Գեղարվեստական հաղորդում (206)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառի պաշտոնական բացումը: Գրադարանի կողմից պատվոգրեր հանձնվեց 2019 թվականի տարվա լավագույն ընթերցողներին: Ելույթներով հանդես եկան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության մշակույթի գծով խորհրդական Աննա Մարիա Սեկան, ԻԻՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: Պաշտոնական բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտը, հրատարակիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երեխաներ, մանկավարժներ, ծնողներ:

Իրանի Սպահան քաղաքում գտնվող Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը դոկտ. Արբի Բաբումյանի ղեկավարությամբ, մասնակցելով «Ֆաջր» երաժշտական 35-րդ փառատոնին՝ ելույթ ունեցավ Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում։
Ոչ-մրցութային բնույթ կրող ամենամյա այս երաժշտական միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 13-19-ը, Թեհրանի տարբեր դահլիճներում, որտեղ կատարումներով հանդես եկան երաժշտական խմբեր եւ անհատ երաժիշտներ՝ զանազան երկրներից ու Իրանի տարբեր շրջաններից։
Փառատոնին հանդես եկած երգչախմբերի շարանում էր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, որը մասնակցության հրավեր էր ստացել հայտ ներկայացրած բազմաթիվ խմբերի միջից։ Խումբն իր ելույթը կատարեց շաբաթ՝ 2020 թվականի փետրվարի 15-ի երեկոյան, Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում՝ անզուգական կատարմամբ հնչեցնելով հետևյալ վեց երգերը՝ «Գլորիա» (Վիվալդի), «Այ սար քոթալ» (տեղական երգ, մշակում՝ Ռուբիկ Գրիգորյանի), «Բառուն-բառունե» (տեղական երգ, մշակում՝ Արբի Բաբումյանի), «Լեյլամե» (տեղական երգ, մշակում՝ Սերգեյ Աղաջանյանի), «Շողեր ջան» (Կոմիտաս) եւ հայրենասիրական երգերի շարան (մշակում՝ Մավիսագալյանի)։
Ելույթի ընթացքում երգչախմբին դաշնամուրի նվագակցությամբ ընկերակցեց Նաիրա Ալեքսանյանը։
Հատկանշական է, որ «Կոմիտաս» երգչախմբի վերոնշյալ կատարումներն արժանացան փառատոնին մասնակից մյուս խմբերի, ինչպես նաև երաժշտության ոլորտի մասնագետների ու սիրահարների բարձր գնահատանքին։

Իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի, որը կոչվում է «Ռեքվիեմ UIA 752 թռիչքի»։
Նախագծի շուրջ համագործակցել են Ռազմիկ Օհանյանը, Յարտա Յարանը, Էհսան Բեյրղդարը, Ալիռեզա Ռադը, Շահու Զանդին, Նասեր Իզադին, ինչպես նաև Բարդիա Սադր Նուրին:
Մեկնաբանելով արվեստի գործի ստեղծումը՝ Ճգնավորյանը խոստովանել է, որ պատահածի վերաբերյալ իր խորը վիշտը շատ արագ արվեստի գործի վերածելը «հրաշք էր»։
Լորիս Ճգնավորյանը, ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։
1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
Որպես իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկը, նա ղեկավարել է միջազգային նվագախմբեր ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Ավստրիայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թայլանդում, Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայում և Դանիայում:

95 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։
Մանարյանը 2003 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2018թ-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, 2019-ին՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որի շրջանակում անցկացվելու են ոչ միայն համերգային ծրագրեր, այլև գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և այլ միջոցառումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները
«Մենք հաճախ ենք խոսում, որ եվրոպական արժեքներ կրող, այդ արժեքները պահպանող երկիր ենք, բայց այդ ձևակերպումները խորքային մեկնաբանություն չեն ստանում: Կարծում եմ`Բեթհովենն այն տիեզերական մեծության անունն է, որին առնչվել ենք դասական երաժշտության ձևավորման ամբողջ պատմության ընթացքում: Փառատոնը փայլուն առիթ է, որ մենք և մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծեն, որ ոչ միայն ունենք ազգային արժեքներ, այլև միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Փոխնախարարի կարծիքով`փառատոնը հրաշալի առիթ է ասելու, որ մենք եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթության ու մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, հասկանալի լեզվով:
Խզմալյանը տեղեկացրեց, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» նախաձեռնությունը արժանացել է պետական դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հավանությանը: Նա նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու փառատոնի միջազգային լուսաբանմանն ու միջազգային հանրության իրազեկմանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան էլ հիշեցրեց, որ նախաձեռնության գործում մեծ դերակատարություն ունի նաև դիրիժոր Զավեն Վարդանյանը:
Անդրադառնալով ծրագրին` նա ասաց, որ կատարելու են Բեթհովենի բոլոր սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները, կամերային երաժշտությունը, թավջութակի, դաշնամուրի, ջութակի սոնատները, կվարտետային գործերը:
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնին նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ, և ասուլիսին մանրամասներ կբացահայտվեն նաև նրանց մասնակցության վերաբերյալ:
Փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է 2020 թ-ին թվայնացնել և վերականգնել ռեժիսոր Համո Բեկնազարյանի՝ 1935 թ-ին նկարահանված «Պեպո» ֆիլմը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
«1935 թ-ի «Պեպո»-ի հայերեն տարբերակը չի պահպանվել, այլ ընդամենը մի փոքր հատված: Ֆիլմի ռուսական տարբերակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մեզ համար այդ գործընթացը շատ կարևոր է, քանի որ այս տարի «Պեպո»-ի համար հոբելյանական է»,- նշեց Միրզախանյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ազգային արխիվում գտնվել են ֆիլմի նիտրոպոզիտիվ ժապավեններ, որոնք վերականգնելու են և թվայնացնելու: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս գործում իրենց կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը:
Միրզախանյանը նաև շեշտեց, որ 2020 թ-ին իրենք պատրաստվում են վերանորոգել Տերյան 3Ա հասցեում գտնվող կինոկենտրոնի տարածքը:
«2019 թ-ին ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց, որպեսզի կարողանանք գծագրերը պատրասենք և հույս ունեմ, որ այս տարի գերատեսչությունը կհատկացնի գումարը և շինարարությունը կսկսենք»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս պահին գտնվում է «Հայ ֆիլմ»-ի տարածքում, որը տրվում է վարձով:

Վաշինգտոնում կայանալիք բազմաշերտ մշակութային միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 14-ը, առանձին բաժին է նվիրվելու հայկական կինոյին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է, քանի որ ամերիկյան հանդիսատեսի դատին է ներկայացվելու հայկական կինոժառանգությունը: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։ Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է տարել»,- նշեց Միրզախանյանը:

Հայտնի Հայ նկարիչները ստեղծել են միասնական կտավ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության օժանդակությամբ:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը:
Նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Գագիկ Ավետիսյանի, Արա Հակոբյանի և այլ նկարիչների ստեղծած միասնական կտավը հանձվել է Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որպեսզի դա ուղարկվի Չինաստանի Ուհան քաղաք: