Ապրիլ 11, 2016 12:18 Asia/Yerevan
  • Գեղարվեստական հաղորդում (11-04-2016)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ: ---

Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատությանն է շնորհվել «Ասահի-2016»-ի մրցանակը:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Իրանի մանկական գրքերի խորհրդի կողմից ներկայացված՝ Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատության «Ինձ հետ կարդա» և Շվեյցարիայի կողմից ներկայացված Դանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ «Մկան մեծ եղբայր»-ը նախագծերը, ընթերցանության խթանման մրցանակաբաշխության՝ (Ասահի -2016) ժյուրիի կողմից ընտրվել են, որպես հաղթողներ:
Նշելի է, որ «Ասահի»-ի ընթերցանության խթանման մրցանակը երկու տարին մեկ տրվում է երկու խմբերի կամ այն հաստատություններին, որոնք աչքառու գործունեությամբ կայուն դերակատարություն ունեն մանուկների ու պատանիների շրջանում գրքի ընթերցանության տարածման գործում:
---
Հայ գրականությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:
Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Լոռու մարզի Համզաչիման (այժմ` Մարգահովիտ) գյուղում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ քոլեջ) գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1983թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները: ՀԳՄ անդամ է 1978 թվականից: 1990թ. եղել է ՀԳՄ Վանաձորի գրական բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն: Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների` «Եզրագծեր» (1977), «Հրաշք օրեր» (1981), «Վկայություններ» (1989), «Աստծո առավոտ» (1999), «Ի տրիտուր» (2005) և այլն: Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին իսկ հրապարակումներն իրենց ինքնատիպությամբ, ասելիքի թարմությամբ, բանաստեղծական արտահայտչամիջոցների բազմազանությամբ նոր խոսք էին հայ պոեզիայի անդաստանում` ջերմ ընդունելության արժանանալով ընթերցողների և գրականագետների կողմից: Անուրանալի է նրա վաստակը նաև թարգմանության ոլորտում: Ռուս և համաշխարհային գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունները աչքի էին ընկնում իրենց բնագրային հարազատությամբ և հայեցի հնչեղությամբ: Թարգմանության ասպարեզում նշանակալի ավանդի համար 2015թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակին:
Իր հերթին նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:
Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել հայ գրասեր հասարակայնության կողմից: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», Միխայիլ Լերմոնտովի անվան «Գրական վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: «Այլ ժամանակներ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա, «Եզրագծեր» ժողովածուն «Տարվա լավագույն գիրք», «Վկայություններ» ժողովածուն Ավետիք Իսահակյանի անվան մրցանակների: 2011թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունները դեռ երկար կապահովեն նրա ներկայությունը ընթերցողների, գրչընկերների սրտերում և հայ գրականության անդաստանում:
---
Գյումրիում ապրիլի 10-ին մեկնարկած արվեստի «Վերածնունդ»  8-րդ միջազգային մրցույթ-փառատոնը նվիրվել է ՀՀ անկախության 25- ամյակին:
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, փառատոնի  նշանաբանն է «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության»:
Այս տարի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 3000 մասնակից 36 երկրից: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի 2016 թ. ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան Միշա Ալեքսանյանն է Երեւանից, ամենաավագը՝ 58 տարեկան Գրիգոր Թանանյանը` Տավուշի մարզի Իջեւան քաղաքից:
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 18 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, երաժշտական թատրոն եւ պարարվեստ և այլն: 18 բացարձակ հաղթողների շնորհվելու են մեծ մրցանակներ, 47 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին` առաջին, երկրորդ, երրորդ կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցներն ստանալու են խրախուսական մրցանակներ եւ տարբեր դիպլոմներ:
Մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված են 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 21 երկրներից:
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները եւ նշանավոր երաժիշտները Գյումրիում եւ Երեւանում կանցկացնեն վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: Մասնակից հռչակավոր երաժիշտները փառատոնի շրջանակներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության» խորագրով բարեգործական համերգներով:
Տեղի կունենա Եվրասիական տարածքի երկրների երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի, ՌԴ, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Ավստրիայի բուհերի ղեկավարներ:
Կլոր սեղանի ժամանակ կքննարկվեն ուսումնական եւ գիտամանկավարժական խնդիրներ, կկատարվի փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային     10-րդ գիտաժողովը` նվիրված Անկախության 25-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից եւ թանգարաններից: Մրցույթ-փառատոնի մասնակիցները եւ հյուրերը կայցելեն ՀՀ պատմաճարտարապետական վայրեր, կլինեն Երեւանում, Էջմիածնում եւ Ստեփանակերտում:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում եւ տարբեր երկրներում:
2007թ. սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում: 
Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
---
Սիրիայի Հոմս նահանգում գտնվող հինավուրց Պալմիրա քաղաքում հայտնաբերվել է Պալմիրայից գողացված պատմամշակութային արժեք ներկայացնող 5 հուշարձան, գրում է sana-ն:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխանությունները դրանք գտել են Պալմիրայի ալ-Մալեֆ թաղամասում գտնվող տներից մեկում` թաղված:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, գրավելով սիրիական Պալմիրա քաղաքը, ոչնչացրել էր մի շարք կարևոր նշանակություն ունեցող հուշարձաններ, իսկ որոշներն էլ փորձել էր վաճառել սև շուկայում:
---
Օքսֆորդի համալսարանի մասնագետները շոտլանդական Բյութ կղզում հայտնաբերել են Ուիլյամ Շեքսպիրի պիեսների առաջին հավաքածուի նմուշը, որը հրատարակվել է 1623-ին։
Մասնավորապես՝ գրքում ներկայացված է «Մակբեթ», «12-րդ գիշեր», «Հուլիոս Կեսար», «Ինչպես դա ձեզ դուր կգա», «Փոթորիկ» պիեսների առաջին տպագիր տարբերակը:
Հրատարակման առաջին էջում առկա է նաև դրամատուրգի դիմանկարը, որի հեղինակն անգլիացի Մարտին Դրուշաուտն է։
Գրքի առաջին տպաքանակը, հավանաբար, չի գերազանցել 1000 օրինակը։ Մինչ մեր օրերը պահպանվել է մոտ 230 գիրք այդ հրատարակությունից, ընդ որում` նրանցից 79-ը պահվում են Ֆոլջերի Շեքսպիրյան գրադարանում:
Հավաքածուն հայտնաբերվել է դրամատուրգի մահվան 400-ամյակին ընդառաջ, որը նշվելու է ապրիլի վերջին։
---
Նյու Յորքում 10 մլն դոլարով վաճառքի է հանվել ամերիկացի արվեստագետ Էնդի Ուորհոլի` 1.500 քմ մակերեսով արվեստանոցը։
Արվեստանոցը երկհարկանի է ու գտնվում է Մանհեթենի Վերին Իսթ Սայդ հատվածում:
Նշվում է, որ փոփ արտի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն այս տարածքը վարձակալել է 1960-ականներին` դրա համար վճարելով 150 դոլար:
Աղբյուրը հավելում է, որ Էնդի Ուորհոլը համարվում է աշխարհի ամենապահանջված նկարիչներից մեկը, իսկ նրա աշխատանքները գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
---