Գեղարվեստական հաղորդում (208)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
981 թվականին ստեղծված արժեքավոր ձեռագիրը, որում զետեղվել են հատվածեր Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Արիստոտելի և այլ ականավոր մտածողների աշխատություններից, հիմնովին վերականգնված ցուցադրվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի վեցին: Այն բաց կլինի շուրջ մեկ ամիս:
«Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ցուցահանդեսում ներկայացվում է մեկ ձեռագիր: Այն համարվում է աշխարհում հնագույն թղթե ձեռագրերից մեկը: Հայտնի է, որ թուղթը ստեղծել են չինացիները, հետո այն անցել է արաբներին, հույներին: Կարող ենք ասել, որ թղթի վրա գրված ձեռագրեր ունեցող չորրորդ ազգը հայերն են: Այս ձեռագիրը բացառիկ է նաև հնագրությամբ և նյութերով: Զետեղված են պատմական, գիտական նյութեր, որոնց հեղինակներն են Արիստոտելը, Աթենաս Ալեքսանդրացին, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Գրիգոր Լուսավորիչը, Եղիշեն և այլք»,-նշեց Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:
Նրա խոսքով` 10-րդ դարում հայ և քաղկեդոնական եկեղեցիների միջև դավանաբանական վեճեր կային: Դավիթ քահանան կազմել է ժողովածուն որպես օգնություն հայ հոգևորականներին:
Ձեռագիրը նորոգվել է շուրջ երկու տարի: Նորոգումից հետո այն ցուցադրվում է մասնատված վիճակում, հետագայում ձեռագիրն ամբողջացվելու , և դառնալու է գիրք:
Ձեռագրի ավագ վերականգնող, նկարիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնման հետ կապված հիմնական բարդությունն այն էր, որ թուղթը թանաքակեր է: «Կային գրի վնասված եզրեր, և մեր առաջնային խնդիրը թանաքակերության հետագա զարգացումը կասեցնելն էր: Տիտանական աշխատանք է կատարվել ամեն մի թերթի, տողի վրա: Կարծում եմ` կարողացել ենք մեր առաջ դրված խնդիրը լուծել»,-շեշտեց նա:
Պետրոսյանը տեղեկացրեց` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռագիրը նախկինում չորս անգամ կարվել է, բայց հիմնովին և գրագետ վերականգնումը միայն նոր է արվել:
Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով:
Այնուհետև երեխաները հնարավորություն կունենան կազմելու «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին, և գունավորել այն:
Աղայանի 180-ամյակին անդրադարձել էր նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը` փետրվարի 14-ին բացելով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացրել էր, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները, նաև լուսանկարների հագեցած հավելված, որում տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը և այլ բացառիկ նմուշներ»,-նշել էր Վարդանյանը:
Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը լույս է ընծայել մեծ արվեստագետին նվիրված գիտական ուսումնասիրություն, որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին:
Գրքի հեղինակներն են Վիկտորիա Բադալյանը և հայ գեղանկարչության բաժնի վարիչ՝ Հայկուհի Սահակյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ Վարդգես Սուրենյանցը Նոր շրջանի հայ կերպարվեստի ականավոր դեմքերից է: «Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստացած արվեստագետը տիրապետում էր մի շարք օտար լեզուների, զբաղվում եվրոպական հեղինակների գրական ստեղծագործությունների և գիտական աշխատությունների թարգմանությամբ: Նա մշտապես եղել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Երևանի ու Թիֆլիսի գեղարվեստական կյանքի ամենագործուն դեմքերից և իրավամբ համարվում է պատմական ժանրի ու ազգային գրքարվեստի արդի ոճի հիմնադիրը հայ կերպարվեստում»,-շեշտեց նա:
Հայկուհի Սահակյանի խոսքով`Սուրենյանցի արվեստն իր ժամանակաշրջանի համատեքստում բավարար չափով չի ուսումնասիրվել մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հասունացել է նրա թողած գեղարվեստական ժառանգությունը 21-րդ դարում վերարժևորելու և վերաիմաստավորելու պահը: Վերջին տասնամյակների ընթացքում բավականաչափ աշխատանք է արվել Ազգային պատկերասրահում պահվող նրա ստեղծագործությունների և արխիվային նյութի ուսումնասիրության ու դասակարգման ուղղությամբ, որոնք արտացոլվել են այս գրքում:
«Ազգային պատկերասրահում Վարդգես Սուրենյանցի հավաքածուի ստեղծումից մինչ օրս դեռևս չի ուսումնասիրվել նկարների տեխնիկան, ինչն արվեց այս մենագրության ստեղծման ընթացքում թանգարանի նկարիչ-վերականգնողների օգնությամբ: Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի (այժմ՝ Մյունխենի տեխնիկական համալսարան) և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի արխիվներում ճշտվել են նկարչի ուսումնառության տարեթվերը: Աշխատությունն անդրադառնում է արվեստագետի գործունեության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, գրքարվեստ, թատրոն, թարգմանություն: Տրված են նաև կյանքի և ստեղծագործության համառոտ տարեգրությունը, մասնակցությունը ցուցահանդեսներին, հիմնական մատենագիտությունը, հայ մշակույթի գործիչների անվանացանկը: Վարդգես Սուրենյանցի մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն նրա արվեստն անսպառ է և ունի դեռևս շատ չբացահայտված էջեր»,-ընդգծեց համահեղինակը:
Գիրքը լույս է տեսել Հրանտ Աղասյան (Սանկտ Պետերբուրգ) հիմնադրամի մեկենասությամբ: Աշխատությունը հրատարակվել է ռուսերենով, որովհետև պատկերասրահի առաջնահերթ նպատակներից է Սուրենյանցի արվեստը ռուս մասնագետներին և արվեստասեր հանրությանը ներկայացնելը, քանի որ նա երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Յալթայում: Անկասկած, սա հրաշալի հնարավորություն է ուսումնասիրությունը գիտական շրջանառության մեջ դնելու նաև Հայաստանի սահմաններից դուրս, անդրադառնալու Սուրենյանցի և ռուս մշակույթի բազմապիսի առնչություններին:
«Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել», - «DW Culture»-ի հետ զրույցում ասել է հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ ներկայացնելով իր՝ ավելի քան 20 վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերն ու բազում մրցանակների արժանացած գեղարվեստական ֆիլմերը «Թևանիկ »,«Վերջին բնակիչը» և «Դեպի երկինք»:
Նա ներկայացրել է՝ ինչ ծանր հետևանք է ունեցել պատերազմը հայ ժողովրդի համար, ապա հույս հայտնել, որ լարված մթնոլորտը ֆիլմի միջոցով կարող է մեղմվել։
Նշենք, որ 134 երկրից 3400 դիմորդների ընտրության արդյունքում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներգրավվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմի՝ Berlinale Talents-ի 2020թ․-ի ծրագրին (փետրվարի 22-27-ը), իր նոր՝ «Վերածնվածը» կինոնախագծով:
Կինոնախագծի արտադրությունը պլանավորված է 2021թ․-ի գարնանը։
«Գարնանային սալոն 2020» խորագրով ցուցահանդեսում, որին մասնակցում են բացառապես Հայաստանի նկարիչների միության անդամները, միության երեք հարկում ներկայացված են կտավներ, քանդակներ և արվեստի այլ հետաքրքիր ցուցանմուշներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը բացվեց մարտի 5-ին Նկարիչների միությունում: Այն կգործի մինչև մարտի 15-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանին և միությանը վերջին շրջանում ակտիվ գործունեության և գարնանային գույներով ցուցահանդեսը կազմակերպելու համար: «Աշխարհը և ինքներս մեզ ճանաչում ենք, որպես եզակի պատմամշակութային կոթողների, պատմամշակութային ժառանգության տեր երկրի, բայց մենք ունենք աննկարագրելի ստեղծագործական պաշար, աննկարագրելի արվեստագետներ, որոնց շնորհիվ հնարավորություն ենք ստանում տեղեկատվական դաշտում և աշխարհին ներկայանալու որպես ժամանակակից մտածողությամբ, ժամանակակից միտումներին հետամուտ և ստեղծարար և ստեղծագործ մարդկանց երկիր»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ խնդիր ունենք հարստացնելու մեր գեղարվեստական դիմագիծը Հայաստանում և աշխարհում:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ ասաց, որ ցուցահանդեսը խորհրդանշում է գարունը և նվիրված է կանանց: «Մենք` արվեստագետներս, ամբողջ կյանքում մեր ստեղծագործությունները նվիրում ենք կանանց: Կինը մեր ոգեշնչման աղբյուրն է: Ես ամենաազնիվ, ամենաքնքուշ քարի վրա կանացի ֆիգուր եմ կերտել: Կինը մեզ համար ներշնչանք է: Մեր ամբողջ կյանքն է կանանց նվիրված, և այս ցուցահանդեսը մի փոքր առիթ է շեշտելու գարնան տրամադրությունը, կանանց նկատմամբ մեր սերը»,-ասաց Թոքմաջյանը:
Երիտասարդ նկարիչ Ավետիք Հարությունյանի ցուցադրած կտավը կոչվում է «Արմավենաշուշան»: Հեղինակը 14 տարի համբերատար սպասել է, որ արմավենաշուշանը ծաղկի, որպեսզի հնարավոր լինի այն պատկերել կտավի վրա: «Գարուն է, երկիրը ծաղկում է, կենդանանում, և այս կտավն անմիջական կապ ունի այդ տրամադրությունների հետ»,-նշեց նկարիչը:
Անդրադառնալով իր կոլեգաների գործերին`Հարությունյանն ասաց, որ ցուցահանդեսը ստացված է համարում, քանի որ բոլոր ստեղծագործություններն էլ յուրահատուկ են և ինքնատիպ:
Կախարդ տղայի՝ Հարրի Փոթերի մասին վեպերի հեղինակ Ջոան Քեթլին Ռոուլինգը գլխավորել Է 2010-ից մինչեւ 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողների վարկանիշը. նաեւ ցուցակում տեղ են գտել դետեկտիվների հեղինակ Ագաթա Քրիստին եւ Սվետլանա Մարտինչիկը, որն աշխատում Է Մաքս Ֆրայ կեղծանվան ներքո: Այդ մասին վկայում են LiveLib գրքերի պորտալի վերլուծության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գրքերիի խոշորագույն հանձնարար LiveLib պորտալը, որը մտնում Է «ԼիտՌես» ընկերությունների խմբի մեջ, կազմել Է 2010-ից մինչեւ 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողների անկախ վարկանիշը: Այն գլխավորել Է Ջոան Քեթլին Ռոուլինգը, որը Հարրի Փոթերի մասին վեպերի շարքի (1997-2007 թթ.) հեղինակն Է, որոնք թարգմանվել 60-ից ավելի լեզուներով: Նրա գրքերն ընթերցել են կայքի 419 հազարից ավելի օգտատերեր, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ ավելի քան 52 հազար օգտատեր»,-պատմել են պորտալի մամուլի ծառայությունում:
Վարկանիշի երկրորդ տեղում անգլիացի գրող Ագաթա Քրիստին Է, որը հայտնի Է խուզարկու Էրկյուլ Պուարոյի մասին դետեկտիվների շարքով: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է ժամանակակից գրող Սվետլանա Մարտինչիկը, որը գրում Է Մաքս Ֆրայ կեղծանվան ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայտնի փողոցային նկարիչ Բենքսիին մեղադրել են սեփական գրաֆիտի գողության մեջ, որն արվել էր Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի պատին:
Ստեղծագործությունը գողացել են 2019 թ. սեպտեմբերի 2-ի գիշերը: Գողերը կտրել են գրաֆիտին և բեռնատարով փախել անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ Բենքսին հայտարարել էր, որ «Կտրիչով առնետը» նկարը նվիրել էր Փարիզում ուսանողական ապստամբության 50-ամյակին:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել էին գողերին: Նրանցից մեկը հայտնել էր, որ հենց Բենքսին է հրահանգել իրենց գողանալ գրաֆիտին, որի հետ վաղուց է ծանոթ: Նրա խոսքով, գողությունը նա կատարել է իր բարեկամի հետ, և Բենքսիից որևէ գումար չի ստացել դրա համար:
Դրանից հետո Բենքսիի փաստաբանը հայտարարել է, որ նկարչի դեմ առաջադրված մեղադրանքը արդարացված չէ, քանի որ նա չի կարող գողանալ նկարը ինքն իրենից: Նա ասել է, որ այստեղ հանցակազմ չկա, և եթե մեղադրանք առաջադրեն, իրենք այն կբողոքարկեն: