Գեղարվեստական հաղորդում (203)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Շաբաթ փետրվարի 1-ին Իրանի հարավ-արևելյան Զահեդան քաղաքում կայացավ պոեզիայի «Ֆաջր» միջազգային 14-րդ շրջանի փակման հանդիսությունը:
Հանդիսության ընթացքում որին մասնակցում էր նաև Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին ներկայացվեցին փառատոնի այս շրջանի ընտրյալները:
Այս տարվա փառատոնի ժյուրիի ընտրությամբ «Մեծահասակների պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչվեցին իրանահայ պարսկագիր բանաստեղծ Վահե Արմենի ««Դանուբի երանգով» և Փանթեա Սաֆայիի «Ռա-ռա» բանաստեղծությունների հավաքածոները:

2020 թվականի հունվարի 30-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Հայ Կանանց ձեռքի աշխատանքներ»-ի ցուցահանդեսի պաշտոնական բացման միջոցառումը: Ցուցահանդեսին ցուցադրության է հանվել իրանահայ կանանց ձեռագործ արվեստից ցուցանմուշներ:
Բացման հանդիսությանը իրենց մասնակցությունն էին բերել՝ Թ.Հ.Թ. թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսեթյանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գլխավոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգության խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակույթի եւ առաջնորդության (Էրշադ) նախարարության ներկայացուցիչները ինչպես նաեւ մի շարք պաշտոնական հյուրեր:
Բացման խոսքով ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն՝ տկն. Ալիս Շահմուրադյանը, այնուհետեւ տկն. Դիանա Հովհաննիսյանը բացատրություններ փոխանցեց, պատմության մեջ հայ կնոջ դերի ինչպես նաեւ Իրանում տարբեր ոլորտներում առաջինը հանդիսացող հայ կանանց մասին։
Ծրագիրը հագեցած էր գեղարվեստական կատարումներով։ Երկու քանոնի կատարումով հանդես եկավ Թրեյսի Նավասարդյանը:
Օրվա առիթով արտահայտվեցին ԻՔՈՄ-ի գլխավոր պատասխանատու՝ դոկտ. Թաբաթաբային եւ տկն. Էդնա Զեյնալյանը: Դոկտ. Թաբաթաբային իր գնահատանքի խոսքը եւ գոհունակությունը հայտնեց նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար, բարձր գնահատելով «Արտակ Մանուկյան» թանգարանի գործունեությունը:
Ծրագրին մասնակցող պրն. Նադեր Քարիմիան Սարդաշթին, թանգարանի տնօրէնությանը նվիրեց «Արմանիանը Թեհրան» գրքից մեկական օրինակ։
Ավելի քան 200 հայ եւ պարսիկ այցելուներ ներկա էին ծրագրի բացման հանդիսությանը:

Հունվարի 31-ին Թեհրանի Հ. Մ. Մ. «Նայիրի» միության նախաձեռնությամբ մեծարվեց իրանահայ անվանի գեղանկարիչ արվեստագետ Սեդրակ Նազարյանի 70-ամյա բեղմնավոր աշխատանքը, ով իր գեղանկարչական գործերով ու պատմական որմնանկարչություններն ու գեղանկարչությունները վերանորոգելով իր անմնացորդ ծառայություններն է բերել հայ ժողովրդի, եւ ի մասնավորի՝ իրանահայ համայնքի պատմական կոթողների պահպանման ուղղությամբ:
Սեդրակ Նազարյան արվեստագետի մեծարման միջոցառումը նշանավորվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից հղված կոնդակով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ արվեստագետին «Ասպետ»-ի շքանշանի տվչությամբ: Մեծարման միջոցառումը հագեցած էր արտահայտություններով ու գեղարվեստական կատարումներով, ինչու չէ նաեւ Սեդրակ Նազարյանի անցած կյանքի ուղին պատկերող ֆիլմով:
Արվեստագետ Սեդրակ Նազարյանը իր կյանքի 10 տարիները նվիրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի որմնանկարները վերանորոգելու աշխատանքին եւ միաժամանակ իր արվեստի կողքին նա եղել է ազգային բարերար:
Հատկանշական է, որ միջոցառմանը սրահում ցուցադրվել էր թե՛ արվեստագետի, եւ թե՛ իր աշակերտների աշխատանքները:

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների գրքային նախընտրությունը բազմազան է. հայ ժամանակակից հանրահայտ գրողներից մինչև բրազիլիացի հայտնի գրող, հունական մեծ ողբերգությունից մինչև պուշկինյան փոքր ողբերգություններ:
Առհասարակ դասականները գրադարանի ընթերցողի նախընտրություններից են. Տոլստոյ, Մոպասան, Մելվիլ:
Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է անցած ամսվա ընթացքում առավել շատ պահանջված գրքերի տասնյակը, որոնք են Հրանտ Մաթևոսյանի «Երկեր»-ը, Հերման Մելվիլի «Մոբի Դիք»-ը, Սոֆոկլեսի Ողբերգությունները, Պաուլու Կոելյուի «Լրտեսը», Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ»-ը, Պերճ Զեյթունցյանի «Ծնվել է ու մահացել»-ը, Պատրիկ Մոդիանոի « Որ չկորչես թաղամասում»-ը, Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ»-ը, Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն, Արամ Պաչյանի «Օվկիանոս»-ը:
Ռուսական խոշորագույն մուլտիմեդիա ցուցահանդեսը` «Ռերիխ՝ վերածնված կտավներ» և «Այվազովսկի` վերածնված կտավները», լեռնային արշավների և ծովային մարտերի աննկարագրելի էներգիայով, գործում է Սանկտ Պետերբուրգի Լյումեր-Հոլ ստեղծագործարար տարածքում:
Ցուցահանդեսում ներկայացված է Նիկոլայ Ռերիխի ավելի քան 300 աշխատանք ՌԴ-ի տարբեր թանգարաններից և Հովհաննես Այվազովսկու ավելի քան 200 կտավ ռուսական և հայաստանյան թանգարաններից: Դրանց մեծ մասը ներկայացած է ps-3D ֆորմատով, ինչը թույլ է տալիս այցելուներին զգալ իրենց նկարի մեջ: Հզոր լազերային պրոյեկտորները, որոնք լրացված են նաև 20 կՎտ շրջապատող ձայնով, տեղափոխում են դիտորդներին նախ Հնդկաստանի և Ալթայի լեռներ՝ ավելի քան 300 մետր բարձրության վրա, այնուհետև սևծովյաին ջրային տարածք:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդես կբացվի: Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «Bridging Stories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փերտվարի 7-ը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Ակոս»-ի թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պիտի շեշտադրեն խաղաղությունը և հույսը երկու ժողովուրդների միջև:
«Bridging Stories II»-ի հայաստանյան ցուցադրությունը տեղի է ունեցել 2019-ի օգոստոսին Դիլիջանում:
Նշվում է, որ այս նախագծի 1-ին մասը (Bridging Stories) տեղի է ունեցել դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանը և Թուրքիան ներկայացնող լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանի ու Սաբիհա Չիմենի կողմից:

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է «Օսկար» մրցանակաբաշխությունն այն պատճառով, որ ժյուրին, նրա կարծիքով, անարդարորեն մեծ համակրանք է տածում սպիտակ թեկնածուների նկատմամբ: Քինգի հայտարարությունը հրապարակված է The Washigton Post-ում:
Իր սյունակում Քինգը հիշեցնում է, որ նախկինում «Օսկարում» ռասայական ներկայացուցչության հետ կապված իրավիճակն ավելի վատ էր:
«Ես բավականին ծեր եմ և հիշում եմ այն ժամանակները, երբ Հոլիվուդում ընդամենը մի քանի աֆրոամերիկացի ռեժիսորներ կային և մեկ կին ռեժիսոր՝ Իդա Լուպինո»,- գրել է Քինգը:
Գրողի կարծիքով, խնդիրը կապված է մրցանակաբաշխության ժյուրիի կազմի հետ, որտեղ 8 տարի առաջ 94 տոկոսը սպիտակ մարդիկ էին և 77 տոկոսը տղամարդ: Այսօր «Օսկարի» ժյուրիի կազմում կանայք կազմում են 32 տոկոս:
Վերջում Քինգը նշում է, որ Ամերիկյան կինոակադեմիան փորձում է շտկել իրավիաճկը, բայց դա շատ դանդաղ է անում:

Հունգարիայի հյուսիսում գտնվող ոչ մեծ Սինպերտրի գյուղում, որտեղ ապրում է ընդամենը 300 մարդ, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ հսկայական գրքի, որը ստեղծել է տեղացի վարպետ Բելա Վարգան: Եվրանյուզի հաղորդմամբ, այն գրեթե 1,5 տոննա քաշ ունի, 346 էջերից որևէ մեկը փոխելու համար անհրաժեշտ է հատուկ մեքենա և վեց մարդու օգնություն: Գիրքն ունի 4,18 х 3,77 մ չափս: Այն աշխարհի ամենամեծ գրքերից մեկն է:
«Արդեն անհնարին էր այն շարունակել: Բայց ավելի լավ էր ես կտրեի ձեռքս, քան 5 սմ-ով փոքր անեի»,- ասել է Վարգան:
Այդ մեծ գիրքը տասը տարի առաջ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Չնայած դրանից հետո ստեղծվել է մեծ չափսերի գրքեր, Վարգան պնդում է իր նախագծի եզակիությունը. «Այն եզակի է ոչ միայն իր չափսով, նաև տեխնոլոգիայով: Այն արված է ինչպես հնագույն կոդեքսները»:
Որպեսզի Բելա Վարգայի նվաճումը գրանցվեր, Գինեսի ռեկորդակիրների հանձնաժողովը խնդրել է պատրաստել գրքի փոքրացված կրկնօրինակը: Այն ունի 11 կգ քաշ, իսկ մնացած ամեն ինչը կրկնում է բնօրինակին: Այժմ հսկայական գիրքը և դրա հետ կապված ամեն ինչ պահպանվում է թանգարանում: Արտեֆակտի վիճակին հետևում է հենց Վարգան՝ օգտագործելով ոչ մեծ գործիքներ:
Այժմ աշխարհի տարբեր ծայրերից՝ Ասիայից մինչև Ամերիկա, գնում են Սինպերտրի, որպեսզի տեսնեն հսկայական գիրքը: Որոշ միապետներ ցանկացել են ձեռք բերել այն կամ խնդրել են հեղինակին դրա նմանը ստեղծել, բայց նա մերժել է:

Լույս հունվարի 30-ի գիշերը Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից:
Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի խոսքով՝ անհայտ անձինք գաղտնաբար մտել են այն շենքը, որտեղ ցուցահանդես Էր անցկացվում, եւ հափշտակել նշանավոր նկարչի 10 կամ 12 աշխատանք: Քանդակները գնահատվում են 200-500 հազար կրոն (20-50 հազար եվրո): «Գողոնի ընդհանուր արժեքը կազմում Է մոտավորապես 3-4 միլիոն կրոն (մոտավորաեպես 300-400 հազար եվրո)»,- պատմել Է Էնստրյոմը:
Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի հազվագյուտ «Եղջյուրներով գլուխը» քանդակը, որը, տարբեր գնահատականներով, ամերիկյան Գեթի թանգարանը ձեռք է բերել 3-5 միլիոն դոլարով, կեղծ է:
Վերջին հետազոտությունը հաստատել է, որ աշխատանքն արված է ոչ թե Գոգենի, այլ անհայտ նկարչի կողմից: Նախկինում համարվում էր, որ այն արված է Գոգենի կողմից 1895-97 թթ. Տահիտիում, իսկ այժմ թվագրումը փոխվել է՝ 1894 թ., երբ Գոգենը եղել է Ֆրանսիայում: Գոգենի ստորագրությունը քանդակի վրա բացակայել է:
Կեղծված լինելու մասին լուրը հաստատելուց հետո քանդակը հանվել է թանգարանի մշտական ցուցադրությունից: Հայտնի է, որ այն ներկայացված չի եղել վերջերս Օտավայում և Լոնդոնում Գոգենին նվիրված մեծ ցուցահանդեսներում: