Ապրիլ 27, 2020 12:00 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այս թողարկման ընթացքում կխոսենք երջանկության մասին։ Ընկերակցեք մեզ։

Շատ հաճախ ենք այս հարցը ինքներս մեզ տալիս, թե ինչ է երջանկությունը ու չենք գտնում պատասխանը կամ չի  բավարարում այդ  պատասխանը մեզ: Երջանկությունն այն է, որ այսօր ապրում ենք, որ նորից տեսնում ենք և զգում ենք արևի ջերմացնող շողերը մեզ վրա: Երջանկությունը մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար ու ոչ միայն մենք ենք երջանկանում, այլ երջանկացնում ենք մեզ սիրող և հարազատ մարդկանց:

Շատ հաճախ մենք մեզ երջանիկ մարդ ենք զգում, հաճախ էլ ոչ, որովհետև չգիտենք դրա արժեքը, քաղցրությունն ու կարևորությունը: Երջանկությունը գանձ է ... անգին մի գանձ: Երջանկության կարևոր մասն է կազմում նաև ընտանիքը: Երջանիկ ենք, որ ունենք հայր, մայր, քույր, եղբայր, ընտանիք, ընկերներ, փոխադարձ հարգանք և իրենց երջանկությամբ պարուրված ենք: Երջանկությունն այն է, երբ մեր հարազատների ու ընկերների մոտ ամեն ինչ լավ է, երբ անընդհատ ուզում ենք ժպտալ, երբ հաճույք ենք ստանում նրանից, ինչով զբաղվում ենք: Եվ վերջապես երջանկությունն այն է, երբ օգնում ենք մարդկանց և տեսնում ենք նրանց երջանիկ դեմքերը: Եվ անշուշտ երջանիկ է այն մարդը, ով տեսնում է Աստծո կողմից ստեղծված բոլոր հրաշալիքները և կարողանում է վայելել կյանքն իր լիությամբ։


Ի՞նչն է պատճառը, որ երբևէ չենք կարողանում պահպանել երջանկության զգացողությունը երկար ժամանակ: Հոգեբան Աբրահամ Մասլոուն դա բացատրում է նրանով, որ մարդն իր էությամբ «բողոքող» է, երբեմն նաև անշնորհակալ: Որևէ ցանկության կամ նպատակի հասնելուն պես, սովորաբար ասում է, որ այդպես էլ պիտի լիներ և անցնում նոր ձևավորվող նպատակի կամ պահանջմունքի բավարարման ուղիների որոնմանը: Այնինչ, պետք է կյանքում շնորհակալ լինել նրա համար, ինչ ունենք, այդ դեպքում երջանկությունն էլ հարատև կլինի, բացի այդ, հարկավոր է անընդհատ պահպանել ներքին հավասարակշռությունը, զերծ մնալ ներքին և արտաքին կոնֆլիկտներից:


***

Հոգեբան Հրաչյա Ամիրյանն ասում էԵթե երջանիկ լինելը մարդու նպատակն է, ապա գործ ենք ունենում հետևյալ հոգեբանական օրենքի հետ, որը գործում է ոչ միայն երջանկության, այլև ցանկացած նպատակի ձգտելու դեպքում: Օրենքն այս է` եթե դուք հստակ, տեսանելի, շոշափելի, լսելի, զգալի լինելու աստիճանի հստակությամբ չեք տեսնում-պատկերացնում այն, ինչ ցանկանում եք, ապա չեք ստանա ձեր ուզածը: Կամ, որ ավելի վատ է, կստանաք այն, ինչը չէիք ցանկանա ստանալ: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը հստակ պատկերացում չունի, թե իրականում ինքն ինչ է ցանկանում, ինչի է ձգտում հասնել: Հստակ նպատակներ չունենալով` մարդիկ առավել հաճախ ընդօրինակում են ուրիշներին: Բայց այդ ընդօրինակված, ուրիշներից փոխառնված նպատակները հաճախ միանգամայն խաբուսիկ են լինում, և իրականում հաջողության ու երջանկության բնավ չեն հասցնում: Արդյունքում լինում է հիասթափությունը, դառնությունը, իզուր և անիմաստ ապրված կյանքի զգացումը»:

Հոգեբանը նշում է․-«Վարպետին հարցրին. «Որքանո՞վ է ճիշտ այն ասույթը, որ երջանկությունը դրամի մեջ չէ»: Վերջինս պատասխանեց, որ այդ ասույթը լիովին ճշմարիտ է և դա հեշտ է ապացուցել: Քանզի դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քնել, կերակուր, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառաներ, բայց ոչ բարեկամներ, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, զվարճություններ, բայց ոչ ուրախություն, կրթություն, բայց ոչ խելք: Եվ այն, ինչ թվարկվեց, չի սպառում ցուցակը:

 Երջանկությունն ավելի կայուն և տևական զգացում է, որը կապված է մարդու ամբողջ կյանքից բավարարված լինելու հետ: Եթե մարդն իր կյանքից ընդհանուր առմամբ բավարարված չէ, ապա կարճատև ուրախությունները շուտով կանցնեն և անբավարավածության զգացումը կվերադառնա: Այլ կերպ ասած, երջանկությունը կախված է մարդու կյանքի բոլոր կողմերից, այն կապված է մարդու ինքնաիրացման հետ: Հետևաբար, երջանիկ լինելու համար մարդը պետք է իրացնի իր պոտենցիալ կարողությունները կյանքի բոլոր կողմերում, բոլոր հարցերում: Միայն այդ դեպքում երջանկության զգացումը կլինի կայուն և հարատև: Այս առումով մարդը լիովին երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե իրեն լիովին ռեալիզացնի իր կյանքի բոլոր կարևոր ասպեկտներով: Իրական կյանքում դրան հասնելը դժվար է, այդ պատճառով էլ երջանկության զգացումը երբեմն լինում է ուժեղ, երբեմն միջին ուժգնության, իսկ երբեմն էլ բացակայում է:

Մարդիկ երկու տեսակի նպատակներ են ունենում: Առաջին խումբն այն նպատակներն են, որոնք իսկապես այդ մարդունն են, նրա սրտից ու հոգուց են բխում: Եվ կան նպատակներ, որոնք մեզ ներշնչում են դրսից: Պարտադիր չէ, որ դրանք վատ նպատակներ լինեն: Մեր հարազատները, ընկերները, մասնագետները հաճախ են այդպիսի նպատակներ ներշնչում մեզ: Բայց մարդուն ուրախացնել, իսկապես երջանկացնել կարող են միայն մեր էությունից, մեր սրտից բխող նպատակները: Հարկավոր է այդ երկուսը տարբերել իրարից, այլապես մենք կարող ենք շատ ջանքեր թափել և հասնել մեր նպատակին, բայց պարզվի, որ դա ամենևին էլ այն չէր և մենք երջանիկ չենք զգա մեզ: Մի շատ հասարակ, բայց չափազանց արդյունավետ հոգեբանական հնար կա, որը թույլ է տալիս հստակորեն զանազանել մեր իրական նպատակները նրանցից, որոնք մերը չեն, դրսից են մեզ ներշնչվել: Սա ունիվերսալ հնար է և կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում, երբ մենք ընտրության առջև ենք կանգնում, երբ մտածում ենք' արժե՞ անել այսինչ բանը, թե՞ չարժե: Հնարը կոչվում է երևակայության զտիչ: Հարկավոր է աչքերը փակել և պատկերացնել, որ դուք արդեն արել եք դա: Մոտ 15 վայրկյան մնալ այդ վիճակում և հետևել, թե այդ ընթացքում ինչ զգացումներ էին առաջանում ձեզ մոտ: Եթե հանգստություն կամ դրական, հաճելի, զգացումներ էին առաջանում, ապա դա իսկապես ձերն է, ձեր սրտից ու հոգուց է բխում և անվարան հարկավոր է իրականացնել այդ ցանկությունը: Իսկ եթե աչքերը փակած վիճակում անհանգստություն, տագնապ կամ այլ բացասական, տհաճ զգացումներ էին առաջանում, կնշանակի դա ձերը չէ, չարժե դա իրականացնել և հետագայում զղջալ այդքան ջանքերի ու ծախսած ժամանակի համար»,ասում է հոգեբանը:

***

Հեմինգուեյն ասում է. «Երջանկությունը՝ ամուր առողջությունն է»։ Ձեր իսկ բարօրության համար հետևեք այս խորհրդին, ապրեք ավելի թեթև, անընդհատ մի մտածեք ապագայի մասին, դուք դրանով անտեսում եք  ներկան՝ արդեն իսկ ժամանակ կորցնելով: Դրա փոխարեն ապրեք ներկայով, պահով, ակնթարթով, արեք ներկայում այն, որի միջոցով ապագան կլինի ավելի բարեկեցիկ, «ձեր սրտով»:

Եղեք առողջ ու երջանիկ։