Մարտ 28, 2020 08:33 Asia/Yerevan
  • Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում ՀՀ վարչապետի և Իրանի դեսպանի հանդիպմանը, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին, Մեղրիում նոր մաքսատան կառուցմանը և ԼՂ-ում սպասվող ընտրություններին:

---------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ տարբեր հարցեր:

Կողմերը գոհունակություն հայտնելով ԻԻՀ-ՀՀ քաղաքական սերտ հարաբերությունների կապակցությամբ ընդգծեցին համատեղ որոշ նախագծերին, այդ թվում հյուսիս-հարավ միջանցքի և էներգիայի փոխանակման հետ կապված նախագծերի իրագործմանը թափ հաղորդելու նշանակությունը:

Հանդիպման ժամանակ նաև անդրադարձ կատարվեց փոքր ու միջին ձեռնարկությունների և զբոսաշրջությանը վերաբերող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում և կորոնավիրուսի տարածումից հետո երկու երկրների սերտ համագործակցությանն ընդգծեցին այդ կապակցությամբ կողմերի միջև տեղեկությունների և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

------------------------------

Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:

Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը:

Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:

--------------------

Մեղրիի մաքսակետում կկառուցվի նոր, ավելի բարձր անցանելիությամբ տերմինալ։ Մաքսատան հնարավորություններն անհրաժեշտ է ընդլայնել, որովհետև 2016թ-ի օգոստոսից Հայաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզային ռեժիմ։

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 10,6  միլիոն եվրոյի չափով վարկ կստանա՝ Մեղրիում նոր մաքսատան կառուցման համար։ Վարկային պայմանագրի նախագիծը մարտի 26-ին հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Մաքսատանը տեղադրված կլինեն ապրանքների լաբորատոր հետազոտության նոր սարքավորումներ, բեռների, այդ թվում՝ ուղևորների ձեռքի ուղեբեռի ստուգման, ինչպես նաև մարդկանց սքանավորման ռենտգեն սարքավորումներ։

Մաքսատան հնարավորությունները հարկավոր է մեծացնել նաև այն պատճառով, որ 2016թ-ի օգոստոսից Հայաստանի և Իրանի միջև գործում է առանց վիզային ռեժիմ, ինչը ժամանակավոր դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով ։ Եթե 2017թ-ի հունիս-հուլիսին սահմանը հատել է մոտ 2000 բեռնատար, ապա 2019թ-ի նույն ամիսների ընթացքում՝ գրեթե 4150: Ուղևորների թիվն ավելի քան երկու անգամ ավելացել է՝ 55 հազարից հասնելով 124 հազարի։

Թեև այս պահին սահմանը կորոնավիրուսի պատճառով փակ է ուղևորների համար, սակայն այն բացելուց հետո երկու բարեկամ երկրների միջև այցելություններն ու առևտուրը ամբողջ ծավալով կվերականգնվեն։

Նոր, ավելի մեծ անցողունակությամբ տերմինալը կկարողանա միաժամանակ ավելի շատ մեքենաներ և ուղևորներ ընդունել։

Հիշեցնենք, որ եվրոպական բանկերից և Եվրոպական հանձնաժողովից ստացած վարկերով Հայաստանն արդեն կապիտալ վերանորոգում է իրականացրել վրացական սահմանի երեք՝ Սադախլոյի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերում։

--------------------------

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձել է ԼՂ-ում մարտի 31-ին նախանշված համապետական ընտրությունների կայացման կամ հետաձգման հարցին:

-------------------

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020թ. մարտի վերջին բռնագրավված Պաղեստինում բացել իր դեսպանությունը: Հայաստանի հարցերով փորձագետների համոզմամբ, Թել Ավիվում դեսպանություն ունենալը լուրջ վտանգներ է ունենալու Հայաստանի համար:

1-Վերջերս ԱՄՆ-ը հանրությանը ներկայացրեց ամերիկա-իսրայելական նախագիծը՝ Պաղեստինի մուսուլման ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով և այդպիսով ցավ  պատճառեց բոլոր մուսուլմաններին: Նման պայմաններում, Հայաստանը որպես մի երկիր, որ Ղարաբաղի հարցով քաղաքական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, Թել Ավիվում դեսպանություն բացելու դեպքում, կամա թե ակամա բացասական պատգամ է փոխանցում իսլամ աշխարհին, հատկապես մուսուլման ժողովուրդներին: Անշուշտ Հայաստանի կողմից իսլամ աշխարհին ոչ-բարեկամական պատգամ փոխանցելն անտրամաբանական քայլ է և ենթադրություն է առաջանալու, որ այդ որոշումը կայացնելիս Հայաստանի ու հայերի շահերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի ցանկությունների  զոհ են դարձել:

2- Հայաստանը ռազմավարական զգայուն հարաբերություններ ունի ԻԻՀ հետ, որոնց անտեսումը և Սիոնիստական ռեժիմի հետ վտանգավոր ու անորոշ հարաբերությունների ընդլայնումն անխոհեմ ու անտրամաբանական քայլ է:

Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ինքնազսպվածությունը չի նշանակում, որ Իրանը ոչ մի զգայնություն չունի Սիոնիստական ռեժիմի հետ իր հարևանների հարաբերությունների ընդլայնման հարցով: Որովհետև Սիոնիստական ռեժիմը բացահայտորեն թշնամանք է տածում Իրանի հանդեպ: Այդ ռեժիմն ամեն  կերպ փորձում է հարվածել Իրանին: Անշուշտ Հայաստանն Ադրբեջանի նման կենտրոն է լինելու Սիոնիստական ռեժիմի դավերի համար  և լուրջ հոռետեսություն է առաջանալու տարածաշրջանում:

3-Այսօր Ռուսաստանն առավել քան երբևէ մտահոգված է Սիոնիստական ռեժիմի գոյության և այդ ռեժիմի հետ հարաբերությունների կապակցությամբ և նման պայմաններում Ռուսաստանի նկատառումների հանդեպ Հայաստանի անուշադրությունն անխոհեմ քայլ է:

4- Հայաստանը և հայկական լոբբին երկար տարիներ ջանքեր են գործադրել, որպեսզի Իսրայելի Քնեսեթը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և սիոնիստներն այդ հարցը քաղաքական խաղի վերածելով, մերթ ընդ մերթ ճնշում են Թուրքիային, սակայն երբեք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսկ այսօր Հայաստանն այն պայմաններում, երբ երբեք որևէ արտոնություն չի ստացել սիոնիստներից, հետևում է Թել Ավիվում դեսպանություն բացելու Սիոնիստական ռեժիմի պահանջին և այդպիսով անշուշտ մեծանալու են Հայաստանից սիոնիստների պահանջները:

Թել Ավիվում Հայաստանի դեսպանության բացելն ավելի ծանր հետևաննքներ է ունենալու: Հետևաբար Հայաստանը դեռ ժամանակ ունի իր որոշումը վերանայելու համար:

------------------------

Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին:

Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում պետք է հաստատել գլոբալ հրադադար»,-գրել է Մնացականյանը

Գուտերեշն իր տեսաուղերձում մասնավորապես ասել էր` ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել էր՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք: «Միչդեռ աշխարհում զինված հակամարտություններ են տիրում: Ավելի խոցելիները` կանայք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք վճարում են ամենաբարձր գինը: Նրանք կորոնավիրուսի ամենամեծ ռիսկի տակ են: Չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են: Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա: