալ երեխայի ստի պատճառը:

Ինչպես պարզել են հոգեբանները, տարբեր տարիքում երեխաները տարբեր պատճառներից դրդված են ստում:


Ծննդյան պահից մինչև 3 տարեկանԱյս տարիքում երեխաներն ընդհանրապես չեն կարողանում ստել: Երեխայի ուղեղն այդ տարիքում ի զորու է կենտրոնանալ մի բանի վրա, այն, ինչ իրականում տեսել է: Իսկ սուտը հնարած մի բան է, որն իրականում չկա և պահանջում է ուղեղի լարում, աշխատանք:


3-ից 4-4,5 տարեկանՀոգեբանները երեխաների այս տարիքը համարում են «ուրախ ստի» տարիք: Այդ տարիքում երեխաները երևակայում են, մտածում են հետաքրքիր բաներ, որոնք ուրախացնում են ծնողներին: Այս տարիքում երեխաների համար սուտը ուղեղի մարզանք է:

4,5-5 տարեկան և ավելիՀենց այս տարիքից երեխաները սկսում են գիտակցաբար ստել: Ու սա արդեն պետք է Ձեզ  անհանգստացնի:

 

Ինչու՞ է երեխան ստում

 

Եվ այսպես, երեխան հինգ տարեկան է, և մի օր Դուք հասկանում եք, որ նա ստում է Ձեզ: Եվ այդ սուտն այլևս երևակայության արդյունք չէ, այլ սուտ, որով նա ցանկանում է խաբել Ձեզ: Ամենասկզբում երեխաները ստում են փոքր պատճառներով՝ մոռացել է օրագիրը, գնահատական այսօր չի ստացել, հարևանի պատուհանը կոտրողը նա չէ և այլն: Իհարկե, Ձեր առաջին արձագանքը զայրույթն է, բայց սպասեք՝ ինչու՞ է երեխան ստում: Գուցե վախենու՞մ է Ձեզնից, վախենում է, որ կպատժեք: Երեխաների ցանկացած սուտ ունի իր կոնկրետ պատճառը: Դա հասկանալով ու այն լուծելով՝ Դուք կկարողանաք արմատախիլ անել սուտը: Հիմա պատճառները հատիկ-հատիկ քննարկենք.

Վախ պատժից: Սա ամենատարածված պատճառն է: Դուք պատժու՞մ եք երեխային վատ գնահատականի համար, զայրանու՞մ եք ափսե կոտրելու համար: Այս ամենի արդյունքում երեխաները սկսում են երևակայել ու հորինել պատճառներ, որպեսզի ծնողները չպատժեն իրենց:

Ամոթի զգացում և անինքնավստահությունԵրեխաները շատ հաճախ ցանկանում են ունենալ որևէ խաղալիք, որը շատ թանկ է, կամ ընտանիքում գերակշռում է մայրիկի խոսքը, ու երեխան հաճախ ստում է ընկերներին՝ ներկայացնելով իր երազանքները: Երեխան ստում է ծնողներին, քանի որ չի արդարացրել նրանց հույսերը: 

Ուրեմն՝ եկեք հասկանանք երեխայի ստի պատճառները: Տարբերենք՝ կան որևէ պատճառով ստող երեխաներ և պաթոլոգիկ ստախոսներ, ովքեր մշտապես ու ցանկացած իրավիճակում ստում են: Նրանց հետ արդեն պետք է աշխատեն հոգեբանները:

Եթերում է հոգեբան Տաթև Նահապետյանը:

*****

Ինչպե՞ս արձագանքել երեխայի ստին

Երեխայի հետ ստի մասին խոսել խորհուրդ է տրվում 5 տարեկանից, երբ երեխան սկսում է գիտակցաբար ստել: Հիշեք՝ երեխաները չեն ստի, եթե Դուք լինեք հոգատար, համբերատար, բարի, օգնող: Ինչ էլ որ լինի, Դուք պետք է լինեք երեխայի կողքին, այլ ոչ նրա դեմ: Որպեսզի երեխան չստի, Դուք պետք է հավատաք նրան, նրա կարողությունները ռեալ դատեք, հաշվի առնեք նրա ցանկությունները:

Ինչպես հոգեբան Տաթև Նահապետյանն ասաց. Ինքներդ մի ստեք.  Ենթադրենք երեխային ասում եք՝ «վերցրու հեռախոսն ու ասա՝ տանը չեմ». այս անմեղ ստի պատճառները երեխան չի հասկանում: Նա պարզապես տեսնում է, որ մայրիկը ստեց: Ինչպես հաղորդման սկզբում ասացինք, երեխան ծնողների հայելին է:

Երեխայի հետ բաց ու ազատ խոսեք, սատարեք երեխային, ոգևորեք, վստահեք նրան ու դարձեք ամենալավ ընկերը ու  երեխան այլևս չի հորինի սուտ պատճառներ:

Հոգեբանների  գործնական խորհուրդները՝ ծնողների համար

Պաթոլոգիկ (հիվանդագին) ստի հիմնական պատճառները

Նախ և առաջ պարզեք, թե ինչու՞ է երեխան ստում: Սովորաբար, յուրաքանչյուր երևույթ իր առաջացման պատճառներն է ունենում, որոնց ավելի խոր արմատները գալիս են ենթագիտակցականից: Եթե Դուք կարողանաք հասկանալ Ձեր երեխային, ապա ավելի հեշտ կլինի հաղթահարել այդ խնդիրը: Առավել հաճախ հոգեբանները դասակարգում են մանկական ստի հետևյալ հիմնական պատճառները.


1. Երեխաները միտումնավոր չեն ստում. նրանք պարզապես չեն կարողանում հասկանալ սեփական մանկական երևակայության և իրականության միջև եղած տարբերությունը: Նրանց զվարճալի «հեքիաթներն» այն մասին, թե ինչպես կոկորդիլոսները կերան կոնֆետները, դրանք երևակայության և ոչ թե չար մտադրության արդյունք են:


2. Չափահասի օրինակը. երեխան բավականին ուշադիր է հետևում մեծահասակների վարքին: Համապատասխանաբար, ձգտում է ամեն ինչում նույնականացվել նրա հետ: Առավել հաճախ, ծնողների կողմից ասված սուտը նկատելու դեպքում, երեխան այդ երևույթը սկսում է ընկալել որպես նորմ: Եթե նրան խնդրեք որևէ մի բան տատիկին կամ հայրիկին չպատմելու մասին, ապա շուտով երեխան էլ կսկսի ինչ-որ բաներ Ձեզանից թաքցնել:
3. Վախ պատժից. եթե ընտանիքում յուրաքանչյուր չարաճճիության համար ընդունված է պատժել երեխային, ապա նրա նման պահվածքը տրամաբանական է: Նա նախատեսված պատժից խուսափելու համար ցանկացած պատճառաբանություն կհորինի:
4. Սիրո և քնքշանքի պակաս. եթե երեխան զգում է Ձեր ուշադրության և սիրո պակասը, ապա նա ստի միջոցով կփորձի գրավել Ձեր ուշադրությունը:
Այսպիսով, եթե Դուք կարողանաք պարզել, թե ինչու՞ է Ձեր երեխան ստում, ապա նրան այդ տհաճ սովորությունից հետ պահելն ավելի հեշտ կլինի:

Ինչպես տարբեր տարիքի երեխաներին հետ պահել ստելու սովորությունից

Յուրաքանչյուր տարիք երեխայի բնավորության ձևավորման մի որոշակի դժվար շրջան է: Հենց այս հանգամանքն էլ պետք է նկատի ունենալ, երբ փորձում եք երեխային հետ պահել այդ վատ սովորությունից: Ուսումնասիրելով երեխաների ստելու հիմնական պատճառները, համեմատեք այն սեփական իրադրության հետ և փորձեք գտնել Ձեր երեխայի ստելու պատճառը: Միայն դրանից հետո փորձեք կիրառել առաջարկվող հոգեբանա-մանկավարժական մոտեցումները:

4 տարեկան


Եթե երեխան 4 տարեկանում իր արարքներն արդարացնելու համար հորինում է ցանկացած պատճառաբանություն, ապա պետք չէ նրան պատժել: Նախ և առաջ բացատրեք նրա ասածների անհեթեթ լինելը: Թող նա իմանա, թե ինչքան վատ և անհեթեթ է այդ ամենը: Իսկ եթե երեխան անդադար հեքիաթներ է հորինում, ապա մտածեք այդ մասին, գուցե Ձեր երեխան հենց դրա կարիքն ունի: Անպայման երեկոյան նրա համար հեքիաթ պատմեք և բացատրեք հեքիաթային աշխարհի և իրականության միջև եղած տարբերությունը: Նրա հետ տիկնիկային ներկայացումների կամ հեքիաթային բեմադրությունների հաճախեք:

5 տարեկան


5 տարեկանում երեխաների ստի գլխավոր պատճառը պատժի նկատմամբ ունեցած վախն է: Այդ իսկ պատճառով վերանայեք դաստիարակման Ձեր մեթոդները: Եթե նվազեցնեք պատժիչ մեթոդների կիրառման քանակությունը, ապա Ձեր երեխան ստելու պատճառ չի ունենա: Փորձեք ավելի հաճախ գովել նրան և ավելի քիչ անկյուն կանգնեցնել, որպեսզի Ձեր երեխան զգա Ձեր սերը և ավելի շատ վստահի Ձեզ:

6-7 տարեկան


Այս տարիքում փոքրիկ դպրոցականն արդեն կարողանում է ինքնուրույն և յուրովի կերպով վերլուծել ծնողների արարքները, եթե նրանք երեխայի ներկայությամբ ստում են միմյանց, ապա զարմանալի չէ, թե ինչու՞ է հետագայում երեխան սկսում ստել իրենց: Հետևաբար, 6-7 տարեկան երեխաներին ստելու սովորությունից ձերբազատելու լավագույն միջոցը հանդիսանում է սեփական վարքի օրինակը: Եթե երեխան ապրի վստահելի և իրականության անկեղծ մթնոլորտում, ապա նա ևս ստելու պատճառ չի ունենա:
Այսպիսով, Դուք երեխայի ստելու պատճառների բացահայտման շնորհիվ միշտ կկարողանաք հեշտորեն հետ պահել նրան այդ վատ գաղափարից: