Մարտ 16, 2020 16:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս թողարկման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի։

 

Կորոնավիրուսի տարածումն ազդել է նաև գեղարվեստական միջոցառումների վրա:

Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված  բալետային ներկայացումները տեղի չեն ունենա։

«Մեզ համար անչափ կարևոր է ձեր առողջությունը և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- հայտնում են թատրոնից:

Ե․ Չարենցի տուն-թանգարանի բոլոր միջոցառումները նույնպես հետաձգվել են մինչև ապրիլի 1-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղափոխում է մինչ մարտի 23-ը տեղի ունեցող միջոցառումները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է այս ամիս համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը:

 

 

Հովհաննես Թումանյանի թանգարանը դպրոցականների գիտելիքները համալրելու, գրողի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը:

Թումանյան-հայրիկի կերպարը՝ որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն իր մեջ ամփոփում է դաստիարակչական, գիտական, ճանաչողական հսկայական ներուժ: Ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար:

 

 

Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ ամբողջությամբ կկատարի Կոմիտաս վարդապետի «Բեռլինյան պատարագ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ստեղծագործությունը կհնչի մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ՝ համերգային երեկոյին կհնչեն նաև Կոմիտասի «Լոռվա գութաներգ», «Ծիրանի ծառ», «Առավոտուն բարի լույս», «Քաղհան», «Գութանը հաց եմ բերում», «Յար ջան, արի», «Ինչու Բինգյոլը մտար», «Սուսան սմբուլ», «Չինար ես», «Անձրեվն եկավ», «Էս գիշեր, լուսնակ գիշեր», «Զար, զընգը», «Ել, ել» ստեղծագործությունները:

Սա երգչախմբի նախաձեռնած «Կոմիտասը և մենք» շարքի վերջին՝ 7-րդ համերգն է: Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը տրվել էր դեռևս նախորդ տարի, և ամբողջ տարվա ընթացքում երգչախումբը հանդես եկավ Կոմիտասին նվիրված համերգներով ներկայացնելով նրա հարուստ երգչախմբային ժառանգությունը:

1896 թվականին Կոմիտասն Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից ստացավ Բեռլինում ուսանելու կրթաթոշակ։ Նա սովորեց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժնում և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Իսկ երրորդ կուրսում էլ գրեց հայտնի «Բեռլինյան պատարագ»-ը՝ հիմնված հայկական շարականների թեմատիկայի վրա:

 

 

Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.):

Մատենադարանից տեղեկացնում են, որ ժողովածուն ընդգրկում է 1326-1350 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լևոն Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950 թ.), մյուս մասը լրացրել է Արտաշես Մաթևոսյանը (1922-2004) և նյութն ամբողջացրել ու հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանը։ Խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։

Գիրքը կարևոր սկզբնաղբյուր է պատմագիտական, բանասիրական և ընդհանրապես միջնադարագիտական ուսումնասիրությունների համար։

 

 

Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտն է և թիվ 4 սիմֆոնիան:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը փառատոնին կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ:

 Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

Ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանն իր անգլերեն թարգմանված «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» (Three Apples Fell from the Sky) գիրքը թարգմանվել է 13 լեզվով:

«Մենք ապրում ենք արագընթաց կյանքով՝ հազիվ հասցնելով խոսել միմյանց հետ, հարցնել, թե ինչպե՞ս են ընթանում գործերը: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին»,- ասում է նա:

Աբգարյանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, իր գրքում պատմում է, թե ինչպես են գյուղացիներն անցկացնում իրենց օրերը:

Նարինեի խոսքով՝ գլոբալիզացիան ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ՝ թերություններ, որոնցից է՝ ազգային սովորությունների՝ մոռացության մատնումը:

Նարինե Աբգարյանը հայտնի է դարձել «Մանյունյա» ինքնակենսագրական վեպի հրապարակումից հետո։

2014 թվականին լույս է տեսել վերջինիս «Շոկոլադե պապիկ» մանկական գիրքը, որը գրել է Վալենտին Պոստնիկովի համահեղինակությամբ:

2015 թվականի օգոստոսին Նարինե Աբգարյանը ճանաչվել է Ալեքսանդր Գրինի անվան ռուսական գրական մրցանակի երկու դափնեկիրներից մեկը՝ հայրենական գրականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

 

 

90 տարեկան հասակում Ֆրանսիայում վախճանվել Է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը համաշխարհային ճանաչում Է ստացել Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերից հետո: Այդ մասին հայտնել Է Paris Match հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոտրված սրտով, անսահման տխրությամբ, անասելի ցավով մենք պետք Է հայտնենք, որ 2020 թվականի մարտի 8-ին կյանքից հեռացել Է Մաքս ֆոն Սյուդովը»,-հրատարակությանը հայտնել Է դերասանի կինը՝ Կատրին ֆոն Սյուդովը: Բերգմանի «Յոթերորդ կնիքը» (1957 թ.) ֆիլմում ֆոն Սյուդովը մարմնավորել Է ասպետին, որը ժանտախտի համաճարակի ժամանակ շախմատի պարտիա խաղաց իրեն իսկ Մահվան հետ: Դերասանը նաեւ նկարահանվել Է Բերգմանի «Մորու բացատը», «Դեմք», «Կույսի աղբյուրը», «Գայլի ժամը» եւ այլ ֆիլմերում: Դերասանն իր կնոջ հետ միասին բնակվում Էր ֆրանսիական Պրովանսում եւ 2002 թվականից ընդունել Է Ֆրանսիայի քաղաքացիություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի «Գյուղացի կինը խրճիթի դիմաց» (Paysanne devant une chaumière) կտավը վաճառվել է Մաաստրիխտ քաղաքում տեղի ունեցած TEFAF արվեստի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Այն 15 մլն եվրոյով գնել է հավաքորդը: Լոնդոնյան Dickinson պատկերասրահի, որը ներկայացրել էր կտավը ցուցահանդեսում, տնօրենի խոսքով՝ վաճառքն իրականացնելու համար միայն փաստաթղթային ձևակերպումներ են մնացել:

Կտավը Վան Գոգը հեղինակել է 1885-ին: Այն գյուղական տոնավաճառում 1967-ին վաճառվել է 4 ֆունտ ստերլինգով, իսկ մեկ տարի անց՝ 45 ֆունտով Լոնդոնում: Անցյալ դարի 70-ականներից սկսած նկարն վաճառքի են հանել Sotheby's աճուրդի տանը: Վերջին անգամ այն գնվել է ԱՄՆ-ում 2001թ.՝ 1.7 մլն դոլարով:

Նիդեռլանդական Մաաստրիխտում TEFAF ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 15-ը:

 

 

Վատիկանի Առաքելական  պալատում Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելի որմնանկարը զբոսաշրջիկները փչացրել են: 

Բարբարոսները քերծել են արվեստի գործը՝ վրան գրություն թողնելով. «Լենա. Թամարա. Վիննիցա», ինչը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկներն Ուկրաինայի քաղաքացիություն ունեն:

Ռաֆայելը պալատում որմնանկարներ է արել 1508-1517 թվականներին:

 

 

Հարավային Կալիֆոռնիայի բնակիչը փորձել է 6 մլն դոլարով արվեստի կեղծ ստեղծագործություններ վաճառել: Նա պնդել է, որ դրանք ստեղծվել են Էնդի Ուորհոլի, Ժան-Միշել Բասկիայի եւ այլ ժամանակակից վարպետների կողմից, հաղորդում է AP-ը:

Դատախազների խոսքով՝ 43-ամյա Ֆիլիպ Ռայթերը 6 մլն դոլարի նկարներ է վաճառել եւ հասցրել ավելի քան 758 հազար դոլարի վնաս, ինչպես նաեւ ավելի քան 100 հազար դոլարի վնաս դաշնային կառավարությանը:

Նա նաեւ կեղծ փաստաթղթեր է ստեղծել, որոնցում նշված է եղել, որ նկարներն իրական են:

Ռայթերին մեղավոր են ճանաչել խարդախության մեջ, նրան կարող է սպառնալ մինչեւ 25 տարվա ազատազրկում: Նա նաեւ պետք է փոխհատուցում վճարի իր զոհերին: