Ապրիլ 27, 2020 23:13 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ի շարս դրանց նաև գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։

 

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Հողը կը խօսի» ժողովածուն, որում ընդգրկված են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներառվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոքուրյանի և Ռուբեն Զարդարյանի գործերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ընդգծմամբ գիրքը 2015 թվականին հրատարակվել է չորս լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Գերմաներեն գիրքը լույս է տեսել նաև Գերմանիայում: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև այն ներկայացվել է Հալլեի քաղաքապետարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չորս լեզվով հրատարակված գիրքը ցուցադրվել է Մոսկվայում, Վիեննայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Ժնևում, Փարիզում և այլուր:

«Հայոց լեզվով գիրքը նոր ենք հրատարակել: Աշխատում էինք այն օտար լեզուներով  ներկայացնել՝ միջազգային հանրությանը ծանոթացնելով եղեռնազոհ գրողների ստեղծագործություններին: Այժմ մտածում ենք այն թարգմանել նաև այլ օտար լեզուներով»,-նշեց Միլիտոնյանը:

Գիրքը կազմել է Հայաստանի գրողների միությունը, այն լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը՝ Լեոնիդ Գոգորյանի աջակցությամբ։

Ծրագրի ղեկավարն ու խմբագիրն Էդվարդ Միլիտոնյանն է:

 

Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը, խնդիրները մշտապես արծարծվել և շոշափվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ստեղծված ու ստեղծվող գրականությունում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արևմտահայ գրականությունը Եղեռնից հետո հիմնականում շարունակվեց սփյուռքում, որի հիմնական թեման ցեղասպանությունն էր: Ցեղասպանությունից մազապուրծ գրողները, որոնք հաստատվել էին օտար երկրներում, գրում էին կորուսյալ հայրենիքի, կարոտի մասին վերլուծական, դատողական, աշխարհին դիմող նյութեր ու ստեղծագործություններ: Հետո եկավ մի սերունդ, որը ծնողներից էր լսում Հայոց ցեղասպանության մասին: Մի մասը գրում էր հայերեն, մյուս մասը՝ օտար լեզվով, հետո արդեն եկավ մեկ այլ սերունդ, որը տատերից, պապերից լսածն է գրում»,- նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ նման գրողներ են Վարուժան Ոսկանյանը, որը գրել է «Շշուկների մատյան» գիրքը,  «Ավազի ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանը և այլք:

Միլիտոնյանը շեշտեց, որ Խորհրդային Միության տարիներին Չարենցի, Իսահակյանի բանաստեղծություններն էին շոշափում Հայոց ցեղասպանության թեման: «Չարենցի ողբերգական մահից հետո Իսահակյանը և հետո Մահարին անդրադարձան հարցին: Նրանցից հետո՝ Շիրազը, Զարյանը, Սևակը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Ստեփան Ալաջաջյանը, Հրաչյա Քոչարը, հետո՝ Մուշեղ Գալշոյանը, Ռազմիկ Դավոյանը և այլք»,-ասաց գրողների միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը հավելեց, որ նրանց հետևել է նաև իրենց սերունդը՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելով և՛ պոեզիայում, և՛ արձակում: «Ղուկաս Սիրունյանը, ես, Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Վահագն Գրիգորյանը և այլք: Այս թեման գնալով նոր գույներ, նոր խորություններ  է ստանում: Ազգային նկարագրի, ազգային մտածողության մեջ Հայոց ցեղասպանության թեման վճռական է»,- եզրափակեց Միլիտոնյանը:

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ վեց տարի շարունակ մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:

Իր ձևաչափով միակը համարվող այս նախաձեռնության շրջանակում մինչև 18 տարեկան պատանի ստեղծագործողները բաժանվելով երկու տարիքային խմբերի՝ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելնելով ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի առկայությունից և ազատ տեղաշարժվելու սահմանափակումներից՝ այս տարի մրցույթի ձևաչափը փոփոխել և դարձել է առցանց մրցույթ-փառատոն՝ միրզոյանական տոն` բացառելով երեխաների մոտ լրացուցիչ ընկճվածության առաջացումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի քաջալերելու պատանի կոմպոզիտորներին անգամ այս օրերին՝ տալով նրանց հնարավորություն լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

Ելնելով ազատ տեղաշարժման սահմանափակումներից՝ երեխաներն իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել առցանց տարբերակով՝ տեսագրելով և պատրաստի տեսագրությունն ուղարկելով մրցույթի պաշտոնական էջին (ցանկալի է՝ բարձր որակի, վերջնական պատկերը՝ հորիզոնական ստացված): Կարելի է ներկայացնել ցանկացած մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ՝ առավելագույնը 3 գործիքի համար (անսամբլային ստեղծագործությունները կարելի է ձայնագրել նաև առանձին-առանձին՝ միացնելով դրանք տեսամոնտաժի միջոցով): Նախագծի կազմկոմիտեի կողմից կընտրվեն լավագույն ստեղծագործությունները և կպատրաստվի միասնական տեսանյութ, որը Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց երեք հարթակում, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության (ներառյալ՝ մրցույթի): Հրապարակված տեսանյութում ընդգրկված բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում՝ արտակարգ դրության ավարտից հետո:

 

«Ռե Անիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնը 2020-ին տեղի կունենա հոկտեմբերի 24-30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հետաքրքիր ու յուրօրինակ ֆիլմեր դիտել նաև վիրտուալ տիրույթում:

Արվեստասերներն ապրիլի 20-ից կարող են օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով:

Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում պրոֆեսիոնալ հյուրերը ներկայացնում են իրենց հարուստ փորձը:

Օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են  2019 թվականի հոկտեմբերին:

Երևանի «Ռե Անիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը 2008 թվականին  հիմնադրել  է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի ամենամեծ և իր տեսակով եզակի միջոցառում, «Ռե Անիմանիա»-ն անփոխարինելի դեր ունի Արևելքն ու Արևմուտքն իրար կապելու գործում:  Այն դառնում է ամենակարևոր փառատոներից մեկը, որն ստանում է  հազարավոր դիմումներ ամբողջ աշխարհից և արժանանում տասնյակ հազարավոր արվեստասերների ուշադրությանը:

Փառատոնը ներառում է ոչ կոմերցիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ընտրանի, մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Այն առաջարկում է տեղական և համաշխարհային արդյունաբերության ոլորտներում տաղանդավոր մարդկանց կողմից անցկացվող գործնական սեմինարներ, վարպետաց դասեր և դասախոսություններ:

 

 

«Տուր Ստատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆիլհարմոնիաների վարկանիշը՝ ըստ համերգներ այցելելու և դրանց կայքերում և սոցիալական ցանցերում դասական համերգների առցանց հեռարձակման ցուցանիշի, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան զբաղեցրել է 6-րդ տեղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարկանիշում առաջին երեք տեղերը ցբաղեցրել են Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիան, Սանկտ Պետերբուրգի Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիան և Բելառուսի պետական ֆիլհարմոնիան։

 

 

Ապրիլի 22-ին առցանց աճուրդի կդրվեն Վլադիմիր Վիսոցկու երգերի ձայնագրությամբ եւ նրա ստորագրությամբ առաջին պաշտոնական հրատարակությունը, ինչպես նաեւ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ստորագրությունը՝ «Հայելի» եւ «Սոլյարիս» ֆիլմերի սցենարների տեսարաններով, հայտնում է «ՄԿ»-ն:

Նշվում է, որ աճուրդը տեղի է ունենալու երկու մասով: Աճուրդում վաճառվելու են նաեւ Աննա Ախմատովայի եւ Սոֆի Լորենի եզակի լուսանկարները, հայտնում է «12-րդ աթոռ» աճուրդի տունը:

«Երկրորդ մասի թոփ լոտերի թվում են Անդրեյ Տարկովսկու ստորագրությունները եւ «Հայելի» ու «Սոլյարիս» ֆիլմերի նկարահանումներից օրիգինալ լուսանկարներ, Վլադիմիր Վիսոցկու կատարմամբ երգերի ձայնագրության առաջին պաշտոնական հրատարակությունը՝ բարդի ստորագրությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աճուրդին ներկայացված Տարկովսկու աշխատանքային նյութերը «Հայելի» ֆիլմի սցենարից երեք տեսարան են՝ ռեժիսորական շտկումներով («Սպասում» տեսարանի ավարտը, «Կամուրջ» եւ «Տան մոտ» տեսարանները): Մեկնարկային գինը 120 հազար ռուբլի է: Նշվում է, որ տեսարանները նկարահանվել են, բայց կինոնկարի մեջ չեն մտել: Դերասան Դոնատաս Բանիոնիսի հետ ռեժիսորի լուսանկարները «Սոլյարիսի» նկարահանումների ժամանակ եւ ռեժիսորի ստորագրությամբ նույնպես 120 հազար ռուբլի է գնահատվել:

Վլադիմիր Վիսոցկու կատարմամբ երգերի ձայնագրության առաջին պաշտոնական հրատարակությունը նրա ստորագրությամբ է. «Դոբրա / 4 XI-1965 թ. / Վիսոցկի»: Հրատարակման շապիկում 6 ճկուն սկավառակ է: «Կրուգոզորի» 6-րդ համարում ռեպորտաժ էր հրապարակվել «10 օր, որոնք աշխարհը ցնցեցին» ներկայացման վերաբերյալ, որտեղ հնչում է Վիսոցկու կատարմամբ «Նավաստու երգը»:

 

 

Ամերիկյան Casumo ընկերությունը հաշվել է, թե հոլիվուդյան աստղերը մեկ բառի համար որքան հոնորար են ստանում։ kulturomania.ru կայքը, հղում անելով Cinema Blend-ին, գրում է, որ կադրում տեքստի համար ամենաշատը ստանում է Թոմ Կրուզը։ Մեկ բառի համար նա ստանում է 7000 դոլար։

Նրա բարձր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ դերասանը հաճախ հրաժարվում է աշխատանքի համար ֆիքսված դրույքաչափից, այլ գերադասում է տոմսարկղային եկամուտներից վերցնել տոկոս:

Երկրորդ տեղում է Կուրտ Ռասելը։ Նրա արտասանած բառը կադրում արժի 5,6 հազար դոլար։ Ջոնի Դեպը մեկ բառի համար ստանում է 4,8 հազար դոլար։