Դեկտեմբեր 30, 2019 17:30 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով Ամանորը, ներկայացնում ենք 2020 թվականի մեր առաջին հաղորդումը, որտեղ ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:


------------------

Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ «Նայիրի» հրատարակչական կենտրոնի համագործակցությամբ՝ դեկտ. 27-ին տեղի ունեցավ Հ. Թումանյանի պարսկերենով թարգմանված «Հատընտիր» գրքի շնորհանդեսը:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի միջոցով «Անուշ» օպերայից հատվածները պատկերասփռող տեսաֆիլմով մեկնարկած միջոցառմանը «Նայիրի» հրատարակչության կողմից եւ որպես օրվա հաղորդավար Արտույտ Զոհրաբյանը ընդգծեց, որ Թումանյանից պարսկերենով թարգմանության հատընտիրի տպագրման մտահղացումը պատկանում է Իրանում ՀՀ դեսպանությանը եւ նվիրված է Թումանյանի ծննդյան 150-ամյակին, եւ նշեց, որ Հայաստանի դեսպանության կողմից նման միջոցառման իրականացումը պատահական չէ, քանի որ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հենց Հ. Թումանյանի շառավիղներից է:

Միջոցառմանը հրավիրվեց Թումանյանի «Հատընտիր»-ի թարգմանիչ Վարանդ Քյուրքչյանը, ով անդրադառնալով գրքին, պարսկերենով ընթերցեց Թումանյանի բանաստեղծություններից կտորներ, դրանց զուգորդելով մեկնաբանական խոսքեր: Ապա գրքի համահեղինակ Ղավամեդդին Ռազավիզադեն անդրադառնալով Հ. Թումանյանի յուրահատկությանը, ընդգծեց, որ նա սեր էր տածում մարդ անհատին, ի մասնավորի հայ ժողովրդին, ում վշտի եւ երջանկության մասին գրի առավ իր գործերում:

Նա, ապա երկու հիմնական հարցադրումներ առաջադրեց «Հատընտիր» գրքի կենսավորման ինչպիսության եւ նման գրքի հրատարակման նպատակի մասին:

Նա գնահատանքով անդրադարձավ բոլոր նրանց մասին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հրատարակել գիրքը, ի մասնավորի՝ դեսպան Թումանյանի:

Համահեղինակ Ռազավիզադեն, իր ելույթի ընթացքում անդրադառնալով Հ. Թումանյանի անհատականությունը ձեւավորող երեք հանգամանքներին, նշեց, որ նա ունեցել է բարի ծնողներ, եղել է ուշիմ, ջանասեր, մարդկային մոտեցումներով օժտված եւ վերին աստիճանի ազգասեր, ով Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ ունեցել է անժխտելի դեր: Անդրադառնալով Թումանյանի օտար գրականությանը ծանոթության մասին, նա նշեց, որ Թումանյանը լավածանոթ էր իրանական գրականության ռահվիրաններ՝ Հաֆեզին, Խայամին եւ ուրիշներին:

Միջոցառման գեղարվեստական բաժինը հագեցած էր Թումանյանից՝ հայերենով եւ պարսկերենով ասմունքային կատարումներով ու երգերով:

Ընթացքում ցուցադրվեց Թումանյանական ոգին դրսեւորող տեսաֆիլմ, որը անդրադարձավ Թումանյանի հավերժությանը:

Վերջում հրավիրվեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ում մտահղացման եւ բազմակողմանի հովանավորության շնորհիվ կենսավորվեց Հ. Թումանյանի պարսկերեն լեզվով «Հատընտիր»-ը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը ելույթը սկսեց հետեւյալ տողերով. «Եթե Թումանյանը միայն գրեր «Հոգեհանգիստ»-ը, նա կհամարվեր հայ մեծ բանաստեղծ, որովհետեւ 1915 թվականի արհավիրքից հետո միայն Թումանյանն էր, որ հայոց կերոնները վառելու եւ հայ ժողովրդին հոգեհանգիստ կարդալու իրավունք ուներ»:

Ելույթի մի այլ բաժնում դեսպան Արտաշես Թումանյանը նշեց. «Թումանյանն իր ամբողջ կյանքը իր ժողովրդին նվիրեց, նա անկեղծ էր եւ դա ապացուցեց իր համակ կյանքով: Այս գրքի ստեղծման պատմությունը տուրք մատուցելու փորձ է՝ մեծ գրողի, մեծ բանաստեղծի պայծառ հիշատակին»:

Դեսպանը ընդգծեց. «Գրքի ստեղծման գաղափարն առաջին անգամ ինձ հուշել է Երեւանում այդ օրերին Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, հետո նոր տնօրենը Անի Եղիազարյանը շարունակեց գործը, եւ ինչ-որ տեղ իմ ուսերին դրվեց հանձնարարություն, կազմակերպել գրքի տպագրությունը»:

Դեսպանը գնահատանքով խոսեց Վարանդի, Ղավամեդդին Ռազավիզադեի եւ «Նայիրի» հրատարակչության տնօրեն Արտույտ Զոհրաբյանի եւ ողջ անձնակազմի մասին, որոնց տքնաջան աշխատանքի արգասիքը համարեց գիրքը, կարեւորելով նման թարգմանությունների ու գործերի շարունակականությունը հայ եւ իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններն  էլ ավելի ամրապնդելու համար:

Ավարտին «Նայիրի» հրատարակչության կողմից հուշանվեր հանձնվեց ՀՀ արտակագ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին:

 

 

Իրանի հարավային Շիրազ քաղաքի արվեստասերնեորը մեկ շաբաթ շարունակ առիթն ունեցան հաղորդակիցը լինելու թվով 10 հայաստանցի գրաֆիստների ստեղծագործական աշխարհին:

Շիրազում գործող «Մոթորխունե» ցուցասրահում, դեկտեմբերի 25-ին, բացումը կատարվեց «Հանրային տրամադրություն» անունը կրող ցուցահանդեսի, որտեղ ցուցադրության էր հանվել ավելի քան 30 կտոր գործեր Հայաստանի, Իրանի եւ Աֆղանստանի ստեղծագործություններից նմուշներ:

Ցուցահանդեսի համադրողը՝ թեհրանաբնակ գրաֆիստներից՝ Ալի Անսարին էր: Անսարին Երեւանի Պետական համալսարանի շրջանավարտ է, եւ մինչ օրս անհատական ցուցահանդեսներով մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանում եւ Իրանում:

Շիրազի «Մոթորխունո» գալերիայի ցուցահանդեսը շարունակությունն է Թեհրանի «Դենա» եւ Սպահանի «Գոզար» գալերիաների ցուցահանդեսների, ինչը կարծես գնալով դառնում է նախագիծ՝ մյուս երկրներում եւս ցուցադրելու գծով:

Ցուցահանդեսը շարունակւելու է մինչեւ 2020 թվականի առաջին օրը:

 

 

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակել է «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրության երրորդ հատորը, իսկ դոցենտ  Եվա Մնացականյանը կազմել է «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի առաջին հատորը:

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրությունն ընդգրկում է իրադարձություններ բանաստեղծի ծնունդից մինչև վախճանը: Թումանյանը միակ հեղինակն է, որի  կյանքի տարեգրությունը չորս հատորով է լույս տեսնելու: Օրինակ` Վարուժանի, Զոհրաբի և այլ հեղինակների կյանքի տարեգրությունը մեկ հատորով է հրատարակվել»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Նրա խոսքով` երրորդ հատորը ներառում է Թումանյանի կյանքի և գործունեության 1915-1919 թվականներն ըստ ամիսների, օրերի, ժամերի: «Գիրքն ասես դիպաշար լինի»,-ընդգծեց տնօրենը:

Խոսելով «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի մասին` նա տեղեկացրեց, որ այն երկու հատորով է լինելու: «Գրքի առաջին հատորում զետեղվել են Թումանյանին նվիրված հոդվածները, որոնք տարաբնույթ են`լավ, վատ, դրական ու բացասական: Այդ նյութերը կարդալով` հետաքրքիր զգացողություն ենք ունենում, զարմանում, որ եղել են մարդիկ, որոնք  փորձել են պարզունակ համարել Թումանյանի ստեղծագործությունները, բայց ժողովուրդը գրաքննադատությունից առաջ է ընկել ու ավելի շուտ է զգացել և հասկացել Թումանյանի մեծությունը»,-եզրափակեց Դևրիկյանը:

 

 

2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի  «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը:

«Մտածեցինք, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի Բեթհովենի 250-ամյա հոբելյանին: Վեց համերգային ծրագրով կներկայացնենք կոմպոզիտորի հրաշալի դաշնամուրային  սոնատները, երեք համերգ կնվիրենք դաշնամուրի և թավջութակի սոնատներին, երեք երեկո` դաշնամուրի և ջութակի սոնատներին, չորս համերգով հանդես կգան մեր քառյակները: Լինելու են սիմֆոնիկ և երգչախմբային համերգներ»,-դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

2020 թ․ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, նախաձեռնել է կազմակերպել «Հայկական ոդիսական» հայ մշակույթին երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնը:

Ազգային կինոկենտրոնի տեղեկացմամբ, փառատոնի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված են Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր»   ֆիլմի թվայանցված տարբերակը։

 

 

Ղրիմում ընթանում են հայազգի մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական գործունեությանը նվիրված ֆիլմի նկարահանումները: Թեոդոսիայի պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերծածնված նկար» ֆորմատով, որը նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում հաջորդ տարի:

«Այվազովսկի. Հանճար և ծով»  աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը երկլեզու է լինելու՝ ռուսերեն և անգլերեն:

Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ: 

Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:

 

 

Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում անցկացվող «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը գործում է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ  հայերը կայսրությունում մեծ  հռչակ են վայել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:

«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:

Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:

 

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն առավել հայտնի է  Հարի Փոթերի մասին վեպերի շարքով, 2019 թվականի ամենաբարձր վարձատրված հեղինակն է: Նա է գլխավորում Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրված գրողների վարկանշային ցուցակը:

Այս տարի նա ստացել է 92 միլիոն դոլար եկամուտ: Ներկա պահին  գրողը եկամուտների զգալի մասը ստացել է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թեմատիկ այգիներից, թատերական ներկայացումներից:

Երկրորդ տեղում է 2018-ի հաղթող Ջեյմս Պատերսոնը 70 միլիոն դոլար եկամուտով: 2018 թվականին «Նախագահը կորել է» գիրքը նա գրել է Բիլ Քլինթոնի  հետ համատեղ: Եռյակը եզրակափակում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման 36 միլիոն  դոլար եկամուտով: Նրա «Becoming. Իմ պատմություն» հուշագրությունը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով: