Մի գավաթ անդորր(185.Ամուսնական կյանք)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք ամուսնական կյանքի, կոնֆլիկտների ու ճգնաժամերի մասին: Ներկայացնելու ենք հոգեբանների տեսակետները երիտասարդների ամուսնության վերաբերյալ:
Ամուսնությունը միավորում է երկու տարբեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնական նախասիրությունները, տեսակետները և վարվելակերպը։ Ժամանակ ու ջանքեր են պահանջվում, որ ամուսնական զույգերն իրար ավելի լավ ճանաչեն ու հասկանան։ Բայց ժամանակի ընթացքում նրանք գուցե այնքան տարվեն իրենց անձնական գործերով, որ օտարանան իրարից, և այնպես ստացվի, ասես ամեն մեկն իր կյանքով է ապրում։ Ի՞նչը կօգնի նրանց մտերմանալ միմյանց հետ։
Վերջին տարիներին նորաստեղծ ընտանիքների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտանիքները հասարակության համար մեծագույն արժեք են համարվում և հասարակության հետագա զարգացման պոտենցիալ ուժն են:
Ըստ հոգեբանների այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդ զույգերը, ընդհանուր են գրեթե բոլորի համար. «Կայուն ընտանիք կազմելու ընթացքում զույգը անցնում է մի շարք փորձությունների միջով: Ամուսնական կյանքի առաջին երկու տարիների ընթացքում երիտասարդները փորձում են հարմարվել միմյանց և նրանց առաջ ծառանում են մի շարք խնդիրներ:
Նշված խնդիրներից են օրինակ` ինչպես բաշխել ընտանեկան պարտականությունները կնոջ և տղամարդու միջև, մշակել որոշակի ընդհանուր արժեքներ ընտանիքի գոյատևման համար, հասկանալ, թե ի՞նչ է տալիս ընտանիքը իրենց»: Նշված փորձությունները երիտասարդ ընտանիքները որոշ դեպքերում հաղթահարել չեն կարողանում, ինչն էլ հետագայում ամուսնալուծությունների պատճառ է դառնում:
Ըստ հոգեբանների` սրա հիմնական պատճառը երտասարդների` ընտանեկան և ամուսնական հարաբերությունների մասին տեղեկացվածության պակասն է:
Որոշ մասնագետներ էլ կարծում են` սրա պատճառը հապճեպ որոշումներն ու ամուսնական պարտականություններին անլուրջ վերաբերվելն են:
Երբ ընտանիքում խնդիրներ լուծելը դառնում է անհնար, միմյանց հասկանալը՝ դժվար, մարդիկ պետք է սկսեն ելք գտնել բաժանության որոշում կայացնելուց առաջ: Ընտանիքում վատ հարաբերությունները ծագում են, երբ ամուսինները ամբողջ օրվա ընթացքում ենթադրություններ են անում, նյարդայնանում և սկսում են արհեստական վեճեր ստեղծել: Ամուսնությունը նման է ֆիզիկայի հավասարակշռության օրենքին, երբ մարդիկ ամուսնանում են, լինում են նույն մակարդակի վրա, սակայն տարիների ընթացքում, երբ ամուսիններից մեկը ավելի կայանում, աճում է, իսկ մյուսը մնում է իր նույն զարգացվածության մակարդակի վրա, հենց այդ պահին սկսվում է անհավասարակշռությունը: Ամուսնական հարաբերություններում շատ կարևորվում է տղամարդու և կնոջ ինտելեկտուալ կապը: Եթե ամուսիններից որևէ մեկը ավելի կայացած է, ապա նորից այս մեխանիզմը սկսում է չհամապատասխանել: Այնուհետև ամուսիններից որևէ մեկը սկսում է փնտրել իրեն համապատասխանող մեկին արդեն դրսում, որովհետև վերադառնալով տուն, նա կարծես գալիս է իր հին մակարդակին, որը վերջինիս մոտ առաջացնում է տագնապ: Մեծամասնության խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ լսում են, որ պատասխանեն, այլ ոչ թե հասկանան միմյանց: Ընտանիքում ամուսինները չպետք է սահմանափակեն միմյանց իրավունքները, ազատությունը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական հետաքրքրություններն ու ցանկությունները:
Ամուսնալուծությունների հարցերով փորձագետները հայտնաբերել են 4 չհաղթահարվող խնդիրներ, որոնք նույնիսկ ամենաամուր զգացմունքներով կապված ամուսնական զույգերը հաղթահարել չեն կարողանում: Եվ դրանցից ոչ մեկը դավաճանության հետ առնչություն չունի:
Առաջին խնդիրը՝ երբ զույգերից մեկը զգում է մյուսի անպատասխանատվությունը, անհուսալիությունը, էգոիզմը, որն աստիճանաբար սպանում է մտերմությունը:
Երկրորդը՝ քրոնիկ դարձած դժգոհություններն ու մեղադրանքներն են: Երբ ընտանեկան խնդիրները լուծում չեն գտնում և արդյունքում հանգեցնում են անբավարարության, մեծանում է վրդովմունքը, որն էլ կործանում է միությունը: Փոխզիջման գնալը խնդիրների լուծման լավագույն ճանապարհն է: Այն մարդիկ, ովքեր զիջումների գնալ չեն կարողանում, հարաբերություններում դատապարտված են ձախողման:
Երրորդն՝ այսպես կոչված նարցիսիզմն է: Նարցիսիզմը, գիտեք բնավորության գիծ է, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ: Եթե զույգերից մեկը նարցիս է, դա դառնում է խնդիր:
Չորրորդ խնդիրը վատ սովորություններն են: Եվ եթե երկրորդ կեսը զայրույթ և վրդովմունք է արտահայտում, ապա նա դադարում է հարգել զուգընկերոջը: Մյուս կողմից՝ եթե զույգերից մեկը հանուն հարաբերությունների պահպանման չի կարողանում ազատվել իր սովորություններից, ապա նա իր ողջ մեղքը բարդում է կողակցի վրա:
Այս բոլոր խնդիրների դեմ պետք է պայքարել հարաբերությունների հենց սկզբից, երբ դրանք դեռ չեն վերածվել սովորության և չեն քայքայել ամուսնությունը:
***
Ինչքան էլ դժվար լինի ամուր, ներդաշնակ, բարեկեցիկ ընտանիք կազմելը, այնուամենայնիվ, «Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է»:
Զարմացրեք միմյանց, սիրեք Ձեր ընտանիքը, պաշտպանեք նրա շահերը: Ամեն ինչ շատ պարզ է, բայց երբեմն նույնիսկ այս պարզ ճշմարտություններն են մոռացվում:
Իրոք փոքր և աննշան թվացող քայլերը ինչպես են կարող ջերմացնել ու ամրացնել ընտանեկան հարաբերությունները:
Ձեզ ենք ներկայացնում մասնագետների առաջարկած պարզ կանոնները կյանքը երջանիկ դարձնելու համար:
- Այն մասին, թե ինչպես է անցել ամուսնու օրը, չափազանց կարևոր հարց-ավանդույթ է:
- Ցանկացած ընդհարում կարող եք լուծել՝ պահպանելով միմյանց նկատմամաբ հարգանքն ու սերը:
- Պետք է կարողանալ խոստովանել, որ զգացմունքերի և հարաբերությունների հետ միասին կյանք են մտնում նաև նոր պարտականություններ:
- Դուք պետք է լինեք ազնիվ միմյանց նկատմամբ:
- Երջանկությունը թաքնված է փոքր արարքներում:
- Մի ստիպեք նրան սիրել ձեր ընկերներին, դա ավելի շատ վանում է, քան մտերմացնում:
- Երբեմն անհրաժեշտ է հրաժարվել որոշ հրավերներից, եթե դուք կարող եք օրն անցկացնել միասին:
- Ընդունեք նրա ընտանիքին այնպես, ինչպես սեփականին:
- Հաճախ կրկնեք. «Ես սիրում եմ քեզ»:
- Հոգ տարեք միմյանց մասին ոչ միայն հիվանդության ընթացքում, այլ ընդհանրապես:
- Վերցրեք տան առօրյա դժվարությունները սեփական ուսերին, երբ նա աշխատանքային լարված շրջանում է գտնվում:
- Մի կատակեք նրա մասին ընկերների շրջապատում:
- Եղեք ճշտապահ:
- Թույլ մի տվեք որևէ մեկին ձեր մասին վատը խոսել, չպետք է մոռանալ, որ դուք ամբողջություն եք երկուսով, և որևէ մեկը իրավունք չունի Ձեր ներկայությամբ, օրինակ՝ բացասական արտահայտվել ձեր ամուսնու մասին կամ հակառակը:
- Տեղեկացրեք միմյանց ձեր ծրագրերի մասին:
- Պատասխանեք նրա բոլոր զանգերին և հաղորդագրություններին:
- Մի վիճեք ճամփորդության ընթացքում:
- Եղեք հաճելի-անսպասելի:
- Սիրեք միմյանց անսահման: